Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Հիսուսն իրականում գոյություն ունեցե՞լ է

Հիսուսն իրականում գոյություն ունեցե՞լ է

ՆԱ ՀԱՐՈՒՍՏ չէր և չուներ իշխանություն։ Նա նույնիսկ իր սեփական տունը չուներ։ Սակայն նրա սովորեցրած ուսմունքները իրենց ազդեցությունն են թողել միլիոնավոր մարդկանց վրա։ Այդ մարդը Հիսուս Քրիստոսն էր։ Արդյոք նա իրականում գոյություն ունեցե՞լ է։ Ի՞նչ են ասում այս մասին ներկայիս և հին ժամանակների հեղինակավոր անձինք։

  • Մայքլ Գրանտը, որը հայտնի պատմաբան է և անտիկ դասական քաղաքակրթության գիտակ, ասում է. «Եթե Նոր Կտակարանը ուսումնասիրելիս կիրառենք այն նույն չափանիշները, ինչպեսև պետք է վարվենք, որոնք կիրառում ենք պատմական տեղեկություններ պարունակող այլ հին աղբյուրներ ուսումնասիրելիս, ապա չենք կարող ժխտել Հիսուսի գոյությունը, ինչպես չենք ժխտում բազմաթիվ հեթանոս կերպարների գոյությունը, որոնց իրական պատմական անձ լինելու փաստը երբեք կասկածի չի ենթարկվել»։

  • Ռուդոլֆ Բուլտմանը, որը Նոր Կտակարանի գիտակ է, ասում է. «Հիսուսի գոյության վերաբերյալ կասկածները միանգամայն անհիմն են, և նույնիսկ կարիք չկա դրանք հերքելու։ Ոչ մի խելամիտ անհատ չի կարող կասկածի ենթարկել այն, որ Հիսուսը պատմական կրոնական շարժման հիմնադիր է, և հնագույն պաղեստինյան [քրիստոնյաների] համայնքը վառ կերպով ներկայացնում է այդ շարժման առաջին աչքի ընկնող շրջանը»։

  • Ուիլ Դյուրանտը, որը հայտնի պատմաբան է, գրող և փիլիսոփա, գրում է. «Այն միտքը, թե իբրև մի քանի հասարակ մարդիկ [ավետարանագիրները], ընդ որում միևնույն սերնդի ներկայացուցիչներ, կարող էին ստեղծել այդքան հզոր ու գրավիչ մի կերպար, նման բարձր բարոյականություն, եղբայրասիրության այդքան ոգեշնչող նկարագիր, ավելի անհավանական է, քան Ավետարաններում նկարագրված բոլոր հրաշքները»։

  • Ալբերտ Էյնշտեյնը՝ Գերմանիայում ծնված հայտնի հրեա ֆիզիկոսը, ասում է. «Թեև հրեա եմ, բայց ինձ գերում է նազովրեցու վառ կերպարը»։ Իսկ երբ Էյնշտեյնին հարցրին, թե արդյոք նա Հիսուսին իրական պատմական անձ համարում է, նա ասաց. «Անշո՛ւշտ։ Անհնար է Ավետարաններն ընթերցելիս չզգալ Հիսուսի ներկայությունը։ Նրա շունչը զգացվում է ամեն բառի մեջ։ Ոչ մի առասպել այդքան կյանքով լեցուն չի լինում»։

    «Անհնար է Ավետարաններն ընթերցելիս չզգալ Հիսուսի ներկայությունը» (Ալբերտ Էյնշտեյն)

Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուսի կյանքի և ծառայության ամենամանրամասն պատմությունը գրված է աստվածաշնչյան չորս գրքերում, որոնք հայտնի են որպես Ավետարաններ և կրում են իրենց գրողների անունները՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես։ Սակայն Հիսուսի մասին հիշատակվում է նաև մի շարք հին ոչ քրիստոնեական աղբյուրներում։

  • ՏԱԿԻՏՈՍ

    (Մ. թ. մոտ 56–120 թթ.) Տակիտոսը համարվում է Հին Հռոմի մեծագույն պատմիչներից մեկը։ Իր «Տարեգրություններ» աշխատության մեջ նա նկարագրում է մ. թ. 14–68 թթ. Հռոմեական կայսրության պատմությունը (Հիսուսը մահացել է մ. թ. 33 թ.-ին)։ Տակիտոսը գրում է, որ երբ մ. թ. 64 թ.-ին Հռոմում մեծ հրդեհ բռնկվեց և հսկայական վնաս հասցրեց քաղաքին, մարդիկ դրա համար մեղադրեցին Ներոն կայսրին։ Այդ ժամանակ, ինչպես վկայում է Տակիտոսը, «այդ լուրերը հերքելու» համար Ներոնը մեղքը գցեց քրիստոնյաների վրա։ Այնուհետև Տակիտոսը նշում է. «Քրիստուսը, որի անունից առաջացել է այդ [քրիստոնյա] անվանումը, մահապատժի էր ենթարկվել Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում մեր պրոկուրատորներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով» (Annals, XV, 44)։

  • ՍՎԵՏՈՆԻՈՍ

    (Մ. թ. մոտ 69–122թթ. և դրանից հետո) Այս հռոմեացի պատմիչը իր «Տասներկու կեսարների կյանքը» գրքում նկարագրում է Հուլիոս Կեսարի և նրան հաջորդած 11 կայսրերի իշխանության տարիներին կատարված իրադարձությունները։ Կլավդիոս կայսրին նվիրված հատվածում նա խոսում է Հռոմում ապրող հրեաների մեջ ծագած երկպառակությունների մասին, որոնց պատճառը, ակներևաբար, Հիսուսի վերաբերյալ վիճաբանություններն էին (Գործեր 18։2)։ Սվետոնիոսը գրում է. «Հրեաներին, որոնց մշտապես խռովում էր Քրեստոսը [որոնք մշտապես խռովություններ էին բարձրացնում Քրիստոսի սադրանքով], նա [Կլավդիոսը] արտաքսեց Հռոմից» (Աստվածային Կլավդիոս, 25, (4))։ Հստակ է, որ Սվետոնիոսը չի ժխտում Հիսուսի գոյությունը, թեև սխալմամբ նրան մեղադրում է խռովությունների պատճառ լինելու մեջ։

  • ՊԼԻՆԻՈՍ ԿՐՏՍԵՐ

    (Մ. թ. մոտ 61–113 թթ.) Այս հռոմեացի գրողը, որը նաև Բութանիայի (ներկայիս Թուրքիա) կառավարիչն էր, Հռոմի կայսր Տրայանոսին գրեց, թե ինչպես է վարվում այդ պրովինցիայի քրիստոնյաների հետ։ Պլինիոսը գրում էր, որ փորձում է ստիպել քրիստոնյաներին ուրանալ իրենց հավատը՝ մահապատժի ենթարկելով բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են այդպես վարվել։ Այնուհետև պարզաբանում էր. «Նրանց, ովքեր.... իմ հետևից կրկնում էին [հեթանոսական] աստվածներին ուղղված աղոթքի խոսքերը, և գինի ու կնդրուկ մատուցելով՝ երկրպագում էին քո պատկերը.... և ովքեր ի վերջո անիծում էին Քրիստոսին.... ես ազատ էի արձակում» (Pliny— Letters, Book X, XCVI)։

  • ՀՈՎՍԵՊՈՍ ՓԼԱՎԻՈՍ

    (Մ. թ. մոտ 37–100 թթ.) Այս հրեա պատմիչն ու քահանան նշում է, որ հրեա քահանայապետ Հաննան, որը դեռ մեծ ազդեցություն ուներ քաղաքական հարցերում, «Սինեդրիոնի [հրեական գերագույն ատյանի] դատավորներին ժողովի հրավիրեց և նրանց առաջ կանգնեցրեց Հակոբոս անունով մի մարդու, որը Քրիստոս կոչվող Հիսուսի եղբայրն էր» (Jewish Antiquities, XX, 200 (ix, 1))։

  • ԹԱԼՄՈՒԴ

    Հրեա ռաբունիների գրվածքների այս ժողովածուն, որը ստեղծվել է մ. թ. երրորդից վեցերորդ դարերում, ցույց է տալիս, որ նույնիսկ Հիսուսի թշնամիներն են ակամայից հաստատել նրա գոյությունը։ Այնտեղ, օրինակ, ասվում է, որ «Պասեքին նազովրեցի Եշուին [Հիսուսին] ցցից կախեցին», ինչը պատմականորեն ճշգրիտ տեղեկություն է (Babylonian Talmud, Sanhedrin 43a, Munich Codex; տես Հովհաննես 19։14–16)։ Մեկ այլ հատվածում նշվում է. «Եկեք չդաստիարակենք այնպիսի զավակ կամ աշակերտ, որը հանրության առաջ կխայտառակի իրեն, ինչպես նազովրեցին [Հիսուսին հաճախ այսպես էին անվանում]» (Babylonian Talmud, Berakoth 17b, footnote, Munich Codex; տես Ղուկաս 18։37

ՓԱՍՏԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

Ավետարաններում գրված է Հիսուսի կյանքի ու ծառայության մանրամասն պատմությունը, որտեղ խոսվում է կոնկրետ մարդկանց, վայրերի և ժամանակների մասին, տեղեկություններ, որոնք համարվում են արժանահավատ պատմության բնորոշ առանձնահատկությունները։ Օրինակ՝ Ղուկաս 3։1, 2 համարները օգնում են կոնկրետ իմանալու, թե երբ է իր ծառայությունը սկսել Հովհաննես Մկրտիչը, որը ճանապարհ պատրաստեց Հիսուսի համար։

«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)

Ղուկասը գրում է. «Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի մարզի կառավարիչն էր, նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի մարզի կառավարիչը, և Լյուսանիասը՝ Աբիլենեի մարզի կառավարիչը, Կայիափայի և ավագ քահանա Հաննայի օրերում Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում»։ Անունների այս մանրամասն և ճշգրիտ ցուցակի օգնությամբ իմանում ենք, որ «Աստծու խոսքը եղավ.... Հովհաննեսին» մ. թ. 29 թ.-ին։

Ղուկասի նշած այս յոթ անձինք քաջ հայտնի են պատմաբաններին։ Մի ժամանակ որոշ քննադատներ հարցականի տակ էին դնում Պոնտացի Պիղատոսի և Լյուսանիասի գոյությունը։ Բայց հայտնաբերվել են հնագույն մակագրություններ, որոնց վրա նշված են այդ երկու պաշտոնյաների անունները, ինչն էլ հաստատում է Ղուկասի արձանագրության ճշգրիտ լինելը։ a

ԻՆՉՈ՞Ւ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ

Հիսուսը մարդկանց պատմեց Աստծու Թագավորության՝ համաշխարհային մի կառավարության մասին

Մեզ պետք է հետաքրքրի Հիսուսի գոյության հարցը, քանի որ նրա սովորեցրած ուսմունքները կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի վրա։ Օրինակ՝ Հիսուսը սովորեցրել է, թե ինչպես կարելի է ապրել երջանիկ և իմաստալից կյանքով։ b Նա նաև խոստացել է, որ գալու է մի ժամանակ, երբ մարդիկ ապրելու են խաղաղության և ապահովության մեջ՝ մեկ կառավարության՝ «Աստծու Թագավորության ներքո» (Ղուկաս 4։43

«Աստծու Թագավորություն» արտահայտությունը շատ տեղին է, քանի որ այս համաշխարհային կառավարությունը Աստծու գերիշխանությունն է հաստատելու երկրի վրա (Հայտնություն 11։15)։ Հիսուսը հստակ ցույց տվեց սա, երբ տիպար աղոթքում ասաց. «Հա՛յր մեր, որ երկնքում ես.... Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Իսկ ի՞նչ է անելու այդ Թագավորությունը մարդկության համար։ Ահա մի քանի օրինակ։

  • Պատերազմներն ու քաղաքացիական ընդհարումները վերջ կգտնեն (Սաղմոս 46։8–11

  • Անաստված մարդկանց հետ առհավետ կվերանան չարությունը, ագահությունն ու կաշառակերությունը (Սաղմոս 37։10, 11

  • Թագավորության հպատակները կունենան իմաստալից աշխատանք և կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը (Եսայիա 65։21, 22

  • Մեր մոլորակի էկոլոգիան, որն այժմ աղետալի վիճակում է, լիովին կվերականգնվի, և երկիրը առատ բերք կտա (Սաղմոս 72։16; Եսայիա 11։9

Ոմանք գուցե ասեն, որ այս խոստումներին հավատալը անիրատեսություն է։ Բայց մի՞թե անիրատեսություն չէ հավատալ, որ մարդն իր ուժերով կարող է լուծել այս բոլոր խնդիրները։ Մի պահ մտածենք. չնայած կրթության, գիտության և տեխնիկայի բնագավառներում ահռելի առաջընթացին՝ միլիոնավոր մարդիկ այսօր վստահությամբ չեն նայում ապագային։ Ամեն օր ականատես ենք լինում տնտեսական, քաղաքական ու կրոնական ճնշումների, ինչպես նաև ագահության ու կաշառակերության։ Այո՛, իրականությունն այն է, որ մարդկային կառավարումը դատապարտված է ձախողման (Ժողովող 8։9

Հիսուսի գոյության հարցը իրոք որ պետք է հետաքրքրի մեզ։ c Քանի որ, ինչպես նշվում է 2 Կորնթացիներ 1։19, 20 համարներում, «որքան որ Աստծու խոստումներ կան, նրա [Քրիստոսի] միջոցով «այո» եղան»։

a Հայտնաբերվել է մի մակագրություն, որում նշված է Լյուսանիաս անունով չորրորդապետի, կամ՝ «մարզի կառավարչի» մասին (Ղուկաս 3։1)։ Նա կառավարել է Աբիլենեի մարզը հենց այն ժամանակահատվածում, որի մասին նշում է Ղուկասը։

b Հիսուսի սովորեցրած մի շարք ուսմունքներ կարելի է գտնել Մատթեոս 5-ից 7-րդ գլուխներում։ Այս գլուխներում արձանագրված նրա քարոզը հայտնի է նաև որպես Լեռան քարոզ։

c Հիսուսի և նրա ուսմունքների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.jw.org/hy։ (տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ)