Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը
Աստվածաշնչի պատասխանը
Հովհաննես Մկրտիչը Աստծու մարգարե էր (Ղուկաս 1։76)։ Նա ծնվել է մ.թ.ա. 2 թ.-ին և մահացել է մ.թ. 32 թ.-ին։ Աստված հանձնարարել էր նրան ճանապարհ պատրաստել Մեսիայի՝ Քրիստոսի համար։ Նա Աստծու խոսքն էր քարոզում հրեաներին և փորձում էր հաշտեցնել նրանց Աստծու հետ (Մարկոս 1։1–4; Ղուկաս 1։13, 16, 17)։
Հովհաննեսի հայտնած լուրը օգնելու էր անկեղծ սիրտ ունեցող մարդկանց հասկանալ, որ նազովրեցի Հիսուսը խոստացյալ Մեսիան է (Մատթեոս 11։10)։ Հովհաննեսը հորդորում էր իր ունկնդիրներին զղջալ և որպես զղջման խորհրդանիշ՝ մկրտվել (Ղուկաս 3։3–6)։ Նրան կոչում են Հովհաննես Մկրտիչ, քանի որ նա շատ մարդկանց է մկրտել։ Հիսուսի մկրտությունը Հովհաննեսի կատարած ամենակարևոր մկրտությունն էր (Մարկոս 1։9)։ a
Այս հոդվածում՝
Ի՞նչն էր Հովհաննես Մկրտչին առանձնահատուկ դարձնում
Մարգարեացված էր, թե ինչ գործունեությամբ էր նա զբաղվելու։ Հովհաննեսը քարոզելով դարձավ Եհովայի պատգամաբերը, ում մասին կանխագուշակված էր Աստվածաշնչում (Մաղաքիա 3։1; Մատթեոս 3։1–3)։ Նա «Եհովայի համար նախապատրաստված մի ժողովուրդ կազմեց», այսինքն՝ հրեաների համար ճանապարհ հարթեց, որ ընդունեն Եհովա Աստծու գլխավոր ներկայացուցչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնած լուրը (Ղուկաս 1։17)։
Հոգևոր ժառանգություն: Հիսուսն ասել է. «Դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի, սակայն երկնային թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է» (Մատթեոս 11։11)։ Հովհաննեսից առաջ ապրած Աստծու ծառաներից ոչ մեկը նրանից մեծ չէ, քանի որ նա այն «պատգամաբերն է», ում մասին մարգարեացվել էր։ Հիսուսի այս խոսքերից հասկանում ենք նաև, որ Հովհաննեսը չի լինելու իր թագավորակիցներից մեկը երկնքում։ b Այս հավատարիմ մարգարեն մահացավ, նախքան Հիսուսը կբացեր երկնային կյանքի ճանապարհը (Եբրայեցիներ 10։19, 20)։ Սակայն Հովհաննեսը կլինի Աստծու Թագավորության երկրային հպատակների շարքում՝ դրախտում հավիտյան ապրելու հեռանկարով (Սաղմոս 37։29; Ղուկաս 23։43)։
Ովքե՞ր էին Հովհաննես Մկրտչի ծնողները
Հովհաննեսի ծնողներն էին Զաքարիան և Եղիսաբեթը։ Զաքարիան հրեա քահանա էր։ Հովհաննեսի ծնունդը իսկական հրաշք էր, քանի որ նրա մայրը ամուլ էր։ Բացի այդ՝ նրա ծնողները «երկուսն էլ տարիքն առած էին» (Ղուկաս 1։5–7, 13)։
Ո՞ւմ պատճառով մահացավ Հովհաննես Մկրտիչը
Հերովդես Անտիպաս թագավորը հրամայեց գլխատել նրան։ Նա դա արեց իր կնոջ՝ Հերովդիայի դրդմամբ։ Վերջինս ատում էր Հովհաննեսին, քանի որ նա ասել էր, թե Հերովդիայի ու իրեն հրեա համարող Հերովդեսի ամուսնությունը դեմ է Օրենքին (Մատթեոս 14։1–12; Մարկոս 6։16–19)։
Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը մրցակիցնե՞ր էին
Այն կարծիքը, թե Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը մրցակիցներ են, աստվածաշնչյան հիմք չունի (Հովհաննես 3։25–30)։ Ընդհակառակը՝ Հովհաննեսը ընդունում էր, որ պետք է ճանապարհ պատրաստի Մեսիայի համար, ոչ թե մրցի նրա հետ։ Հովհաննեսն ասաց. «Ես ջրում եմ մկրտում.... որ նա հայտնի դառնա Իսրայելին»։ Նաև հավելեց. «Նա է Աստծու Որդին» (Հովհաննես 1։26–34)։
a Հիսուսը «ոչ մի մեղք չգործեց» (1 Պետրոս 2։21, 22)։ Նա մկրտվեց ոչ թե իր մեղքերի քավության, այլ իր անձը Աստծուն ներկայացնելու և նրա կամքը կատարելու համար։ Աստծու կամքի մեջ էր մտնում նաև իր կյանքը մեզ համար տալը (Եբրայեցիներ 10։7–10)։
b Տես «Ովքե՞ր են գնում երկինք» հոդվածը։