Ճի՞շտ, թե՞ սխալ. գործնական ուղեցույց
Խոսենք կյանքի չորս ոլորտների մասին, որոնցում աստվածաշնչյան առաջնորդությունը գործնական է ու վստահելի, և միլիոնավոր մարդիկ համոզվել են դրանում։
1. Ամուսնություն
Երջանիկ ամուսնության վերաբերյալ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է. «Սակայն ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ Ամուսնությունը Աստծու ստեղծած կառույցն է, հետևաբար նա գիտի, թե զույգին ինչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար (Մարկոս 10։6-9)։ Ամուսնությունը երջանիկ է լինում, երբ կողակիցները ավելի շատ մտածում են մեկը մյուսի, ոչ թե սեփական անձի մասին։ Կնոջը սիրող ամուսինը իր սերը ցույց կտա նրա հանդեպ լավ վերաբերմունքով ու հոգատարությամբ։ Իսկ ամուսնուն հարգող կինը իր հարգանքը ցույց կտա խոսելաձևով ու գործերով։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ։ Վիետնամից Քուանգը և Թին մտածում էին, որ իրենք երբեք երջանիկ միություն չեն ունենա։ Քուանգը հաճախ դաժան էր վարվում կնոջ հետ։ Նա ասում է. «Ես հաշվի չէի առնում Թիի զգացմունքները ու հաճախ էի ստորացնում նրան»։ Կինն ուզում էր բաժանվել։ Նա ասում է. «Կարծում էի, որ այլևս չեմ կարող վստահել ու հարգել ամուսնուս»։
Վերջիվերջո Քուանգը և Թին իմացան, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում, և իրենց ամուսնական կյանքում սկսեցին կիրառել Եփեսացիներ 5։33-ը։ Քուանգը ասում է. «Այս համարը օգնեց ինձ հասկանալ, որ պետք է բարի լինեմ և այնպես անեմ, որ կինս իրեն սիրված զգա, ու հոգ տանեմ նրա նյութական, ֆիզիկական և էմոցիոնալ կարիքների մասին։ Երբ այդպես եմ վարվում, ձեռք եմ բերում նրա սերն ու հարգանքը»։ Իսկ Թին ասում է. «Որքան շատ եմ կիրառում Եփեսացիներ 5։33-ի՝ հարգել ամուսնուն խորհուրդը, այնքան ավելի է ամուսինս ինձ սիրում և օգնում, որ պաշտպանված ու խաղաղ զգամ»։
Ամուսնության վերաբերյալ հավելյալ տեղեկության համար jw.org կայքում կարող եք կարդալ «Արթնացե՛ք», 2018, № 2 պարբերագիրը, որի վերնագիրն է «Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք»։
2. Մարդկանց հանդեպ վերաբերմունք
Հաճախ մարդիկ վատ են վերաբերվում մյուսներին նրանց ռասայի, ազգության, արտաքին տեսքի, կրոնի և սեռական կողմնորոշման պատճառով։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է. «Պատվեք ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17)։
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշունչը չի սովորեցնում ատել տարբեր ազգերի ու ռասայի պատկանող մարդկանց և համասեռամոլներին։ Հակառակը՝ այն հորդորում է մեզ հարգել ամեն տեսակ մարդկանց՝ անկախ նրանց ռասայից, ազգությունից և սոցիալական կարգավիճակից (Գործեր 10։34)։ Կարող ենք մյուսներին վերաբերվել բարությամբ ու հարգանքով, նույնիսկ եթե համաձայն չենք նրանց հավատալիքներին, և մեզ դուր չեն գալիս նրանց գործերը (Մատթեոս 7։12)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ։ Դանիելին սովորեցրել էին, որ Ասիայից եկածները սպառնալիք են իր երկրի համար։ Այդ իսկ պատճառով նա ատում էր ասիական ծագում ունեցողներին և հաճախ էր հանրորեն վիրավորում նրանց։ Դանիելն ասում է. «Ես արդարացնում էի իմ արարքը հայրենասիրությամբ։ Մտքովս չէր էլ անցնում, որ իմ մտածելակերպն ու արարքները սխալ են»։
Դանիելն իմացավ, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում։ Նա ասում է. «Ես պետք է ամբողջությամբ փոխեի մտածելակերպս։ Պետք է մարդկանց նայեի Աստծու աչքերով, ում համար բոլորս էլ հավասար ենք՝ անկախ մեր ծագումից»։ Դանիելը նկարագրում է, թե այսօր ինչ է զգում, երբ հանդիպում է մարդկանց. «Ինձ համար կարևոր չէ, թե որտեղից են նրանք։ Այժմ սիրում եմ բոլոր մարդկանց և մտերիմ ընկերներ ունեմ աշխարհի տարբեր ծայրերում»։
Ավելին իմանալու համար jw.org կայքից կարդացեք «Արթնացե՛ք», 2020, № 3 պարբերագիրը, որի վերնագիրն է «Նախապաշարումներ. հնարավոր է հաղթահարել»։
3. Փող
Շատ մարդիկ ձգտում են հարստության, որ երջանիկ լինեն և լավ ապագա ունենան։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է. «Ինչպես իմաստությունը, այնպես էլ փողը պաշտպանություն են տալիս, բայց գիտելիքների ու իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ձեռք բերողների կյանքը» (Ժողովող 7։12)։
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ Մեզ գումար անհրաժեշտ է, բայց այն երաշխիք չէ, որ երջանիկ կլինենք ու լավ ապագա կունենանք (Առակներ 18։11; 23։4, 5)։ Հակառակը՝ իրական երջանկությունը և ապահով ապագան կախված են աստվածային իմաստությամբ առաջնորդվելուց, որը կարելի է ձեռք բերել Աստվածաշնչից (1 Տիմոթեոս 6։17-19)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ։ Կարդոն, որ Ինդոնեզիայից է, կենտրոնացել էր հարստություն ձեռք բերելու վրա։ Նա ասում է. «Ես ունեի այն, ինչ շատերը երազում են։ Կարող էի ճանապարհորդել, շքեղ իրեր, մեքենաներ և տներ գնել»։ Բայց նրա ձեռքբերումները երկար կյանք չունեցան։ Նա շարունակում է. «Ինձ խաբեցին, և այս տարիների տքնաջան աշխատանքիս արդյունքը մի ակնթարթում ջուրը լցվեց։ Ես ողջ կյանքս անցկացրի հարստություն կուտակելով, բայց վերջում ունեցա դատարկության, անարժեքության ու հիասթափության զգացում»։
Կարդոն սկսեց կիրառել փողին առնչվող աստվածաշնչյան խորհուրդները։ Նա այլևս իր ողջ ուժը չի ծախսում հարստություն ձեռք բերելու վրա, այլ նախընտրում է ապրել ավելի պարզ կյանքով։ Նա ասում է. «Հիմա ես ունեմ իսկական հարստություն՝ Աստծու հետ մտերիմ հարաբերություններ։ Գիշերները հանգիստ քնում եմ և իսկապես երջանիկ եմ»։
Փողի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը իմանալու համար jw.org կայքից կարդացեք «Դիտարան», 2021, № 3 պարբերագրի՝ «Կրթությունն ու փողը լավ ապագայի երաշխի՞ք են» հոդվածը։
4. Սեքս
Ընդունելի սեռական հարաբերությունների մասին մարդկանց կարծիքները շատ տարբեր են։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է. «Հեռու մնացեք պոռնկությունից, որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով (ինչպիսին որ ունեն Աստծուն չճանաչող ազգերը)» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3-5)։
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշունչը սահմաններ է դնում սեռական ցանկությունները բավարարելու հարցում։ «Պոռնկություն» տերմինը իր մեջ ներառում է ամուսնական անհավատարմությունը, մարմնավաճառությունը, սեռական հարաբերությունները իրար հետ չամուսնացած մարդկանց միջև, համասեռամոլությունը և անասնապղծությունը (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Սեռական հարաբերությունները նվեր են Աստծուց, որը նա տվել է միմյանց հետ ամուսնացած տղամարդուն ու կնոջը (Առակներ 5։18, 19)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ։ Ավստրալիայում Քեյլի անունով մի կին ասում է. «Երբ ամուրի էի, մտածում էի, որ սեքսով զբաղվելը ինձ կտա սիրված լինելու և ապահովության զգացում։ Բայց հակառակը եղավ։ Ինձ զգում էի չսիրված ու կոտրված»։
Հետագայում, երբ Քեյլին իմացավ սեքսին առնչվող աստվածաշնչյան խորհուրդները, սկսեց կիրառել դրանք։ Նա ասում է. «Աստծու տված չափանիշները օգնում են հեռու մնալ ցավից ու վնասվելուց։ Այժմ ապրում եմ այնպես, ինչպես Եհովան է ուզում։ Հիմա ամուսնացած եմ և ինձ զգում եմ սիրված ու ապահով»։
Ավելի շատ տեղեկության համար jw.org կայքից կարդացեք «Ի՞նչ է Աստվածաշունչն ասում առանց ամուսնանալու միասին ապրելու մասին» հոդվածը։
Մեր Արարիչը օգնում է մեզ հասկանալ, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Թեև նրա ասածներին հնազանդվելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն արժե ջանքեր գործադրել։ Կարող ենք վստահ լինել, որ այդպես վարվելը մեզ հարատև երջանկություն կտա