Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ունե՞մ կամքի ուժ

Ունե՞մ կամքի ուժ

 Կամքի ուժ ունե՞ս։ Երբևէ եղե՞լ է այնպես, որ

  •   կորցնես քո սիրելի անհատին,

  •   տառապես երկարատև հիվանդությունից,

  •   տուժես բնական աղետի պատճառով։

 Հետազոտողներն ասում են, որ կամքի ուժ հարկավոր է դրսևորել ոչ միայն մեծ խնդիրների բախվելիս։ Նույնիսկ ամենօրյա սթրեսը կարող է բացասական ազդեցություն թողնել քո առողջության վրա։ Ուստի շատ կարևոր է, որ կամքի ուժ զարգացնես, անկախ նրանից՝ խնդիրները լուրջ են, թե աննշան։

 Ի՞նչ է կամքի ուժը

 Կամքի ուժը կյանքում տեղի ունեցող փոփոխություններն ու դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու ունակություն է։ Ուժեղ կամքի տեր մարդիկ ապահովագրված չեն խնդիրներից։ Սակայն նրանք կարողանում են դուրս գալ դժվար իրավիճակներից և նույնիսկ եթե վերքեր են ստացել, առաջվանից ավելի ուժեղ են դառնում։

Ինչպես ծառերն են փոթորկի ժամանակ ճկվում, բայց քամին դադարելուց հետո կրկին ուղղվում, այնպես էլ դու կարող ես ոտքի կանգնել դժվարություններից հետո

 Ինչո՞ւ է հարկավոր կամքի ուժ ունենալ

  •   Քանի որ խնդիրներն անխուսափելի են։ Աստվածաշունչն ասում է. «Մրցավազքը արագ վազողներինը չէ.... հաջողությունը գիտուններինը չէ, քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։ Ի՞նչ ենք սովորում այս խոսքերից։ Նույնիսկ լավ մարդիկ են տառապում և հաճախ՝ ոչ իրենց մեղքով։

  •   Քանի որ կամքի ուժ ունենալը պաշտպանում է քեզ։ Ավագ դպրոցի մի խորհրդատու ասում է. «Իմ աշխատասենյակ գալիս են մեծ թվով աշակերտներ, որոնք չեն կարողանում կառավարել իրենց հույզերը՝ վրդովված լինելով այն բանի պատճառով, որ քննությունից ցածր գնահատական են ստացել, կամ սոցիալական կայքերում ինչ-որ մեկը վիրավորել է իրենց»։ Նա հավելում է, որ այս փոքր խնդիրները լուծելու ունակություն չունենալու պատճառով հետագայում նրանք կարող են «մտային և էմոցիոնալ խանգարումներ» ունենալ a։

  •   Քանի որ կամքի ուժ ունենալը օգտակար կլինի քեզ համար թե՛ հիմա, թե՛ հասուն տարիքում։ Հոգեբան Ռիչարդ Լերները կյանքի հիասթափությունների վերաբերյալ գրում է. «Որպեսզի չափահաս տարիքում հաջողությունների հասնեք, պետք է իմանաք՝ ինչպես կրկին ոտքի կանգնել հիասթափություններից հետո, կարողանաք նոր նպատակներ դնել կամ փորձեք այլ ուղիներ փնտրել ցանկալի նպատակին հասնելու համար»։ b

 Ինչպե՞ս կարող ես կամքի ուժ զարգացնել

  •   Ճիշտ տեսանկյունից նայիր խնդիրներիդ։ Սովորիր մեծ խնդիրները տարբերել փոքր խնդիրներից։ Աստվածաշունչն ասում է. «Հիմար մարդն է իր ջղայնությունը հենց նույն օրը ցույց տալիս, բայց խորագետ մարդը անտեսում է վիրավորանքը» (Առակներ 12։16, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։ Թույլ մի՛ տուր, որ ցանկացած խնդիր խոր ազդեցություն թողնի քեզ վրա։

     «Դպրոցում երեխաները ամեն չնչին բանից մեծ պատմություն էին դարձնում։ Հետո սոցիալական կայքերում նրանց ընկերները դրական մեկնաբանություններ էին գրում, ինչով և կրակի վրա յուղ էին լցնում։ Եվ նրանց համար ավելի դժվար էր լինում ճիշտ տեսանկյունից նայել իրենց խնդիրներին և սուր չարձագանքել» (Ջոան)։

  •   Սովորիր ուրիշներից։ Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը սրում է ուրիշի երեսը» (Առակներ 27։17)։ Մենք կարող ենք արժեքավոր բաներ սովորել այն մարդկանցից, ովքեր իրենց կյանքում փոթորկանման խնդիրների են բախվել։

     «Եթե խոսես ուրիշների հետ, կտեսնես, որ թեև նրանք անցել են բազմաթիվ փորձությունների միջով, բայց այժմ իրենց կյանքում ամեն ինչ լավ է։ Խոսիր նրանց հետ և իմացիր, թե ինչ են արել կամ ինչ չեն արել, որպեսզի դիմակայեն այդ դժվարություններին» (Ջուլիա)։

  •   Համբերատար եղիր։ Աստվածաշունչն ասում է. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա» (Առակներ 24։16)։ Ժամանակ է հարկավոր ընդունելու համար, որ ամեն բան միշտ չէ, որ մեր ուզածով է լինում։ Ուստի մի՛ զարմացիր, երբ վատ օրեր ունենաս։ Կարևորն այն է, որ «վեր կենաս»։

     «Երբ դժվարություններից հետո սկսում ես ուշքի գալ, հարկավոր է նկատի ունենալ, որ պետք է բուժել էմոցիոնալ վերքերը։ Դա ժամանակատար պրոցես է։ Ես հասկացել եմ, որ ժամանակի ընթացքում ապաքինումը ավելի արագ ու հեշտ է ընթանում» (Անդրեա)։

  •   Երախտագետ եղիր։ Աստվածաշունչն ասում է. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15)։ Անկախ նրանից, թե որքան լուրջ է այն դժվարությունը, որին բախվել ես, հիշիր հետևյալը. միշտ կան բաներ, որոնց համար կարող ես երախտապարտ լինել։ Մտածիր երեք բաների մասին, որոնք իմաստավորում են քո կյանքը։

     «Երբ բախվում ես խնդիրների, դժվար է չհարցնել՝ ինչո՞ւ հենց ես։ Ուժեղ կամքի տեր մարդը չի կենտրոնանում խնդիրների վրա։ Նա դրական տրամադրվածություն ունի և երախտապարտ է այն ամենի համար, ինչ ունի կամ կարող է անել» (Սամանտա)։

  •   Գոհունակ եղիր։ Պողոս առաքյալն ասել է. «Սովորել եմ գոհ լինել» (Փիլիպպեցիներ 4։11)։ Պողոսը չէր կարող վերահսկել իր դժվարությունները, բայց կարող էր վերահսկել իր արձագանքը։ Նա վճռել էր գոհ լինել։

     «Իմ մասին կարող եմ ասել, որ դժվարություններին միշտ չէ, որ միանգամից ճիշտ եմ արձագանքում։ Ես նպատակ ունեմ դրական տեսակետ զարգացնելու ցանկացած իրավիճակի հանդեպ։ Դա օգուտ կտա ոչ միայն ինձ, այլև իմ շրջապատի մարդկանց» (Մեթյու)։

  •   Աղոթիր։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղմոս 55։22)։ Աղոթքը զուտ թեթևացում ստանալու միջոց չէ։ Այն իրական հաղորդակցություն է Արարչի հետ, ով «հոգ է տանում քո մասին» (1 Պետրոս 5։7

     «Ես ստիպված չեմ մենակ պայքարել։ Երբ խնդիրներիս մասին անկաշկանդ ու անկեղծորեն աղոթում եմ և ապա օրհնություններիս համար Աստծուն շնորհակալություն հայտնում, ձերբազատվում եմ բացասական զգացումներից, քանի որ կենտրոնանում եմ Եհովայի տված օրհնությունների վրա։ Աղոթքը շա՜տ կարևոր է» (Կարլոս)։

a Թոմաս Քերսթինգի «Disconnected» գրքից։

b «The Good Teen—Rescuing Adolescence From the Myths of the Storm and Stress Years» գրքից։