Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ երեխադ ցանկանում է վերջ դնել իր կյանքին

Երբ երեխադ ցանկանում է վերջ դնել իր կյանքին

 Վերջին տարիներին շատ երկրներում պատանիների ինքնասպանության դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Ո՞րն է պատճառը։ Ձեր երեխա՞ն էլ է վտանգի տակ։

Այս հոդվածում՝

 Երեխաները և ինքնասպանությունը. ինչո՞ւ արժե մտահոգվել

 ԱՄՆ-ում 2009-2019 թթ.-ին ավագ դպրոցում սովորող այն աշակերտների թիվը, ովքեր դեպրեսիայի ախտանշաններ ունեն, աճել է 40 տոկոսով։ Այդ ընթացքում ինքնասպանությունների թիվը նույնպես աճել է։ a

 «Ներկայիս երիտասարդ սերունդը աննախադեպ դժվարությունների է բախվում։ Այդ խնդիրները աղետալի ազդեցություն են ունենում նրանց հոգեկան առողջության վրա» (Վիվեկ Մըրֆի, ԱՄՆ գլխավոր վիրաբույժ)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22

 Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք երեխադ վտանգի տակ է

 Հաշվի առ հետևյալ գործոնները.

  •   Դեպքեր։ Երեխայիդ կյանքում ողբերգությո՞ւն է եղել՝ մերժում, բաժանում, ինչ-որ ձախողում կամ հարազատի կորուստ։ Եթե այո, ապա այն կարող է քո մտածածից ավելի մեծ հետք թողած լինել նրա վրա։

  •   Վարքագիծ։ Երեխադ մեկուսացե՞լ է ընկերներից կամ ընտանիքից։ Կորցրե՞լ է հետաքրքրությունը իր սիրելի զբաղմունքների հանդեպ։ Սկսել է ազատվե՞լ իր համար թանկ իրերից։

  •   Խոսքեր։ Երեխադ խոսո՞ւմ է մահվան մասին կամ անու՞մ է այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է՝ «ավելի լավ չէ՞ր՝ չլինեի»։ Խոսո՞ւմ է այն մասին, որ չի ուզում ձեզ համար բեռ լինել։

     Իհարկե, նման արտահայտությունները գուցե ուղղակի անմիտ խոսքեր լինեն (Հոբ 6։3)։ Բայց հնարավոր է նաև, որ դրանք օգնության կանչ են։ Ուստի երբեք մի՛ անտեսիր մահվան մասին երեխայիդ արտահայտած որևէ միտք։

 Եթե երեխադ խոստովանում է, որ մտածել է կյանքին վերջ դնելու մասին, կարող ես հարցնել. «Իսկ մտածե՞լ ես՝ երբ և ինչպես դա անել»։ Նրա պատասխանը կհուշի, թե իրավիճակը որքան անհետաձգելի է։

 «Որպես ծնողներ՝ գուցե խուսափենք հարցեր տալ երեխաներին՝ վախենալով նրանց պատասխանից։ Բայց եթե նրանք ասում են այն, ինչ զգում են, ավելի լավ չի՞ լինի՝ բացահայտենք դա» (Սանդրա)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք» (Առակներ 20։5

 Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք երեխադ վտանգի տակ է

  •   Համբերությամբ բացահայտիր, թե ինչ կա նրա սրտում։ Նախ՝ գովիր նրան անկեղծության համար։ Հետո կարող ես ասել. «Ուզում եմ հասկանալ՝ ինչ ապրումների մեջ ես։ Կպատմե՞ս վերջերս ինչերի միջով ես անցել»։ Կամ հարցրու. «Կարո՞ղ ես նկարագրել, թե ինչ ես զգում»։

     Համբերությամբ լսիր երեխայիդ պատասխանները։ Մի՛ ասա, թե նրա զգացմունքներն անկարևոր են և անտեղի, ոչ էլ շտապիր լուծումներ առաջարկել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19

  •   Կանխարգելիչ պլան մշակիր։ Օգնիր երեխայիդ առանձնացնել և գրի առնել հետևյալը.

     Նախազգուշացնող նշաններ։ Սովորաբար ո՞ր մտածելակերպն ու հանգամանքներ են նախորդում ինքնասպանության մասին մտքերին։

     Օգտակար զբաղմունքներ։ Որո՞նք են այն ամենաարդյունավետ զբաղմունքները, որ նվազեցնում են սթրեսը և օգնում մոռանալ ինքնասպանության մասին մտքերը։

     Վստահելի մարդիկ։ Երեխադ ունի՞ այնպիսի մարդկանց շրջապատ, որոնք անմիջապես օգնության են հասնում։ Նրանց թվում կարող ես լինել դու, մեկ այլ վստահելի չափահաս, հոգեկան առողջության մասնագետ կամ կազմակերպություն, որն օգնում է ինքնասպանության մասին մտքեր ունեցող անհատներին։

    Կանխարգելիչ պլան մշակեք

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5

  •   Զգոն մնա։ Հսկողության տակ պահիր իրավիճակը, նույնիսկ եթե թվում է, որ երեխադ արդեն լավ է։

     «Երբ տղաս ասաց, որ այլևս ինքնասպանության մասին մտքեր չի ունենում, մտածեցի, թե խնդիրը հաղթահարել է։ Բայց ես չարաչար սխալվում էի։ Անհատը կարող է մեկ այլ հոգեկան ցնցում ապրել և վերադառնալ ինքնասպանության մտքերին, այն էլ՝ շատ անսպասելի» (Դանիել)։

     Օգնիր երեխայիդ հասկանալ զգացմունքների մասին մի կարևոր ճշմարտություն. դրանք ժամանակավոր են։ Մի գրքում ասվում է. «Դրանք նման են եղանակի։ Անձրևը իրական է։ Անմտություն կլինի կանգնել հեղեղի տակ և ձևացնել, թե անձրև չի գալիս։ Բայց նաև անմտություն կլինի կարծել, թե արևը էլ երբեք դուրս չի գա» (The Whole-Brain Child)։

  •   Հավաստիացրու։ Ասա երեխայիդ, որ սիրում ես նրան ու պատրաստ ես ամեն պահի աջակցել։ Կարող ես ավելացնել. «Ձեռքիցս եկածը կանեմ, որ օգնեմ քեզ հաղթահարել այս ամենը»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

a Դեպրեսիայով տառապող մարդկանց մեծամասնությունը ինքնասպանություն չի գործում։ Այնուամենայնիվ, իրենց կյանքին վերջ տված մարդկանցից շատերը երկար ժամանակ դեպրեսիա են ունեցել։