ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Բարոյական արժեքներ սերմանող կրթություն
Մի քանի դեռահաս տղաների դեմ մեղադրանք ներկայացվեց դպրոցական էքսկուրսիայի ժամանակ մեկ այլ տղայի հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Ընդ որում բոլորն էլ սովորում էին Կանադայի մի հեղինակավոր մասնավոր դպրոցում։ Այդ դեպքից հետո հայտնի լրագրող Լեոնարդ Ստերնը «Օտտավա սիթիզեն» թերթում գրեց. «Ինտելեկտը, կրթությունը և սոցիալական բարձր խավի պատկանելը, ինչպիսի առավելություններ էլ ունենան, միևնույնն է, երաշխիք չեն, որ պատանիները բարոյական հարցերում սխալ որոշումներ չեն կայացնի»։
Ստերնը ավելացնում է. «Թերևս մտածում եք, որ ծնողների առաջնային և ամենակարևոր նպատակը պետք է լինի երեխայի մեջ բարոյական արժեքներ սերմանելը։ Սակայն իրողությունն այն է, որ շատ ծնողներ առավելապես հետաքրքրված են նրանով, որ իրենց երեխաները մեծ ձեռքբերումներ ունենան կրթության բնագավառում և նյութապես ապահովված լինեն»։
Ինչ խոսք, ուսումը կարևոր է։ Բայց անգամ լավագույն կրթությունը, որ առաջարկում է աշխարհը, չի կարող օգնել մարդուն պայքարելու սխալ ցանկությունների և հակումների դեմ։ Այդ դեպքում, որտեղի՞ց կարող ենք ստանալ այնպիսի կրթություն, որը կծառայի այդ նպատակին, կրթություն, որը հուսալի առաջնորդություն կտա բարոյական հարցերում։
ՃԻՇՏ ԱՐԺԵՔՆԵՐ ՍԵՐՄԱՆՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Աստվածաշունչը նման է հայելու։ Դրա մեջ նայելով՝ ավելի հստակ ենք տեսնում մեր սահմանափակ կարողությունները և թերությունները (Հակոբոս 1։23–25)։ Բայց այդ գիրքը պարզապես հայելի չէ։ Այն նաև օգնում է, որ մարդը իր մեջ հարկ եղած փոփոխություններն անի և ձևավորի այնպիսի հատկություններ, որոնք նպաստում են խաղաղությանն ու համերաշխությանը։ Դրանցից են՝ առաքինությունը, բարությունը, համբերատարությունը, ինքնատիրապետումը և սերը։ Սերը նույնիսկ կոչվում է «միասնության կատարյալ կապ» (Կողոսացիներ 3։14)։ Ինչո՞վ է այն առանձնահատուկ։ Նկատի առեք, թե Աստվածաշնչում ինչ է ասվում այդ հատկության մասին։
-
«Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է.... ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։4–8)։
-
«Սերը մերձավորի հանդեպ չարիք չի գործում» (Հռոմեացիներ 13։10)։
-
«Ամենից շատ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Պետրոս 4։8)։
Երբ ձեզ սիրող մարդկանց հետ եք լինում, ի՞նչ զգացումներ եք ունենում։ Ապահո՞վ եք զգում, հանգի՞ստ եք լինում։ Այո՛, քանի որ գիտեք, որ նրանք ձեզ համար ամենալավն են ցանկանում, երբեք դիտավորյալ ցավ չեն պատճառի ձեզ։
Սերը կարող է նաև մարդուն մղել հանուն ուրիշների զոհողություններ անելու, անգամ փոխելու իր կյանքը։ Նկատի առնենք մի մարդու օրինակ, ում կանվանենք Ջորջ։ Երբ նա պապիկ դարձավ, շատ էր ցանկանում ժամանակ անցկացնել իր թոռնիկի հետ։ Բայց մի խնդիր կար։ Նա մոլի ծխող էր, իսկ նրա փեսան չէր ցանկանում, որ երեխայի մոտ ծխեն։ Ի՞նչ արեց Ջորջը։ Թեև հիսուն տարվա ծխող էր, բայց վերջ դրեց այդ սովորությանը հանուն իր թոռնիկի։ Ահա թե ինչ ուժ ունի սերը։
Աստվածաշունչն օգնում է, որ մեր մեջ ձևավորենք գեղեցիկ հատկություններ, ինչպիսիք են առաքինությունը, բարությունը և հատկապես սերը
Սերը մի հատկություն է, որ մարդ սովորում է դրսևորել։ Այս հարցում մեծ դեր ունեն ծնողները.
նրանք են երեխաներին սովորեցնում ինչպես սիրել։ Նրանք կերակրում ու պաշտպանում են երեխաներին և իսկույն օգնության են հասնում, երբ վերջիններս վնասվածք են ստանում կամ հիվանդանում են։ Լավ ծնողները հաղորդակցվում են իրենց երեխաների հետ, կրթում են նրանց։ Նաև խրատում են՝ սովորեցնելով նրանց, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Լավ ծնողները նաև ձգտում են լավ օրինակ թողնել, ընդօրինակման արժանի կերպար լինել իրենց երեխաների համար։Սակայն, ցավոք, որոշ ծնողներ լավ չեն կատարում իրենց պարտականությունը։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանց երեխաները չեն կարող լավ մարդ դառնալ։ Ամենևի՛ն։ Անառողջ ընտանեկան մթնոլորտում մեծացած շատ մարդիկ, անգամ բավականին հասուն տարիքում, կարողացել են ապշեցուցիչ փոփոխություններ անել իրենց կյանքում՝ դառնալով հոգատար և վստահարժան անձնավորություն։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, նրանցից ոմանք այնպիսի մարդիկ են եղել, որոնց հասարակությունը թերևս անուղղելի կհամարեր։