Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպես խուսափել հիվանդություններից

Ինչպես խուսափել հիվանդություններից

Ամեն օր մեր օրգանիզմը պայքար է մղում այնպիսի թշնամիների դեմ, որոնց չենք տեսնում ու չենք լսում, բայց որոնք մահացու վտանգ են ներկայացնում մեզ համար։ Օտարածին օրգանիզմները, ինչպիսիք են բակտերիաները, վիրուսները և մակաբույծները սպառնում են մեր առողջությանը։ * Սովորաբար մենք տեղյակ չենք լինում նրանց դեմ մղվող ներքին պայքարին, քանի որ մեր իմունային համակարգը վնասազերծում կամ ոչնչացնում է այդ վտանգավոր օրգանիզմները նախքան հիվանդության ախտանշանների ի հայտ գալը։ Սակայն երբեմն այդ ախտածին հարուցիչները գլուխ են բարձրացնում։ Այդ ժամանակ հարկ է լինում դեղորայքով կամ այլ բուժումների միջոցով ամրացնել մեր պաշտպանական համակարգը։

Հազարավոր տարիներ մարդիկ գրեթե ոչինչ չեն իմացել այն մասին, թե ինչ վտանգներ են հարուցում վնասակար միկրոօրգանիզմները և մյուս վտանգավոր մանր օրգանիզմները։ 19-րդ դարում գիտնականները համոզվեցին, որ միկրոօրգանիզմների և հիվանդությունների միջև կապ գոյություն ունի։ Այդ ժամանակվանից սկսած՝ ավելի արդյունավետ միջոցներ են ձեռնարկվել հիվանդություններից պաշտպանվելու համար։ Բժշկական ուսումնասիրությունների շնորհիվ մասնագետներին հաջողվել է վերացնել կամ հնարավորինս կանխարգելել որոշ վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են ծաղիկը և պոլիոմիելիտը։ Սակայն վերջերս շատ այլ հիվանդություններ, օրինակ՝ դեղին տենդը և դենգեի տենդը, կրկին սկսել են սպառնալիք ներկայացնել։ Ո՞րն է պատճառը։ Կան մի քանի նպաստող գործոններ։

  • Ամեն տարի երկրից երկիր են ճամփորդում միլիոնավոր մարդիկ, որոնք հաճախ իրենց հետ փոխադրում են տարբեր հիվանդածին հարուցիչներ։ Ինչպես նշվում է մի բժշկական հանդեսում, «գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունները» կարող են երկրից երկիր փոխանցվել ճամփորդող մարդկանց միջոցով (Clinical Infectious Diseases)։

  • Որոշ բակտերիաներ դիմադրողականություն են ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ։ Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «աշխարհը թևակոխում է հետհակաբիոտիկային դարաշրջան, երբ սովորական վարակները.... կրկին կարող են մահվան պատճառ դառնալ»։

  • Հաճախ հասարակական անկարգություններն ու աղքատությունը դժվարացնում են կառավարության կողմից հիվանդությունների վերահսկման գործընթացը։

  • Շատերը չգիտեն, թե գործնականում ինչպես կարելի է խուսափել հիվանդություններից։

Չնայած այս մռայլ իրողություններին՝ դուք կարող եք որոշակի քայլեր ձեռնարկել ձեզ և ձեր ընտանիքին հիվանդություններից պաշտպանելու համար։ Հաջորդ հոդվածից կիմանաք, որ անգամ զարգացող երկրներում հնարավոր է գտնել հիվանդություններից խուսափելու պարզ ու արդյունավետ միջոցներ։

^ պարբ. 3 Շատ միկրոօրգանիզմներ հիվանդություններ չեն առաջացնում։ Այս հոդվածաշարում խոսվում է առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմների և այլ ախտածին հարուցիչների մասին։