ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Երբ վրա է հասնում աղետը. քայլեր, որոնք կարող են փրկել ձեր կյանքը
«Մի հզոր խլացուցիչ պայթյուն եղավ, որից քիչ էր մնում վայր ընկնեի։ Օդանցքներից սկսեց ծուխ լցվել, և մեր բարձրահարկ գրասենյակային շենքը սկսեց այրվել» (Ջոշուա)։
Երկրաշարժ, փոթորիկ, ահաբեկչական հարձակում, կրակոցներ դպրոցներում. օրվա գլխավոր լուրերի շարքում շատ հաճախ են հանդիպում նման թեմաներով նյութեր։ Ինչ խոսք, մի բան է կարդալ աղետի մասին, բոլորովին այլ բան է անձամբ վերապրել այն։ Ի՞նչ կարող եք անել նախքան աղետը, դրա ժամանակ և դրանից հետո, որպեսզի հնարավորինս մեծացնեք փրկվելու հավանականությունը։
ՆԱԽՔԱՆ ԱՂԵՏԸ. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՔ
ՈՉ ՈՔ ապահովագրված չէ աղետներից։ Փրկվելու համար ամենից կարևոր բանը, որ կարող եք անել, նախապատրաստվելն է։ Իսկ ի՞նչ է դա ներառում։
-
Նախապատրաստվեք հոգեբանորեն։ Ընդունեք այն փաստը, որ աղետներ լինում են ամենուրեք, և որ այդ վտանգը սպառնում է նաև ձեզ ու ձեր մտերիմներին։ Ուստի հարկավոր է նախապատրաստվել մինչև աղետը, քանի որ դրանից հետո արդեն չափազանց ուշ կլինի։
-
Իմացեք, թե ինչ աղետներ կարող են տեղի ունենալ ձեր տեղանքում։ Տեղեկացեք նաև, թե որտեղ կան ապաստարաններ։ Ճշտեք, թե որքանով է ապահով ձեր տան կոնստրուկցիան, և թե արդյոք շինությունը հնարավորինս անվտանգ վայրում է կառուցված։ Կանխեք հրդեհի առաջացման ցանկացած վտանգ։ Ծխի ազդանշանիչներ տեղադրեք և առնվազն տարին մեկ անգամ կամ ավելի հաճախ փոխեք դրանց մարտկոցները։
-
Ունեցեք սննդի, ջրի, վառելիքի և առաջին անհրաժեշտության պարագաների պաշար։ Երբ աղետ է լինում, գուցե էլեկտրականություն, ջրամատակարարում և հեռախոսակապ չլինեն, և չաշխատի հանրային տրանսպորտը։ Եթե մեքենա ունեք, ձգտեք այնպես անել, որ վառելիքի բաքը միշտ առնվազն կիսով չափ լցված լինի։ Տանը միշտ ունեցեք սննդի ու ջրի պաշար և առաջին բուժօգնության արկղիկ (տես « Ունե՞ք այն, ինչ անհրաժեշտ է» շրջանակը)։
-
Ձեռքի տակ ունեցեք թե՛ հեռու և թե՛ մոտիկ ապրող ընկերների հեռախոսահամարները։
-
Տարհանման պլան մշակեք և փորձարկեք այն։ Տեղեկացեք, թե որտեղ են ձեր շենքի՝ ձեզ ամենամոտ գտնվող հիմնական ու վթարային ելքերը, և թե ձեր երեխաների դպրոցում տարհանման ինչ պլան է մշակվել։ Ընտանիքով որոշեք հանդիպման վայրեր, օրինակ՝ դպրոցի կամ որևէ այգու մոտ. մի վայրը կարող է ձեզ ավելի մոտ լինել, մյուսը՝ ձեր թաղամասից դուրս։ Իշխանությունները խորհուրդ են տալիս ընտանիքով փորձ անել ու ոտքով հասնել ձեր որոշած հանդիպման վայրերը։
-
Ծրագրեք, թե ինչպես եք օգնելու ուրիշներին, այդ թվում ծերերին և հիվանդներին։
ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ. ԱՐԱԳ ԳՈՐԾԵՔ
Ջոշուան, ում մասին նշվեց հոդվածի սկզբում, պատմում է. «Երբ հրդեհ բռնկվեց, մարդկանց մեծ մասը ոչ թե խուճապի էր մատնվել, այլ դանդաղում էր։ Ոմանք անջատում էին իրենց համակարգիչները կամ շշի մեջ ջուր
էին լցնում։ Մի մարդ ասաց. «Գուցե պետք է ուղղակի սպասենք»»։ Չնայած շատերը հապաղում էին շենքից դուրս գալ՝ Ջոշուան բղավեց. «Մենք պետք է հենց հիմա դուրս գանք այստեղից»։ Այդ ժամանակ նրա աշխատակիցները սթափվեցին և իսկույն նրա հետևից սկսեցին իջնել աստիճաններով։ Ջոշուան շարունակ բղավում էր. «Եթե որևէ մեկը ընկնում է, օգնեք նրան վեր կենալ ու առաջ շարժվեք։ Մենք բոլորս էլ ողջ կմնանք»։-
Հրդեհի ժամանակ։ Աշխատեք մոտ գտնվել հատակին և արագ շարժվեք դեպի ամենամոտ ելքը։ Ծխի պատճառով դժվար է լինում տեսնել։ Բացի այդ՝ հրդեհների ժամանակ մարդիկ հիմնականում մահանում են ծուխ շնչելու պատճառով։ Այդ պահին մի՛ մտածեք անձնական իրերի մասին. վայրկյաններն անգամ կարող են որոշիչ լինել՝ մարդ կփրկվի, թե ոչ։
-
Երկրաշարժի ժամանակ։ Մտեք ամուր սեղանի տակ կամ կանգնեք ներքին հիմնական պատերի մոտ։ Հիշեք, որ լինելու են հետցնցումներ։ Ուստի հնարավորինս շուտ դուրս եկեք շենքից և գնացեք շինություններից հեռու։ Փրկարարները գուցե միայն ժամեր հետո տեղ հասնեն, ուստի, եթե կարող եք, փորձեք փրկել մյուսներին։
-
Ցունամիի ժամանակ։ Եթե ջուրը հանկարծակի սկսում է ափից հետ քաշվել, արագ հեռացեք դեպի ավելի բարձրադիր վայրեր։ Հիշեք, որ առաջին ալիքից հետո ավելի մեծ ալիքներ են գալու։
-
Տորնադոյի (մրրկասյուն) և փոթորկի ժամանակ։ Անհապաղ մտեք ապաստարան։
-
Ջրհեղեղի ժամանակ։ Մի՛ մտեք ջրով հեղեղված շենքեր։ Հնարավորինս աշխատեք ջրի միջով չտեղաշարժվել և մեքենա չվարել։ Ջրհեղեղի ջրերի մեջ կարող են լինել կոյուղաջրեր և այլ թաքնված վտանգներ, ինչպես, օրինակ, աղբ, փլուզված շենքերի կամ այլ բաների բեկորներ, բաց դիտահորեր և ջրի մեջ ընկած էլեկտրալարեր։
-
Գիտեի՞ք արդյոք։ 0,6 մետր (երկու ֆուտ) բարձրության հոսող ջուրը կարող է քշել-տանել ավտոմեքենան։ Ջրհեղեղի ժամանակ մարդիկ մեծ մասամբ մահանում են այն պատճառով, որ փորձում են մեքենա վարել հոսող ջրի միջով։
-
Եթե իշխանությունները էվակուացման հրահանգ են տալիս, անմիջապես լքեք վտանգավոր տարածքը։ Ձեր ընկերներին տեղեկացրեք, թե որտեղ եք գտնվում։ Հակառակ դեպքում՝ նրանք գուցե սկսեն փնտրել ձեզ՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։
-
Գիտեի՞ք արդյոք։ Տեքստային հաղորդագրություն ուղարկելը շատ ավելի ապահով կարող է լինել, քան ձայնային ծառայություններից օգտվելը։
-
Եթե իշխանությունները հրահանգ են տալիս մնալ տներում կամ ապաստարանում, ապա դուրս մի՛ եկեք։ Քիմիական, կենսաբանական և միջուկային աղետների կամ հարձակումների դեպքում մնացեք ներսում, անջատեք օդափոխության համակարգը, հերմետիկ փակեք բոլոր դռներն ու պատուհանները։ Միջուկային աղետի ժամանակ իջեք շինության ամենացածր հարկը, որպեսզի հնարավորինս քիչ ենթարկվեք ռադիոակտիվ ճառագայթների ազդեցությանը։ Հետևեք տեղի հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հաղորդվող լուրերին։ Դուրս մի՛ եկեք, մինչև իշխանությունները չհայտարարեն, որ վտանգն անցել է։
ԱՂԵՏԻՑ ՀԵՏՈ. ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Հիվանդություններից և վտանգներից խուսափելու համար հետևեք ներքոհիշյալ խորհուրդներին։
-
Եթե հնարավոր է, մնացեք ընկերների տանը, ոչ թե աղետից տուժածների ճամբարում։
-
Հետևեք ձեր կացարանի հիգիենային ու մաքրությանը։
-
Աղբն ու փլատակները մաքրելիս հնարավորության դեպքում կրեք անձնական պաշտպանական հանդերձանք. ձեռնոցներ, հաստ ներբաններով ամուր կոշիկներ, սաղավարտ և շնչադիմակ։ Զգուշացեք էլեկտրալարերից և տարբեր առարկաների դեռևս այրվող բեկորներից, որոնք գուցե չերևան։
-
Ձգտեք հնարավորինս պահպանել ձեր ամենօրյա գրաֆիկը։ Ձեր երեխաները պետք է տեսնեն, որ դուք հանգիստ եք և չեք հուսահատվում։ Օգնեք երեխաներին կատարել դպրոցի դասերը, խաղացեք նրանց հետ և շարունակեք ընտանիքով երկրպագել Աստծուն։ Անընդհատ մի՛ մտածեք այդ ողբերգության հետ կապված լուրերի մասին։ Բացի այդ՝ թույլ մի՛ տվեք, որ ձեր անհանգստությունն ու վհատությունը ազդեն ընտանիքի անդամների հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Ընդունեք ձեզ առաջարկվող օգնությունը և ինքներդ էլ պատրաստ եղեք օգնելու ուրիշներին։
-
Ընդունեք այն փաստը, որ աղետի պատճառով հնարավոր է կորուստներ ունենաք։ Իշխանությունների և օգնություն տրամադրող այլ կազմակերպությունների ու մարդկանց գլխավոր նպատակը կյանքեր փրկելն է, ոչ թե աղետից տուժածների բոլոր վնասները փոխհատուցելը։ Իսկ կյանքի համար անհրաժեշտ բաներն են մաքուր ջուրը, սնունդը, հագուստը և ապաստանը՝ վատ եղանակային պայմաններին դիմանալու համար (1 Տիմոթեոս 6։7, 8)։
-
Ընդունեք այն իրողությունը, որ հնարավոր է զգացապես վնասվեք, ուստի մի՛ վարանեք ընդունել համապատասխան օգնություն։ Զգացական վնասները հաճախ ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ աղետի հետ կապված առաջին էմոցիոնալ ցնցումն անցած է լինում։ Այդ ժամանակ դրսևորվում են մի շարք ախտանշաններ, որոնցից են անհանգստության զգացումը, դեպրեսիան, տրամադրության տատանումները, սթափ դատելու, մտածելու, աշխատելու և քնելու հետ կապված դժվարությունները։ Նման դեպքերում օգտակար կլինի զրուցել ջերմ ու հոգատար ընկերների հետ։
Ջոշուան փրկվեց իր աշխատավայրում բռնկված այդ հրդեհից, բայց նրա ծանոթներից շատերը մահացան։ Հետագայում երեցներն ու հոգեբանները նրան էմոցիոնալ օգնություն ցույց տվեցին։ Ջոշուան պատմում է. «Նրանք ինձ հավաստիացրին, որ վշտի զգացումը էմոցիոնալ ապաքինման բնականոն ընթացքի մի մասն է և ժամանակի ընթացքում կանցնի։ Վեց ամիս հետո իմ մղձավանջները քչացան։ Մյուս ախտանշանները ավելի երկար մնացին»։
Երբ աղետ է լինում, մարդու մեջ գլուխ է բարձրացնում արդարության զգացումը։ Եվ արդյունքում ոմանք սկսում են Աստծուն մեղադրել տեղի ունեցածի համար։ Շատերն էլ, Ջոշուայի պես, մեղավորության զգացում են ունենում այն բանի համար, որ իրենք փրկվել են, իսկ մյուսները՝ ոչ։ Ջոշուան ասում է. «Մինչև հիմա մտածում եմ, թե չէի կարող արդյոք ավելի շատ մարդ փրկել»։ Ապա ավելացնում է. «Ինձ մխիթարում է այն միտքը, որ շուտով Աստված ողջ երկրի վրա արդարություն կհաստատի և կշտկի ամեն անարդար բան։ Բայց մինչ կգան այդ ժամանակները, ես շարունակում եմ ապրել՝ թանկ համարելով կյանքիս ամեն մի օրը և ողջամտության սահմաններում անում եմ հնարավոր ամեն բան, որ պահպանեմ կյանքս» (Հայտնություն 21։4, 5)։ a
a Ավելի շատ տեղեկություններ այն մասին, թե ինչ է խոստացել Աստված ապագայի վերաբերյալ, և թե ինչու է նա թույլատրում տառապանքը, կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում։ Այն կարող եք բեռնել www.jw.org/hy կայքից։