ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ի՞նչ անեմ, եթե ծնողներս բաժանվում են
Ծնողների բաժանումը ամենասթրեսային իրավիճակներից է երեխայի կյանքում։ Ինչպե՞ս կարող ես ուշքի գալ այդ ծանր հարվածից հետո։
Այս հոդվածում՝
Երեք բան, որ չպետք է անես
1. Մի՛ մեղադրիր ինքդ քեզ
«Մի անգամ մայրս ասաց ինձ, որ իր ու հորս միջև բոլոր խնդիրները իմ ծնվելուց հետո են սկսվել, դրա համար մտածեցի, որ ծնողներիս ամուսնությունը իմ պատճառով է քանդվել» (Դայանա)։
Հիշիր։ Ծնողներիդ բաժանման հետ դու կապ չունես։ Դա նրանց միջև ծագած տարաձայնությունների հետևանքն է։ Նրանց խնդիրների պատճառը դու չես, և չես էլ կարող լուծել դրանք։ Ծնողներդ են պատասխանատու իրենց ամուսնական խնդիրները լուծելու համար։
2. Դառնացած մի՛ մնա
«Ես շատ բարկացած եմ հորս վրա, քանի որ դավաճանել է մորս։ Չգիտեմ էլ՝ ինչքան պետք է ջանք թափի, որ հետ բերի իմ վստահությունը» (Ռիանա)։
Հիշիր։ Գուցե շատ զայրացած ու նեղված ես ծնողներիդ միջև տեղի ունեցածից ու դրա համար հիմնավոր պատճառներ ունես։ Բայց դառնացած մնալը վտանգավոր է։ Այդպես դու ինքդ քեզ ես վնասում թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես։ Դրա համար էլ ասում են, որ դառնությունը սրտում պահելը նույնն է, ինչ թույն խմես ու սպասես, որ ուրիշը տուժի։ a
3. Մի՛ մտածիր, որ ապագայում քո ամուսնությունն էլ կձախողվի
«Շատ եմ վախենում, որ ես էլ կանեմ այն, ինչ հայրս արեց։ Մտածում եմ, որ եթե ամուսնանամ ու երեխաներ ունենամ, նույն սխալը կկրկնեմ ու ի վերջո բաժանման շեմին կկանգնեմ» (Ջեսիկա)։
Հիշիր։ Եթե ծնողներիդ ամուսնությունը քանդվել է, դա դեռ չի նշանակում, որ քոնն էլ կքանդվի։ Բացի այդ՝ շատ բան կարող ես սովորել ծնողներիդ հետ պատահածից, օրինակ՝ ինչ հատկանիշներ փնտրես քո ապագա կողակցի մեջ։ Նաև թերևս մղվես այնպիսի հատկություններ զարգացնել, որոնց շնորհիվ ինքդ ավելի լավ ամուսին կամ կին կլինես։
Երեք բան, որ պետք է անես
1. Խոսիր ապրումներիդ մասին։ Բացասական զգացումները ներս գցելու դեպքում մեծանում է ինքնակործանման տանող սովորություններ ձեռք բերելու հավանականությունը, ինչպիսիք են ալկոհոլի չարաշահումը կամ թմրամոլությունը։ Այդպիսի ուղի բռնելու փոխարեն փորձիր հետևյալը.
Խոսիր ծնողներիդ հետ։ Եթե ծնողներդ կամ նրանցից մեկը փորձում է ներքաշել քեզ իրենց խնդիրների մեջ, հանգիստ, բայց հստակ բացատրիր, թե դա որքան վատ է անդրադառնում քեզ վրա։ Եթե դժվարանում ես երես առ երես խոսել, կարող ես նամակ գրել։
Խոսիր վստահելի ընկերոջ հետ։ Երբ քեզ լսող կա, դա արդեն իսկ մեծ թեթևացում է։ Աստվածաշնչում ասվում է, որ «իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։
Խոսիր Արարչիդ հետ։ Եհովա Աստված՝ «աղոթքներ Լսողը», միշտ պատրաստ է լսել քեզ (Սաղմոս 65։2)։ Աստվածաշունչը հորդորում է, որ «քո ամբողջ հոգսը նրա վրա գցես, որովհետև նա հոգ է տանում քեզ համար» (1 Պետրոս 5։7)։
Ծնողներիցդ ո՞ր մեկի հետ կարող ես հանդարտ ու զուսպ խոսել։
Վստահելի ընկերներիցդ (հասակակից թե չափահաս) ո՞ր մեկը կարող է քո «շտապօգնության» թիմի մեջ ընդգրկվել։
Հատկապես ո՞ր հարցերի մասին կարող ես աղոթել։
2. Հարմարվիր փոփոխություններին
Ծնողներիդ բաժանման պատճառով գուցե կարիք լինի, որ հարմարվես մի շարք փոփոխությունների՝ նոր տուն, նոր դպրոց, սահմանափակ ֆինանսական միջոցներ և գուցե անգամ նոր ընկերներ։ Հասկանալի է, որ դա կարող է լարվածություն ու սթրես առաջացնել։ Գուցե այնպիսի զգացողություն ունենաս, թե կյանքդ գլխիվայր շուռ է եկել։ Ի՞նչը կօգնի, որ ավելի հեշտ տանես փոփոխությունները։ Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչպես կարող ես հարմարվել նոր հանգամանքներին։
Ո՞րն է ծնողներիդ բաժանման պատճառով քո կյանքում եղած ամենամեծ փոփոխությունը։
Ի՞նչ կարող ես անել դրան հարմարվելու համար։
3. Ճանաչիր քո ուժեղ կողմերը
Թեև ծնողների ամուսնալուծությունը ծանր ապրումներ է պատճառում, բայց այն կարող է նաև օգնել, որ բացահայտես քո ուժեղ կողմերը։ Դա անգամ կարող է նպաստել, որ նոր ուժեղ կողմեր ձեռք բերես։ Ջերեմին, ում ծնողները բաժանվեցին, երբ նա 13 տարեկան էր, ասում է. «Ծնողներիս բաժանումը ստիպեց, որ ավելի պատասխանատու մարդ դառնամ։ Քանի որ ավագ երեխան էի, պետք է ավելի շատ օգնեի մորս, ինչպես նաև աջակցեի փոքր եղբորս»։
Ծնողներիդ հետ պատահածի արդյունքում ի՞նչ ուժեղ կողմեր ես բացահայտել քո մեջ։
Ո՞ր հարցերում կուզես բարելավվել։
a Ավելին իմանալու համար տես «Ինչպե՞ս կարող եմ զսպել բարկությունս» հոդվածը։