Ո՞վ է Եհովան
Աստվածաշնչի պատասխանը
Եհովան ճշմարիտ Աստվածն է, որի մասին գրված է Աստվածաշնչում, և բոլոր բաների Արարիչը (Հայտնություն 4:11)։ Աբրահամ և Մովսես մարգարեները, ինչպես նաև Հիսուսը երկրպագում էին նրան (Ծննդոց 24:27; Ելք 15:1, 2; Հովհաննես 20:17)։ Նա ոչ թե մեկ ժողովրդի, այլ «ողջ երկրի» Աստվածն է (Սաղմոս 47:2)։
«Եհովան» Աստծու անզուգական անունն է՝ գրված Աստվածաշնչում (Ելք 3:15; Սաղմոս 83:18)։ Այն ծագել է եբրայերեն մի բայից, որը նշանակում է «դառնալ», և մի շարք գիտնականների կարծիքով՝ այդ անունը նշանակում է «նա դարձնում է»։ Աստծու անվան նշանակությունը լիովին նկարագրում է նրա դերը որպես Արարիչ և որպես իր նպատակներն Իրագործող (Եսայիա 55:10, 11)։ Աստվածաշունչը օգնում է մեզ ճանաչելու այդ անունը կրող անձնավորությանը և տեսնելու նրա գլխավոր հատկությունը՝ սերը (Ելք 34:5–7; Ղուկաս 6:35; 1 Հովհաննես 4:8)։
«Եհովա» անունը Աստծու եբրայերեն անձնանվան հայերեն տառադարձված ձևն է, որը կազմված է չորս տառերից՝ יהוה (ՅՀՎՀ)։ Այդ չորս բաղաձայնները հայտնի են որպես քառագիր։ Հին եբրայերենով Աստծու անվան արտասանության ճշգրիտ ձևը հայտնի չէ։ Սակայն շատ լեզուներով, այդ թվում հայերենով Աստծու անունը վաղուց հայտնի է «Եհովա» ձևով։ a
Ինչո՞ւ հին եբրայերենով Աստծու անվան արտասանությունը հայտնի չէ
Հին եբրայերենում ձայնավորներ չեն եղել։ Եբրայախոս ընթերցողները բառի մեջ հեշտությամբ դնում էին համապատասխան ձայնավորները։ Սակայն Եբրայերեն Գրությունների (Հին Կտակարանի) գրության ավարտից հետո որոշ հրեաներ սնապաշտորեն սկսեցին հավատալ, որ Աստծու անունը չի կարելի բարձրաձայն արտաբերել։ Երբ նրանք բարձրաձայն աստվածաշնչյան որևէ համար էին կարդում, որում կար Աստծու անձնանունը, այն փոխարինում էին «Տեր» կամ «Աստված» բառերով։ Դարեր անց այդ սնոտիապաշտական տեսակետը տարածվեց, և ի վերջո արտասանության հին ձևը մոռացվեց։ b
Ոմանց կարծիքով՝ Աստծու անունը հնչել է «Յահվե», ուրիշների կարծիքով՝ այլ կերպ։ Մեռյալ ծովի ձեռագրերից մեկում, որը պարունակում է մի հատված հունարեն թարգմանված «Ղևտական» գրքից, Աստծու անունը տառադարձված է Իաո։ Բացի այս ձևից, հին հույն գրողները այն տառադարձել են Իաե, Իաբե և Իաուե ձևերով։ Սակայն ոչ մի փաստ չկա, որ արտասանության այս ձևերից որևէ մեկը գործածվել է հին եբրայերենում։ c
Սխալ կարծիքներ Աստվածաշնչում Աստծու անվան գործածության վերաբերյալ
Սխալ կարծիք։ Եթե Աստվածաշնչի թարգմանության մեջ գործածված է «Եհովա» անունը, ապա այն ավելացված է։
Փաստ։ Աստվածաշնչում Աստծու անվան եբրայերեն քառագիրը հանդիպում է մոտ 7 000 անգամ։ d Շատ թարգմանություններում Աստծու անունը դիտավորյալ կերպով հանվել է և փոխարինվել, օրինակ, «Տեր» տիտղոսով։
Սխալ կարծիք։ Ամենակարող Աստված հատուկ անվան կարիք չունի։
Փաստ։ Աստված ինքն է ներշնչել Աստվածաշունչը գրողներին, որ հազարավոր անգամներ գրի առնեն իր անունը, և նա հորդորում է իրեն երկրպագողներին, որ գործածեն այն (Եսայիա 42:8; Հովել 2:32; Մաղաքիա 3:16; Հռոմեացիներ 10:13)։ Աստված դատապարտում էր սուտ մարգարեներին, ովքեր փորձում էին իր անունը մոռացնել տալ ժողովրդին (Երեմիա 23:27)։
Սխալ կարծիք։ Հետևելով հրեական ավանդույթին՝ Աստծու անունը հարկավոր է հանել Աստվածաշնչից։
Փաստ։ Հրեա որոշ դպիրներ, ճիշտ է, հրաժարվում էին Աստծու անունն արտասանելուց, սակայն Սուրբ Գրքերն արտագրելիս այն չէին հանում տեքստից։ Ամեն դեպքում, Աստված չի ցանկանում, որ մենք հետևենք մարդկային ավանդույթներին և խախտենք իր պատվիրանները (Մատթեոս 15:1–3)։
Սխալ կարծիք։ Աստծու անունը չպետք է գործածվի Աստվածաշնչում, որովհետև նրա անվան ճշգրիտ արտասանությունը եբրայերենով հայտնի չէ։
Փաստ։ Ըստ այս տրամաբանության՝ Աստված ակնկալում է, որ տարբեր լեզուներով խոսող մարդիկ իր անունը նույն ձևով արտասանեն։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծու վաղեմի ծառաները, ովքեր տարբեր լեզուներով էին խոսում, հատուկ անունները տարբեր կերպերով էին արտասանում։
Օրինակ՝ նկատի առնենք իսրայելացի դատավոր Հեսուին։ Առաջին դարում ապրած եբրայախոս քրիստոնյաները նրա անունը արտասանում էին Եհոշուա, իսկ հունախոսները՝ Իեսուս։ Այն, որ Աստվածաշնչում արձանագրված է եբրայերեն Հեսու անվան հունարեն թարգմանությունը, ցույց է տալիս, որ քրիստոնյաները, խոհեմաբար վարվելով, գործածում էին հատուկ անունների այն ձևը, որն ընդունված էր իրենց լեզվում (Գործեր 7:45; Եբրայեցիներ 4:8)։
Նույն սկզբունքը կարելի է կիրառել Աստծու անունը թարգմանելիս։ Աստծու անվան ճշգրիտ արտասանությունը իմանալուց շատ ավելի կարևոր է այն, որ այդ անունը լինի Աստվածաշնչի բոլոր այն տեղերում, որտեղ որ այն եղել է ի սկզբանե։
a Աստվածաշնչի «Արարատ» արևելահայերեն թարգմանությունը (1896 թ. հրատարակություն), որն այսօր մատչելի է բոլորին, 2 300-ից ավելի անգամ օգտագործում է Աստծու անվան «Եհովա» ձևը։ Անվան այս ձևը ավելի քան 400 անգամ հանդիպում է արևմտահայերեն Աստվածաշնչում, որը լույս է տեսել 1853 թ.-ին։ «Բառարան Սուրբ Գրոցը» (1881 թ.) մի առանձին բառահոդված է ներկայացնում «Եհովա» վերնագրով։ Եվ վերջապես, 19-րդ և 20-րդ դարի շատ հայ գրողներ իրենց ստեղծագործություններում օգտագործել են «Եհովա» անունը, ինչը նույնպես փաստում է, որ Աստծու անվան այս ձևը հայտնի է եղել հայ իրականության մեջ։
b Նոր կաթոլիկական հանրագիտարանում» նշվում է. «Բաբելոնի գերությունից վերադառնալուց որոշ ժամանակ անց հրեաները սկսեցին հատուկ ակնածանքով վերաբերվել «Յահվե» անվանը, և սովորություն դարձավ այն փոխարինել ԱԴՈՆԱՅ կամ ԷԼՈՀԻՄ բառերով» (The New Catholic Encyclopedia, Second Edition, հատոր 14, էջ 883, 884)։
c Ավելի շատ տեղեկություն ստանալու համար տես «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց», մաս 1 («Աստծու անունը Եբրայերեն Գրություններում»)։
d Տես Theological Lexicon of the Old Testament, հատոր 2, էջ 523, 524։