ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Պատասխանատո՞ւ անձնավորություն եմ
Գնահատիր ինքդ քեզ
Հետևյալ հատկությունները դրսևորում եմ միշտ, մեծ մասամբ, երբեմն, երբեք
ազնվություն
հուսալիություն
ճշտապահություն
աշխատասիրություն
կազմակերպվածություն
արդարություն
պատրաստակամություն
հոգատարություն
Այս հատկություններից որո՞նք են քո ուժեղ կողմերը։
Շարունակիր նույն ոգով (Փիլիպպեցիներ 3:16)։
Իսկ որո՞նց վրա դեռ պետք է աշխատես։
Հետևյալ տեղեկությունները կօգնեն քեզ բարելավումներ անելու։
Ի՞նչ է նշանակում լինել պատասխանատու անձնավորություն
Պատասխանատու մարդը կատարում է իր պարտականությունները՝ լինեն դրանք տնային, դպրոցական թե հասարակական։ Նա գիտակցում է, որ պատասխանատվություն է կրում իր արարքների համար։ Ուստի, երբ ինչ-որ սխալ բան է անում, ընդունում է իր սխալը, ներողություն է խնդրում և փորձում է շտկել իրավիճակը։
Աստվածաշունչն ասում է. «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու» (Գաղատացիներ 6:5)։
Ինչո՞ւ լինել պատասխանատու անձնավորություն
Պատասխանատու անձնավորությունն իր ունակությունները իմաստությամբ է օգտագործում։ Հավանականությունը մեծ է, որ նրան բարձր կգնահատեն, կվերաբերվեն իբրև հասուն մարդու, որոշակի ազատություն կտան ու կարևոր գործեր կվստահեն։
Աստվածաշունչն ասում է. «Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու։ Նա թագավորների առաջ կկանգնի» (Առակներ 22:29)։
Պատասխանատու մարդը սովորաբար առատաձեռն է լինում և ունենում է լավ ընկերներ։
Աստվածաշունչն ասում է. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկաս 6:38)։
Պատասխանատու մարդը գոհունակության և պատշաճ հպարտության զգացում է ունենում, ինչն էլ նպաստում է նրա ինքնահարգանքին։
Աստվածաշունչն ասում է. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար» (Գաղատացիներ 6:4)։
Ինչպե՞ս դառնամ ավելի պատասխանատու
Պատասխանը գտնելու համար նկատի առնենք հետևյալ իրավիճակները։ Փորձիր գտնել, թե որն է ավելի մոտ քո հանգամանքներին։
«Նյարդայնանում եմ, երբ ինձ հետ վարվում են փոքր երեխայի պես և երբ նույնիսկ մեկ ժամով տնից բացակայելու դեպքում անընդհատ պիտի տեղյակ պահեմ մայրիկին ու հայրիկին, թե այդ պահին որտեղ եմ» (Քերի)։
«Ծնողներս, սովորաբար առանց որևէ խնդրի, թույլ են տալիս ընկերներիս հետ տեղ գնալ» (Ռիչարդ)։
«Երբ տեսնում եմ, թե իմ տարիքի աղջիկներին իրենց ծնողները ինչեր են թույլ տալիս, զարմանում եմ՝ ինչո՞ւ իմ ծնողները ինձ թույլ չեն տալիս» (Աննա)։
«Ծնողներս հիմնականում թույլ են տալիս անել այն, ինչ ուզում եմ, և ես շատ շնորհակալ եմ նրանց ինձ նման ազատություն տալու համար» (Մարինա)։
Ամփոփում։ Որոշ երիտասարդների ավելի շատ ազատություն են տալիս, քան մյուսներին։ Ինչո՞ւ։
Փաստ։ Ազատության չափը, որ դու ստանում ես, շատ հաճախ կախված է այն վստահության չափից, որ ձեռք ես բերել։
Տես, թե ինչ են ասում վերը նշված երիտասարդներից երկուսը։
Ռիչարդ։ «Կար ժամանակ, երբ ծնողներս կասկածում էին, որ ճիշտ կպահեմ ինձ, եթե ազատություն տան։ Բայց հիմա նրանք վստահում են ինձ, քանի որ նախկինում չեմ չարաշահել ազատությունս։ Ես երբեք չեմ խաբել ծնողներիս, թե ուր եմ գնում կամ ում հետ եմ գնում։ Նույնիսկ երբ նրանք չեն հարցրել, ես ասել եմ, թե ինչ պլաններ ունեմ»։
Մարինա։ «Կյանքում երկու անգամ եմ խաբել ծնողներիս, երկու անգամն էլ բռնվել եմ։ Դրանից հետո միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ։ Օրինակ՝ ես միշտ մանրամասն ասում եմ նրանց, թե ինչ եմ անում, և երբ դուրս եմ գալիս տնից, միշտ կապ եմ պահում նրանց հետ։ Այժմ նրանք շատ ավելի են վստահում ինձ»։
Կուզենայի՞ր, որ ծնողներդ վերաբերվեին քեզ հետ այնպես, ինչպես Ռիչարդին կամ Մարինային նրանց ծնողները։ Եթե այո, ապա մտածիր, թե հետևյալ ոլորտներում ինչ փոփոխություններ կարող ես անել։
ԸՆՏԱՆԻՔ
Կատարո՞ւմ ես քո ընտանեկան պարտականությունները։
Միշտ ծնողներիդ ասած ժամի՞ն ես տանը լինում։
Հարգալի՞ց ես ծնողներիդ, քույրերիդ և եղբայրներիդ հանդեպ։
Այս հարցերից որո՞նց վրա պետք է աշխատես։
Աստվածաշունչն ասում է. «Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 6:1)։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ժամանակի՞ն ես անում տնային աշխատանքներդ։
Աշխատո՞ւմ ես գնահատականներդ բարձրացնել։
Ունե՞ս ուսումնասիրություն անելու լավ սովորություն։
Այս հարցերից որո՞նց վրա պետք է աշխատես։
Աստվածաշունչն ասում է. «Իմաստությունը.... պաշտպանություն է տալիս» (Ժողովող 7:12)։ Լավ կրթությունը օգնում է իմաստություն ձեռք բերել։
ՀԱՄԲԱՎ
Ծնողներիդ և ուրիշների հետ ազնի՞վ ես։
Խելամտորե՞ն ես ծախսում փողը։
Վստահելի՞ անձնավորություն ես։
Այս հարցերից որո՞նց վրա պետք է աշխատես։
Աստվածաշունչն ասում է. «Հագեք նոր անձնավորությունը» (Եփեսացիներ 4:24)։ Դու կարող ես փոփոխություններ մտցնել քո վարքագծում և ավելի լավ անձնավորություն դառնալ, ինչը դրականորեն կազդի նաև քո համբավի վրա։
Առաջարկ։ Ընտրիր մի ոլորտ, որում պետք է փոփոխություն անես։ Խոսիր տարբեր մարդկանց հետ, ովքեր այդ ոլորտում աչքի են ընկնում, և նրանցից խորհուրդ հարցրու։ Գրիր, թե կոնկրետ ինչպես ես աշխատելու քո մեջ որևէ հատկություն զարգացնելու վրա։ Հետո հետևիր, թե ինչ արդյունքների ես հասնում մեկ ամսվա ընթացքում։ Գրանցիր և՛ հաջողություններդ, և՛ ձախողումներդ։ Ամսվա վերջում ամփոփիր առաջընթացդ։