ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 13
Ստեղծագործության միջոցով ձեր երեխաներին սովորեցրեք Եհովայի մասին
«Ո՞վ է ստեղծել այս ամենը» (ԵՍ. 40։26)։
ԵՐԳ 11 Ստեղծագործությունը գովաբանում է Աստծուն
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ո՞րն է ծնողների ցանկությունը։
ՍԻՐԵԼԻ՛ ծնողներ, մենք գիտենք, որ ուզում եք օգնել ձեր երեխաներին, որ ճանաչեն ու սիրեն Եհովային։ Բայց քանի որ Աստված անտեսանելի է, ինչպե՞ս կարող եք օգնել նրանց տեսնել, որ նա իրական Անձնավորություն է, և մտերմանան նրա հետ (Հակ. 4։8)։
2. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին սովորել Եհովայի հատկությունների մասին։
2 Ինչ խոսք, որպեսզի երեխաները մտերմանան Եհովայի հետ, ծնողները պետք է նրանց Աստվածաշունչ ուսուցանեն (2 Տիմոթ. 3։14-17)։ Բայց Աստծու Խոսքից իմանում ենք, որ Եհովայի մասին սովորեցնելու մեկ այլ կերպ էլ կա։ «Առակներ» գրքում հայրը որդուն հորդորում է միշտ հիշել Եհովայի հատկությունների մասին, որոնք հստակ երևում են ստեղծագործության մեջ (Առակ. 3։19-21)։ Հոդվածից կիմանանք, թե ծնողներն ինչպես կարող են ստեղծագործության միջոցով օգնել իրենց երեխաներին ճանաչել Եհովային։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
3. Ծնողները ո՞ր հարցում պետք է օգնեն իրենց երեխաներին։
3 Աստվածաշունչն ասում է, որ Աստծու «անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմ. 1։20)։ Սիրելի՛ ծնողներ, թերևս սիրում եք ձեր երեխաների հետ դրսում ժամանակ անցկացնել։ Առիթն օգտագործեք, որ օգնեք նրանց «ստեղծված բաների» միջոցով տեսնել Եհովայի զարմանահրաշ հատկությունները։ Քննենք, թե այս հարցում ծնողներն ինչ կարող են սովորել Հիսուսից։
4. Հիսուսն ինչպե՞ս ստեղծագործության միջոցով ուսուցանեց իր աշակերտներին (Ղուկաս 12։24, 27-30)։
4 Տեսնենք, թե ինչպես էր Հիսուսը սովորեցնում ստեղծագործության միջոցով։ Մի անգամ նա իր աշակերտների ուշադրությունը հրավիրեց ագռավների և դաշտի շուշանների վրա (կարդա Ղուկաս 12։24, 27-30)։ Հիսուսը կարող էր խոսել ցանկացած կենդանու կամ բույսի մասին, բայց նա խոսեց հենց այն թռչնի և ծաղկի մասին, որ քաջ ծանոթ էին իր աշակերտներին։ Թերևս այդ պահին աշակերտների տեսադաշտում ագռավներ և ծաղկած շուշաններ կային, և խոսելիս Հիսուսը հավանաբար մատնացույց էր անում դրանց։ Այդ օրինակները բերելուց հետո Հիսուսն իր երկնային Հոր առատաձեռնության և բարության մասին մի ազդեցիկ դաս սովորեցրեց. Եհովան իր հավատարիմ ծառաներին միշտ կապահովի հագուստով ու սննդով, ինչպես դա անում է ագռավների և դաշտի շուշանների դեպքում։
5. Հատկապես ո՞ր ստեղծագործությունների միջոցով ծնողները կարող են իրենց երեխաներին սովորեցնել Եհովայի մասին։
5 Ծնողնե՛ր, ուսուցանելիս ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Հիսուսին։ Ձեր երեխաներին ասեք, թե ստեղծագործության մեջ ինչն է ձեզ դուր գալիս, օրինակ, թե որն է ձեր սիրած կենդանին կամ բույսը։ Նաև մի՛ մոռացեք ընդգծել, թե ինչ է այն բացահայտում Եհովայի մասին։ Այնուհետև ձեր երեխային հարցրեք, թե որն է նրա սիրած կենդանին կամ բույսը։ Եթե նրա սիրած ստեղծագործություններից խոսեք, հավանաբար նա ավելի հակված կլինի սովորել Եհովայի հատկությունների մասին։
6. Ի՞նչ ենք սովորում Քրիստոֆերի մոր օրինակից։
6 Արդյո՞ք ծնողները պետք է շատ ժամանակ տրամադրեն, որ խորությամբ ուսումնասիրեն որևէ բույս կամ կենդանի, որպեսզի իրենց երեխային ցույց տան, թե ինչ է այն սովորեցնում Եհովայի մասին։ Պարտադիր չէ։ Հիսուսը երկար-բարակ չբացատրեց, թե ինչպես են ագռավները սնվում և շուշանները աճում։ Հնարավոր է՝ բնության մասին խոր քննարկումները դուր գան ձեր երեխային, բայց գլխավոր միտքը հասկանալու համար հաճախ կարճ բացատրությունը կամ մեկ հարցը բավական է։ Նկատի առնենք, թե Քրիստոֆեր անունով մի եղբայր ինչ է հիշում իր մանկությունից։ Նա պատմում է. «Մայրս պարզ օրինակներով օգնում էր մեզ գնահատել բնությունը։ Օրինակ, երբ լեռների կողքով էինք անցնում, նա ասում էր. «Տեսե՛ք, թե ինչ հսկա ու գեղեցիկ լեռներ են։ Իրոք որ, Եհովան հրաշալի Արարիչ է»։ Իսկ երբ օվկիանոսի մոտ էինք լինում, նա ասում էր. «Նայե՛ք այս հուժկու ալիքներին։ Եհովան մեծ զորություն ունի»»։ Քրիստոֆերն ասում է. «Այդ պարզ, բայց մտածելու տեղիք տվող խոսքերը մեծ ազդեցություն ունեցան մեզ վրա»։
7. Ինչպե՞ս կարող եք սովորեցնել ձեր երեխաներին խորհրդածել ստեղծագործության շուրջ։
7 Ձեր երեխաների մեծանալուն զուգահեռ օգնեք նրանց խորհրդածել ստեղծագործությունների շուրջ և հասկանալ, թե ինչ են դրանք սովորեցնում Եհովայի հատկությունների մասին։ Նրանց ուշադրությունը հրավիրեք Եհովայի ստեղծագործություններից մեկի վրա և հարցրեք. «Ի՞նչ է սա սովորեցնում Եհովայի մասին»։ Նրանց պատասխանները գուցե զարմացնեն ձեզ (Մատթ. 21։16)։
Ե՞ՐԲ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
8. Ի՞նչ կարող էին անել իսրայելացի ծնողները, երբ քայլում էին «ճանապարհով»։
8 Իսրայելացի ծնողներին հորդոր էր տրվում, որ իրենց երեխաներին սովորեցնեին Եհովայի պատվիրանները, երբ քայլում էին «ճանապարհով» (2 Օրենք 11։19)։ Այդ ճանապարհներն անցնում էին այնպիսի վայրերով, որտեղ կարելի էր տեսնել բազմաթիվ կենդանիներ, թռչուններ և ծաղիկներ։ Ուստի երբ իսրայելացիները ճանապարհորդում էին, ծնողները կարող էին իրենց երեխաների ուշադրությունը հրավիրել Եհովայի ձեռքի գործերի վրա։ Սիրելի՛ ծնողներ, թերևս դուք էլ նմանատիպ առիթներ ունեք։ Տեսնենք, թե ինչպես են որոշ ծնողներ ստեղծագործության միջոցով սովորեցրել իրենց երեխաներին։
9. Ի՞նչ կարող ենք սովորել Փունիտայի և Կատյայի օրինակից։
9 Փունիտա անունով մի մայր, ով ապրում է Հնդկաստանի մեծ քաղաքներից մեկում, ասում է. «Երբ գնում ենք գյուղ՝ մեր հարազատներին այցելելու, առիթն օգտագործում ենք, որ օգնենք մեր երեխաներին ավելին իմանալ Եհովայի զարմանահրաշ ստեղծագործությունների մասին։ Կարծում եմ՝ երեխաներս ավելի լավ են հասկանում Եհովայի ձեռքի գործերը, երբ հեռու ենք լինում քաղաքի բազմամարդ փողոցներից ու խցանումներից»։ Սիրելի՛ ծնողներ, բնության գրկում անցկացրած այդ հիանալի պահերը անջնջելի հետք կարող են թողնել ձեր երեխաների մտքում։ Տեսնենք, թե ինչ է ասում Մոլդովայում ապրող մի քույր, ում անունը Կատյա է. «Իմ մանկության ամենավառ հուշերը կապված են ընտանիքով բնության գրկում անցկացրած պահերի հետ։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ փոքր տարիքից սովորեցրել են ուշադրություն դարձնել Եհովայի ձեռքի գործերին և դրանց մեջ տեսնել Արարչին»։
10. Ի՞նչ կարող են անել ծնողները, եթե քաղաքից դուրս գնալու հնարավորություն չկա (տես « Աջակցություն ծնողներին» շրջանակը)։
10 Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե քաղաքից դուրս գնալու հնարավորություն չկա։ Ամոլը, ով ապրում է Հնդկաստանում, ասում է. «Մեր բնակավայրում ծնողները ստիպված են երկար աշխատել, իսկ քաղաքից դուրս գնալը թանկ հաճույք է։ Բայց կարելի է այգիներում ու հարթ տանիքների վրա զմայլվել ստեղծագործությամբ և խոսել Եհովայի հատկությունների մասին»։ Եթե դիտունակ լինեք, ձեր տան մոտակայքում էլ կգտնեք ստեղծագործություններ, որոնց վրա կարող եք հրավիրել ձեր երեխաների ուշադրությունը, օրինակ՝ թռչուններ, միջատներ և բույսեր (Սաղ. 104։24)։ Կարինան, ով ապրում է Գերմանիայում, ասում է. «Մայրիկս ծաղիկներ է սիրում։ Ուստի երբ փոքր էի, զբոսնելիս նա իմ ուշադրությունը միշտ գեղեցիկ ծաղիկների վրա էր հրավիրում»։ Ծնողները կարող են նաև օգտվել ստեղծագործության վերաբերյալ այն բազմաթիվ տեսանյութերից և հրատարակություններից, որոնք մեր կազմակերպությունը հրատարակել է երեխաներին կրթելու համար։ Անկախ նրանից, թե որտեղ եք ապրում՝ ձեր երեխաների ուշադրությունը հրավիրեք Աստծու ձեռքի գործերի վրա։ Այժմ քննենք Եհովայի հատկություններից մի քանիսը, որոնց մասին կարող եք խոսել ձեր երեխաների հետ։
ԵՀՈՎԱՅԻ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.... ՀՍՏԱԿ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ»
11. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին բացահայտել Եհովայի սերը։
11 Որպեսզի օգնեք ձեր երեխաներին տեսնել Եհովայի սերը, նրանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե ինչպես են շատ կենդանիներ հոգ տանում իրենց ձագերին (Մատթ. 23։37)։ Նրանց հետ խոսեք նաև այն մասին, թե որքան բազմազան են Եհովայի ստեղծագործությունները։ Կարինան, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Զբոսնելիս մայրս իմ ուշադրությունը հրավիրում էր այն բանի վրա, որ յուրաքանչյուր ծաղիկ առանձնահատուկ է, և որ ծաղիկների գեղեցկությունը արտացոլում է Եհովայի սերը։ Տարիներ անց էլ ես անտարբեր չեմ անցնում ծաղիկների կողքով և հիանում եմ դրանց բազմազանությամբ և գույներով։ Ծաղիկները ինձ հիշեցնում են, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ»։
12. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին տեսնել Աստծու իմաստությունը (Սաղմոս 139։14; տես նաև նկարը)։
12 Օգնեք երեխաներին տեսնել Աստծու իմաստությունը։ Եհովան շատ ավելի իմաստուն է, քան մենք (Հռոմ. 11։33)։ Օրինակ՝ կարող եք ձեր երեխային բացատրել, թե ինչպես է ջուրը գոլորշիանալով ամպ դառնում և հեշտությամբ մի տեղից մյուսը տեղաշարժվում (Հոբ 38։36, 37)։ Կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչ զարմանալի կերպով է ստեղծված մարդու մարմինը (կարդա Սաղմոս 139։14)։ Վլադիմիր անունով մի հայր պատմում է. «Մի օր մեր որդին ընկել էր հեծանիվից և վնասվածք ստացել։ Բայց մի քանի օրից նրա վերքը լավացավ։ Մենք նրան բացատրեցինք, որ Եհովան մեր մարմինը ստեղծել է ինքնուրույն վերականգնվելու հատկությամբ։ Իսկ մարդկանց ստեղծած բաները այդպիսի հատկություն չունեն։ Օրինակ՝ ավտոմեքենան վթարից հետո ինքնուրույն չի վերականգնվում։ Այս օրինակը օգնեց մեր որդուն տեսնել, թե որքան իմաստուն է Եհովան»։
13. Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել երեխաներին տեսնել Եհովայի զորությունը (Եսայիա 40։26)։
13 Եհովան հորդորում է մեզ բարձրացնել մեր աչքերը դեպի երկինք և խորհրդածել այն մասին, թե ինչպես է նա իր մեծ զորությամբ աստղերը պահում իրենց տեղերում (կարդա Եսայիա 40։26)։ Դուք կարող եք հորդորել ձեր երեխաներին, որ նայեն երկնքին և խորհրդածեն իրենց տեսածի շուրջ։ Մի քույր, ով ապրում է Թայվանում, իր մանկությունից հետևյալն է պատմում. «Մի անգամ մայրս ինձ տարավ արշավի։ Այդ գիշեր քաղաքային լույսերից հեռու մենք զմայլվեցինք աստղազարդ երկնքով։ Այդ շրջանում ճնշումների էի ենթարկվում համադասարանցիներիս կողմից, և ինձ թվում էր՝ չեմ կարողանա շարունակել հավատարմորեն ծառայել Եհովային։ Մայրս հորդորեց ինձ, որ մտածեմ Եհովայի ահռելի զորության մասին, որով նա ստեղծել է աստղերը, և միշտ հիշեմ, որ նա կարող է իր այդ զորությամբ օգնել ինձ հաղթահարել ցանկացած փորձություն։ Այդ ճամփորդությունից հետո ես մղվեցի ավելին իմանալու Եհովայի մասին և լցվեցի նրան ծառայելու վճռականությամբ»։
14. Ծնողներն ինչպե՞ս կարող են ստեղծագործության միջոցով օգնել իրենց երեխաներին տեսնել, որ Եհովան երջանիկ Աստված է։
14 Եհովայի ստեղծագործություններից նաև իմանում ենք, որ նա ուրախ Աստված է և հումորի զգացում ունի։ Գիտնականները նկատել են, որ կենդանիների մեծ մասը, այդ թվում՝ թռչուններն ու ձկները, օժտված են խաղալու ունակությամբ (Հոբ 40։20)։ Ձեր երեխաները երբևէ ծիծաղե՞լ են՝ տեսնելով կենդանիների խաղը։ Օրինակ՝ գուցե տեսել են, թե ինչպես է կատվի ձագը խաղում թելի կծիկի հետ, կամ ինչպես են շան ձագերը խաղում իրար հետ։ Հաջորդ անգամ, երբ նրանք ուրախանան՝ տեսնելով կենդանիների խաղը, նրանց հիշեցրեք, որ Եհովան երջանիկ Աստված է (1 Տիմոթ. 1։11)։
ԸՆՏԱՆԻՔՈՎ ՎԱՅԵԼԵՔ ԵՀՈՎԱՅԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾԵՐԸ
15. Ի՞նչը կօգնի ծնողներին իմանալ, թե ինչ կա երեխաների սրտում (Առակներ 20։5; տես նաև նկարը)։
15 Ծնողների համար գուցե երբեմն դժվար լինի այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ երեխաները խոսեն իրենց խնդիրների մասին։ Եթե ձեր պարագայում էլ է այդպես, գուցե երեխային օգնելու համար որոշ քայլեր ձեռնարկեք (կարդա Առակներ 20։5)։ Ծնողներից ոմանք նկատել են, որ բնության գրկում երեխաները ավելի անկաշկանդ են խոսում իրենց զգացմունքների մասին։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ այդպիսի միջավայրում թե՛ ծնողներին, թե՛ երեխաներին շեղող հանգամանքները քիչ են։ Թայվանում ապրող մի հայր, ում անունը Մասահիկո է, մեկ այլ պատճառ է նշում. «Երբ մեր երեխաների հետ դրսում ժամանակ ենք անցկացնում, օրինակ՝ սար ենք բարձրանում կամ քայլում ծովափով, սովորաբար ավելի անկաշկանդ մթնոլորտ է ստեղծվում։ Այդպես ավելի հեշտ է լինում օգնել նրանց արտահայտվել և իմանալ, թե ինչ կա նրանց սրտում»։ Կատյան, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Դպրոցից հետո մայրս մեզ տանում էր մի գեղեցիկ պուրակ։ Այդ հանգիստ միջավայրը ինձ տրամադրում էր պատմելու մորս, թե դպրոցում օրս ինչպես է անցել, և ինչն է ինձ անհանգստացնում»։
16. Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները միասին հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել՝ վայելելով Եհովայի ստեղծագործությունները։
16 Եհովայի ստեղծագործությունները նպաստում են նաև, որ ընտանիքի անդամները միասին հանգստանան և հաճելի ժամանակ անցկացնեն։ Արդյունքում ընտանեկան կապերն ավելի են ամրանում։ Աստվածաշնչում ասվում է, որ կա «ծիծաղելու ժամանակ» և «պարելու ժամանակ» (Ժող. 3։1, 4)։ Եհովան գեղեցիկ վայրեր է ստեղծել, որտեղ կարող ենք մեր նախընտրած ձևով վայելել մեր հանգիստը։ Շատ ընտանիքներ սիրում են միասին ժամանակ անցկացնել այգիներում, քաղաքից դուրս, լեռներում կամ ծովափին։ Երեխաներից շատերը սիրում են վազել ու խաղալ այգիներում, նայել կենդանիներին, լողալ գետերում, լճերում և ծովերում։ Իրոք որ, բոլորս բնության գրկում Եհովայի ստեղծագործությունները վայելելու հրաշալի հնարավորություններ ունենք։
17. Ծնողներն ինչո՞ւ պետք է օգնեն իրենց երեխաներին վայելել Եհովայի ստեղծագործությունները։
17 Աստծու նոր աշխարհում ծնողներն ու երեխաները լիարժեքորեն կվայելեն Եհովայի ստեղծագործությունները։ Այդ ժամանակ մենք չենք վախենա կենդանիներից, ոչ էլ նրանք կվախենան մեզանից (Ես. 11։6-9)։ Մենք ողջ հավիտենության ընթացքում կվայելենք Եհովայի ձեռքի գործերը (Սաղ. 22։26)։ Բայց պետք չէ սպասել այդ ժամանակվան և հետո միայն օգնել երեխաներին, որ վայելեն ստեղծագործությունը և դրա միջոցով սովորեն Եհովայի մասին։ Եթե այսօրվանից սովորեցնենք նրանց, ամենայն հավանականությամբ, նրանք էլ Դավիթ թագավորի պես կմղվեն ասելու. «Ո՛վ Եհովա.... ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին» (Սաղ. 86։8)։
ԵՐԳ 134 Երեխաները գանձեր են Աստծուց
a Շատ եղբայրներ ու քույրեր հաճելի հուշեր ունեն այն մասին, թե ինչպես են իրենց քրիստոնյա ծնողների հետ ժամանակ անցկացրել բնության գրկում և խորհրդածել ստեղծագործության շուրջ։ Նրանց մտքում միշտ վառ են այն պահերը, երբ ծնողներն այդ առիթներն օգտագործել են, որ իրենց սովորեցնեն Եհովայի մասին։ Եթե երեխաներ ունես, ինչպե՞ս կարող ես օգնել նրանց, որ ստեղծագործության մեջ տեսնեն Եհովայի հատկությունները։ Հոդվածից կիմանանք այս հարցի պատասխանը։