Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեխաները և սմարթֆոնները (մաս 2): Ինչպե՞ս սովորեցնեմ երեխայիս խելամտորեն օգտվել սմարթֆոնից

Երեխաները և սմարթֆոնները (մաս 2): Ինչպե՞ս սովորեցնեմ երեխայիս խելամտորեն օգտվել սմարթֆոնից

 Սմարթֆոնը նման է հզոր գործիքի, որը կարող է և՛ օգտակար, և՛ վտանգավոր լինել՝ կախված նրանից, թե այն ինչպես են օգտագործում։ Ինչպե՞ս կարող ես երեխաներիդ սովորեցնել խելամտորեն օգտվել այս հզոր գործիքից։ Օրինակ՝ որքա՞ն ժամանակ նրանք կարող են անցկացնել էկրանի առաջ։ a

 Ինչ պետք է իմանաս

  •   Սմարթֆոնը կարող է երեխային վտանգի ենթարկել։ Ինչպես նշվում էր «Երեխաները և սմարթֆոնները: Արժե՞, որ երեխաս սմարթֆոն ունենա» հոդվածի առաջին մասում, սմարթֆոնը երեխային սկուտեղի վրա մատուցում է այն, ինչ առաջարկվում է ինտերնետում՝ լինի լավ, թե վատ։

     «Շատ հաճախ մոռանում ենք, որ սմարթֆոնը կարող է մեր երեխաներին ամեն տեսակ վտանգավոր մարդկանց ու գաղափարների թիրախը դարձնել» (Բրենդա)։

  •   Երեխաներն առաջնորդության կարիք ունեն։ Պատանիները ծնված օրվանից օգտվում են նորագույն տեխնոլոգիաներից, մինչդեռ ավագ սերունդը երբեմն գլուխ չի հանում դրանցից։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ ծնողները չեն կարող ճիշտ առաջնորդություն տալ, և որ երեխաները ավելի լավ գիտեն, թե ինչպես և երբ ճիշտ կլինի օգտվել հեռախոսից։

     Թերևս երեխաներդ ավելի հմտորեն են օգտվում հեռախոսների ֆունկցիաներից, սակայն նրանց այդ ունակությունը չի մատնանշում, որ նրանք հասուն են։ Նույնիսկ տեխնոլոգիաներին շատ ծանոթ երեխաներն իրենց ծնողների առաջնորդության կարիքն ունեն, որպեսզի պատասխանատվությամբ վերաբերվեն սմարթֆոնի օգտագործմանը։

     «Երբ երեխայիդ սմարթֆոն ես տալիս առանց նրա հետ մարզում անցկացնելու, կարծես նախքան երեխայիդ վարել սովորեցնելը նրան մեքենայի բանալիները տաս, նստեցնես ղեկին, գործարկես շարժիչը և ասես՝ զգույշ կլինես» (Սեթ)։

 Ինչ կարող ես անել

  •   Սովորիր օգտվել երեխայիդ հեռախոսի ֆունկցիաներից։ Ծանոթացիր այն գործիքներին, որոնք երեխայիդ կօգնեն խելամտորեն օգտվել հեռախոսից։ Օրինակ՝

     Հեռախոսն ի՞նչ կարգավորումներ ունի, որոնք թույլ կտան ծնողներին սահմանափակել հեռախոսի օգտագործումը։

     Տեղյա՞կ ես, որ հեռախոսի կարգավորումները միշտ չէ, որ անպատշաճ նյութերը արգելափակելու հարցում հուսալի են։

     Որքան շատ բան իմանաս երեխայիդ սմարթֆոնի մասին, այնքան հեշտ կլինի քեզ օգնել նրան։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Գիտելիք ունեցող մարդը ամրապնդում է իր զորությունը» (Առակներ 24։5):

  •   Սահմաններ դիր։ Որոշիր, թե ինչն է թույլատրելի լինելու, ինչը՝ ոչ։ Օրինակ՝

     Երեխայիդ թույլ տալո՞ւ ես ճաշի ժամանակ հեռախոսը սեղանին դնել կամ այն օգտագործել ընկերական և ընտանեկան հավաքույթների ժամանակ։

     Երեխաներդ գիշերը հեռախոսն իրենց մո՞տ են պահելու։

     Ո՞ր հավելվածներից ես նրանց թույլ տալու, որ օգտվեն։

     Ամենաշատը որքա՞ն ժամանակ կարող են օգտվել հեռախոսից։

     Ժամանակ սահմանելո՞ւ ես, թե օրական որքան կարող են այն օգտագործել։

     Հստակ հայտնիր կանոնները և պատրաստ եղիր պատժելու կամ խրատելու երեխաներիդ, եթե խախտեն դրանք։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Երեխայից խրատը հետ մի՛ պահիր» (Առակներ 23։13

  •   Ստուգիր երեխայիդ հեռախոսը։ Դու պետք է իմանաս նրա հեռախոսի գաղտնաբառը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստուգես նրա հեռախոսի հաղորդագրությունները, հավելվածները, նկարները կամ այցելած կայքերը։

     «Մենք ասել ենք մեր երեխային, որ երբեմն գուցե առանց նրան ասելու հեռախոսը ստուգենք։ Եթե նա անպատասխանատու քայլեր անի, մենք սահմանափակումներ կդնենք» (Լորեյն)։

     Որպես ծնող՝ դու իրավունք ունես իմանալու, թե երեխադ ինչպես է օգտվում իր հեռախոսից։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակներ 20։11

  •   Նրա մեջ արժեքներ սերմանիր։ Օգնիր երեխայիդ, որ նա ցանկանա ճիշտն անել։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Եթե երեխան շատ ուզենա, կարող է որոշ բաներ թաքցնել իր ծնողից, նույնիսկ երբ վերջինս շատ ջանքեր է գործադրում վերահսկողության հարցում։ b

     Այդ իսկ պատճառով երեխայիդ սովորեցրու, որ այնպիսի լավ հատկություններ զարգացնի, ինչպիսիք են ազնվությունը և ինքնատիրապետումը, ինչպես նաև օգնիր նրան դառնալ պատասխանատու անձնավորություն։ Բարոյական արժեքներ ունեցող երեխան առավել հավանական է, որ խելամտորեն կօգտվի հեռախոսից։

     Աստվածաշնչյան սկզբունք. «[Հասուն մարդիկ]. . . .իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14

a Այս հոդվածում «սմարթֆոն» բառը վերաբերում է ցանկացած հեռախոսի, որը ինտերնետ մուտք գործելու հնարավորություն ունի։ Ըստ էության, դրանք փոքր համակարգիչներ են։

b Որոշ պատանիներ օգտագործում են գաղտնի հավելվածներ, որոնք կարող են ունենալ, օրինակ, հաշվիչի տեսք։ Այդ հավելվածները առաջին հայացքից կարող են անվնաս թվալ, սակայն դրանց օգնությամբ պատանին կարող է իր ծնողներից թաքցնել այն, ինչ ուզում է։