ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 14
«Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»
«Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (ՀՈՎՀ. 13։35)։
ԵՐԳ 106 Սեր դրսևորենք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ի՞նչն է տպավորում շատ մարդկանց, երբ հաճախում են մեր հանդիպումներին (տես նաև նկարը)։
ՆԿԱՏԻ առնենք հետևյալ իրավիճակը։ Մի ամուսնական զույգ առաջին անգամ գալիս է Եհովայի վկաների Թագավորության սրահ։ Նրանց վրա մեծ տպավորություն են թողնում ներկաների ջերմ ընդունելությունը և միմյանց հանդեպ դրսևորած սերը։ Ժողովի հանդիպումից հետո տուն վերադառնալիս կինը ամուսնուն ասում է. «Եհովայի վկաները իրոք տարբերվում են մյուսներից»։
2. Ինչո՞ւ են ոմանք թողել Եհովային։
2 Քրիստոնեական ժողովում տիրող սերը իսկապես տպավորիչ է։ Սակայն Եհովայի վկաներն էլ մյուս մարդկանց պես անկատար են (1 Հովհ. 1։8)։ Ուստի որքան մոտիկից ճանաչենք նրանց, այնքան ավելի շատ կտեսնենք նրանց թերությունները (Հռոմ. 3։23)։ Ցավոք, այդ թերությունները տեսնելով՝ ոմանք թողել են Եհովային։
3. Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանը (Հովհաննես 13։34, 35)։
3 Եկեք ևս մեկ անգամ ուշադրություն դարձնենք բնաբանի խոսքերին (կարդա Հովհաննես 13։34, 35)։ Ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանը ոչ թե կատարելությունն է, այլ սերը։ Նաև նկատի առնենք, որ Հիսուսը ոչ թե ասաց՝ «Սրանով դուք կիմանաք, որ իմ աշակերտներն եք», այլ ասաց՝ «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։ Հիսուսն ուզում էր ասել, որ թե՛ Եհովայի վկաները, թե՛ մյուս մարդիկ պետք է տեսնեն, որ ճշմարիտ քրիստոնյաները անձնազոհ սեր են դրսևորում միմյանց հանդեպ։
4. Ի՞նչ հարցեր գուցե հետաքրքրեն ոմանց։
4 Որոշ մարդիկ, ովքեր Եհովայի վկա չեն, գուցե հարցնեն. «Ինչպիսի՞ սերն է բնորոշում ճշմարիտ քրիստոնյաներին։ Ինչպե՞ս Հիսուսը սեր դրսևորեց իր առաքյալների հանդեպ։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին»։ Այս հարցերի պատասխաններն իմանալով և դրանց շուրջ խորհրդածելով՝ լիարժեք կերպով քրիստոնեական սեր կդրսևորենք, հատկապես երբ բախվենք միմյանց թերություններին (Եփես. 5։2)։
ԻՆՉՊԻՍԻ՞ ՍԵՐՆ Է ԲՆՈՐՈՇՈՒՄ ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ
5. Բացատրիր Հովհաննես 15։12, 13 համարներում գրված Հիսուսի խոսքերի նշանակությունը։
5 Հիսուսը հստակ ցույց տվեց, որ իր հետևորդները պետք է յուրահատուկ ձևով սիրեն միմյանց (կարդա Հովհաննես 15։12, 13)։ Նկատի առնենք, թե նա ինչ պատվեր տվեց՝ ասելով. «Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Հիսուսը բացատրեց, որ խոսքը անձնազոհ սիրո մասին է, այնպիսի սիրո, որը մղելու էր քրիստոնյային անհրաժեշտության դեպքում նույնիսկ մահանալ հավատակցի համար։ b
6. Ինչպե՞ս է Աստծու Խոսքը ընդգծում սիրո կարևորությունը։
6 Աստծու Խոսքում ընդգծվում է սիրո կարևորությունը։ Շատ մարդկանց սիրած աստվածաշնչյան համարների թվում են 1 Հովհաննես 4։8-ը՝ «Աստված սեր է», Մատթեոս 22։39-ը՝ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես», 1 Պետրոս 4։8-ը՝ «Սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» և 1 Կորնթացիներ 13։8-ը՝ «Սերը երբեք չի վերջանում»։ Այս և նմանատիպ այլ համարներ հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր է դրսևորել այդ գեղեցիկ հատկությունը՝ սերը։
7. Ինչո՞ւ Սատանային երբեք չի հաջողվի ստեղծել անկեղծ սիրով միավորված մարդկանց խումբ։
7 Շատերը հարցնում են. «Ինչպե՞ս իմանալ, թե որն է ճշմարիտ կրոնը։ Բոլոր կրոններն էլ պնդում են, թե ճշմարտությունն են սովորեցնում, բայց ամեն մեկը Աստծուն յուրովի է ներկայացնում»։ Սատանան բազմաթիվ կեղծ կրոնական կազմակերպություններ է ստեղծել, ինչի հետևանքով մարդիկ դժվարանում են գտնել ճշմարիտ կրոնը։ Բայց նրան երբեք չի հաջողվի ստեղծել մի համաշխարհային քրիստոնեական եղբայրություն, որի անդամները կսիրեն միմյանց։ Միայն Եհովան կարող է դա անել. չէ՞ որ իսկական սիրո աղբյուրը Եհովան է։ Միմյանց հանդեպ իսկական սեր կարող են դրսևորել միայն նրանք, ովքեր ունեն Եհովայի ոգին և օրհնությունը (1 Հովհ. 4։7)։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշելու է անկեղծ սերը։
8-9. Եհովայի վկաների միջև տիրող սերը ի՞նչ ազդեցություն է ունեցել շատերի վրա։
8 Ինչպես և Հիսուսը մարգարեացել էր, այսօր ճշմարիտ քրիստոնյաները հայտնի են միմյանց հանդեպ ունեցած անկեղծ սիրով։ Յան անունով մի եղբայր հիշում է առաջին համաժողովը, որին ներկա է եղել։ Այն տեղի էր ունեցել իր տան մոտակայքում գտնվող մարզադաշտում։ Համաժողովից մի քանի ամիս առաջ Յանը այդ նույն մարզադաշտում ֆուտբոլ էր դիտել։ Նա ասում է. «Երբ գնացի համաժողով, շատ զարմացա. Եհովայի վկաները քաղաքավարի էին, գեղեցիկ տեսք ունեին, նրանց երեխաները դաստիարակված էին։ Նկատեցի, որ այդ մարդիկ բավարարվածության զգացում ունեն և խաղաղ են, բաներ, որոնց ես էլ էի ձգտում։ Այդ օրվա ելույթներից ոչինչ չեմ հիշում, բայց անչափ տպավորվել էի Վկաների վարքով»։ c Նման վարքը, ինչ խոսք, իսկական սիրո արդյունք է։ Մենք սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին, դրա համար բարությամբ ու հարգանքով ենք վերաբերվում նրանց։
9 Ջոն անունով մի եղբայր պատմում է, թե ինչ զգացումներ է ունեցել, երբ սկսել է հաճախել ժողովի հանդիպումներին. «Տպավորվել էի՝ տեսնելով յուրաքանչյուրի բարյացակամությունն ու բարձր բարոյականությունը. նրանք կարծես սրբեր լինեին։ Տեսնելով նրանց միջև տիրող անկեղծ սերը՝ համոզվեցի, որ գտել եմ ճշմարիտ կրոնը»։ d Նմանատիպ օրինակները ևս մեկ անգամ փաստում են, որ Եհովայի ծառաները ճշմարիտ քրիստոնյաներն են։
10. Հատկապես ե՞րբ է առիթ ստեղծվում փաստելու, որ քրիստոնեական սեր ենք դրսևորում (տես նաև ծանոթագրությունը)։
10 Ինչպես նշեցինք նախաբանում, մեր հավատակիցները կատարյալ չեն։ Երբեմն նրանք իրենց խոսքով կամ պահվածքով վիրավորում են մեզ (Հակ. 3։2)։ e Հատկապես նման իրավիճակներում մեր արձագանքից կարող է երևալ, թե արդյոք քրիստոնեական սեր ենք դրսևորում։ Այս հարցում ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից (Հովհ. 13։15)։
ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՍՈՒՍԸ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԻՐ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
11. Ի՞նչ վատ հատկություններ դրսևորեցին Հակոբոսն ու Հովհաննեսը (տես նաև նկարը)։
11 Հիսուսը իր հետևորդներից կատարելություն չէր ակնկալում։ Փոխարենը՝ սիրով օգնում էր նրանց շտկել իրենց բնավորության վատ գծերը, որպեսզի արժանանային Եհովայի հավանությանը։ Մի անգամ նրա առաքյալներից երկուսը՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, ասացին իրենց մորը, որ Հիսուսից իրենց համար Թագավորության մեջ բարձր դիրք խնդրի (Մատթ. 20։20, 21)։ Այդպիսով Հակոբոսն ու Հովհաննեսը հպարտություն և փառասիրություն դրսևորեցին (Առակ. 16։18)։
12. Արդյո՞ք միայն Հակոբոսն ու Հովհաննեսը վատ հատկություններ դրսևորեցին։ Բացատրիր։
12 Այդ իրավիճակում միայն Հակոբոսն ու Հովհաննեսը չէ, որ վատ հատկություններ դրսևորեցին։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես արձագանքեցին մյուս առաքյալները. «Երբ մնացած տասը լսեցին այդ մասին, վրդովվեցին երկու եղբայրների վրա» (Մատթ. 20։24)։ Կարելի է պատկերացնել, թե ինչ թեժ վիճաբանություն սկսվեց Հովհաննեսի, Հակոբոսի և մյուս առաքյալների միջև։ Թերևս մյուս առաքյալները հետևյալն էին ասում. «Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել։ Կարծում եք մեզանից ավելի լա՞վն եք, որ Թագավորության մեջ բարձր դիրք եք ուզում։ Մի՞թե միայն դուք եք Հիսուսի հետ տքնաջան աշխատել։ Մենք էլ ենք արժանի հատուկ դիրքի»։ Ինչ էլ որ առաքյալները մտածած կամ ասած լինեին, նրանք ժամանակավորապես թույլ տվեցին, որ ստեղծված իրավիճակը թուլացնի իրենց եղբայրական ջերմ կապվածությունը։
13. Հիսուսն ինչպե՞ս արձագանքեց՝ տեսնելով առաքյալների սխալները (Մատթեոս 20։25-28)։
13 Ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց ստեղծված իրավիճակին։ Նա չբարկացավ ու չասաց, որ ավելի լավ առաքյալներ կգտնի, ովքեր ավելի խոնարհ կլինեն և միշտ միմյանց հանդեպ սիրով կվարվեն։ Փոխարենը՝ նա համբերատար կերպով օգնեց առաքյալներին տրամաբանել, քանի որ գիտեր, որ նրանք անկեղծ սիրտ ունեն և ուզում են ճիշտն անել (կարդա Մատթեոս 20։25-28)։ Նա շարունակեց սիրով վարվել նրանց հետ, թեև դա ո՛չ առաջին՛, ո՛չ էլ վերջին անգամն էր, որ առաքյալները վիճում էին, թե ով է իրենցից ավելի մեծ (Մարկ. 9։34; Ղուկ. 22։24)։
14. Ինչպիսի՞ միջավայրում էին մեծացել Հիսուսի առաքյալները։
14 Անկասկած, Հիսուսը հաշվի առավ առաքյալների անցյալը (Հովհ. 2։24, 25)։ Նրանք մեծացել էին այնպիսի միջավայրում, որտեղ կրոնական առաջնորդները մեծ տեղ էին տալիս հասարակության մեջ մարդու ունեցած դիրքին (Մատթ. 23։6; տես «Ժողովարան. վայր, որտեղ քարոզել են Հիսուսն ու իր աշակերտները» հոդվածը «Դիտարանի» 2010 թ. ապրիլի 1-ի համարում, էջ 16-18)։ Բացի այդ՝ հրեա կրոնական առաջնորդները կարծում էին, որ իրենք մյուսներից ավելի լավն են (Ղուկ. 18։9-12)։ f Հիսուսը հասկանում էր, որ նման միջավայրը կարող էր ձևավորել առաքյալների կարծիքը միմյանց և ուրիշների վերաբերյալ (Առակ. 19։11)։ Նա իրատես էր իր ակնկալիքներում և հունից դուրս չէր գալիս, երբ նրանք սխալներ էին գործում։ Հիսուսը գիտեր, որ իր առաքյալները լավ սիրտ ունեն, և համբերատար կերպով նրանց օգնում էր հպարտության ու փառատենչության փոխարեն սեր զարգացնել։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ
15. Ի՞նչ ենք սովորում Հակոբոսի և Հովհաննեսի հետ տեղի ունեցած դեպքից։
15 Մենք շատ բան կարող ենք սովորել Հակոբոսի և Հովհաննեսի հետ տեղի ունեցած դեպքից։ Ինչ խոսք, նրանք սխալ վարվեցին, երբ Թագավորության մեջ բարձր դիրք խնդրեցին։ Բայց սխալ վարվեցին նաև մյուս առաքյալները, երբ թույլ տվեցին, որ ստեղծված իրավիճակը խաթարի իրենց միասնությունը։ Սակայն Հիսուսը 12 առաքյալների հետ բարությամբ և սիրով վարվեց։ Ի՞նչ կարող ենք սովորել։ Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են անում ուրիշ մարդիկ, այլ նաև այն, թե ինչպես ենք մենք արձագանքում նրանց սխալներին։ Ի՞նչը կօգնի մեզ։ Երբ նեղվում ենք մեր հավատակցից, կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչո՞ւ է նրա արածը այդքան ազդում ինձ վրա։ Գուցե պատճառն այն է, որ ինչ-որ բացասական հատկությո՞ւն ունեմ, որի վրա պետք է աշխատեմ, կամ գուցե ինձ վիրավորողը ինչ-որ դժվարության միջո՞վ է անցնում։ Նույնիսկ եթե վիրավորվելու արդարացի պատճառ ունեմ, կարո՞ղ եմ անձնազոհ սեր դրսևորել և անտեսել նրա սխալը»։ Եթե միմյանց հետ սիրով վարվենք, կփաստենք, որ Հիսուսի ճշմարիտ հետևորդներն ենք։
16. Ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից։
16 Հիսուսի օրինակից նաև սովորում ենք, որ պետք է ըմբռնումով մոտենանք մեր հավատակիցներին (Առակ. 20։5)։ Ինչ խոսք, մենք չենք կարող սրտեր կարդալ, ինչպես որ Հիսուսն էր անում, բայց կարող ենք անտեսել մեր եղբայրների ու քույրերի թերացումները (Եփես. 4։1, 2; 1 Պետ. 3։8)։ Այդպես վարվելը ավելի հեշտ կլինի, եթե լավ ճանաչենք նրանց։ Քննենք մի օրինակ։
17. Ի՞նչ լավ արդյունք եղավ, երբ մի շրջանային վերակացու փորձեց ավելի լավ ճանաչել իր հավատակցին։
17 Արևելյան Աֆրիկայում ծառայող մի շրջանային վերակացու պատմում է, որ մի եղբայր կար, ով, իր կարծիքով, շատ կոպիտ անձնավորություն էր։ Տեսնենք, թե շրջանային վերակացուն ինչպես վարվեց։ Նա ասում է. «Այդ եղբորից խուսափելու փոխարեն որոշեցի ավելի լավ ճանաչել նրան»։ Այդպիսով շրջանային վերակացուն եղբոր անցյալի մասին բաներ իմացավ, որոնք ձևավորել էին նրա էությունը։ Նա շարունակում է. «Երբ հասկացա, թե նրա համար որքան դժվար է եղել բնավորության մեջ փոփոխություններ անելը, և թե ինչեր է նա արդեն իսկ փոխել, սկսեցի հիանալ նրանով։ Մենք լավ ընկերներ դարձանք»։ Իսկապես, երբ փորձում ենք հասկանալ մեր եղբայրներին ու քույրերին, հաճախ ավելի հեշտ է լինում սեր ցուցաբերել նրանց հանդեպ։
18. Եթե վիրավորվել ենք մեր հավատակցից, ո՞ր հարցերի շուրջ արժե մտածել (Առակներ 26։20)։
18 Որոշ դեպքերում գուցե ցանկանանք խոսել մեզ վիրավորող հավատակցի հետ։ Բայց նախքան խոսելը լավ կլինի մտածել հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք տեղյակ եմ բոլոր փաստերին (Առակ. 18։13)։ Գուցե նա ինձ վիրավորելու մտադրություն չի՞ ունեցել (Ժող. 7։20)։ Ես նմանատիպ սխալ երբևէ չե՞մ արել (Ժող. 7։21, 22)։ Նրա հետ խոսելով՝ իրավիճակը ավելի չե՞մ բարդացնի» (կարդա Առակներ 26։20)։ Եթե ժամանակ տրամադրենք և խորհրդածենք այս հարցերի շուրջ, գուցե գանք այն եզրակացության, որ մեր եղբոր հանդեպ սիրուց մղված՝ կարող ենք պարզապես անտեսել վիրավորանքը։
19. Ի՞նչ ես վճռել անել։
19 Որպես խումբ՝ Եհովայի վկաները փաստում են, որ Հիսուսի ճշմարիտ աշակերտներն են։ Մեզանից յուրաքանչյուրը նույնպես փաստում է դա, երբ անձնազոհ սեր է ցուցաբերում իր եղբայրների ու քույրերի հանդեպ՝ չնայած նրանց անկատարությանը։ Այդպես վարվելով՝ մենք նաև օգնում ենք մարդկանց ճանաչել ճշմարիտ կրոնը և մեզ հետ միասին պաշտել սիրո Աղբյուրին՝ Եհովային։ Եկեք վճռենք շարունակ դրսևորել ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ հատկությունը՝ սերը։
ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»
a Շատերը, տեսնելով մեր մեջ տիրող անկեղծ սերը, ցանկանում են ավելին իմանալ Եհովայի և նրա Խոսքի մասին։ Բայց քանի որ անկատար ենք, երբեմն գուցե դժվարանանք սեր ցուցաբերել մեր հավատակիցների հանդեպ։ Տեսնենք, թե սեր ցուցաբերելը ինչու է կարևոր, և թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսին, երբ բախվում ենք միմյանց թերություններին։
c Տես «Վերջապես կյանքս իմաստով է լցվել» հոդվածը «Դիտարանի» 2012 թ. նոյեմբերի 1-ի համարում (էջ 13-14)։
d Տես «Կյանքս հրաշալի էր թվում» հոդվածը «Դիտարանի» 2012 թ.մայիսի 1-ի համարում (էջ 18-19)։
e Խոսքը չի վերաբերում այնպիսի լուրջ մեղքերին, ինչպիսիք նշված են 1 Կորնթացիներ 6։9, 10 համարներում։ Նման դեպքերում անհրաժեշտ է երեցների միջամտությունը։
f Ըստ մի աղբյուրի՝ ռաբբիներից մեկը հետևյալն է ասել. «Աշխարհում Աբրահամի պես արդար առնվազն երեսուն մարդ կա։ Եթե դա այդպես է, նրանցից երկուսը ես ու որդիս ենք։ Եթե տասը արդար կա, նրանցից երկուսը ես ու որդիս ենք։ Եթե հինգ, նրանցից երկուսը ես ու որդիս ենք։ Եթե երկու, դա ես ու որդիս ենք։ Բայց եթե ընդամենը մեկ արդար մարդ կա, դա ես եմ»։