Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ի՞նչ կարող եմ անել, եթե երեխայիս բուլիինգի են ենթարկում

Ի՞նչ կարող եմ անել, եթե երեխայիս բուլիինգի են ենթարկում

 Ձեր որդին ասում է, որ դպրոցում իրեն բուլիինգի են ենթարկում։ Ի՞նչ կարող եք անել։ Պահանջել, որ ուսուցիչները պատժե՞ն խուլիգանին։ Սովորեցնել ձեր որդուն հակադարձե՞լ։ Որոշում կայացնելուց առաջ նկատի առեք որոշ օգտակար տեղեկություններ։ a

 Ի՞նչ պետք է իմանամ բուլիինգի մասին

 Ի՞նչ է բուլիինգը։ Բուլիինգը որևէ անձի կողմից ֆիզիկական ուժի կամ հոգեբանական ճնշման գործադրումն է այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական և նպատակային բնույթ։ Հետևաբար վիրավորանքի ոչ բոլոր դրսևորումները կամ ոչ բոլոր ագրեսիվ գործողությունները կարելի է որակել որպես բուլիինգ։

 Ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչ է բուլիինգը։ Որոշ մարդիկ այդպես են կոչում ցանկացած վիրավորական արարք՝ անկախ նրանից, այն փոքր է, թե մեծ։ Սակայն ամեն անգամ մրջյունից փիղ սարքելով՝ դուք ակամայից կարող եք երեխային ներշնչել, որ նա ի վիճակի չէ կոնֆլիկտները ինքնուրույն լուծելու, իսկ այդ ունակությունը նրան պետք կգա թե՛ հիմա և թե՛ ապագայում։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել» (Ժողովող 7։9

 Ամփոփում։ Ինչ խոսք, լինում են իրավիճակներ, երբ ձեր միջամտության կարիքը կա։ Սակայն այլ դեպքերում ձեր երեխան հնարավորություն ունի սովորելու զարգացնել կամքի ուժ և հարթել ուրիշների հետ ունեցած խնդիրները (Կողոսացիներ 3։13

 Այնուամենայնիվ, ի՞նչ կարող եք անել, եթե ձեր երեխան ասում է, որ իր վրա շարունակական և նպատակային ճնշում են գործադրում։

 Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս

  •   Համբերատարությամբ լսեք երեխային։ Փորձեք պարզել, թե 1) ինչ է տեղի ունենում, և 2) թե ինչու են նրան ծաղրուծանակի կամ ճնշումների ենթարկում։ Եզրահանգումներ մի՛ արեք, քանի դեռ ծանոթ չեք բոլոր փաստերին։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Իսկ գուցե մեդալի մի կո՞ղմն եմ նայում միայն»։ Ամբողջ պատկերը ստանալու համար թերևս կարիք լինի զրուցել երեխայի ուսուցչի կամ մյուս երեխայի ծնողների հետ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է» (Առակներ 18։13

  •   Եթե ձեր երեխան իսկապես բուլիինգի է ենթարկվում, օգնեք նրան հասկանալու, որ նրա արձագանքը կա՛մ կբարելավի, կա՛մ կվատթարացնի իրավիճակը։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում» (Առակներ 15։1)։ Եվ իրոք, վրեժխնդրությունը կարող է բումերանգի պես վերադառնալ նրա մոտ, և բուլիինգը, նվազելու փոխարեն, ավելի կուժգնանա։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք, ոչ էլ չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ» (1 Պետրոս 3։9

  •   Երեխային բացատրեք, որ չհակադարձելը թուլամորթ լինելու նշան չէ։ Ընդհակառակը՝ դա ուժեղ լինելու նշան է, քանի որ նա թույլ չի տալիս ուրիշին ղեկավարել իրեն։ Այլ կերպ ասած՝ երեխան հաղթում է իրեն նեղացնողին՝ չենթարկվելով նրա խաղի կանոններին։

     Հատկապես կարևոր է, որ երեխան հիշի այդ մասին, եթե կիբերբուլիինգի (առցանց ծաղրուծանակ և ճնշումներ սոցիալական կայքերում) զոհ է դարձել։ Ցանցում պատասխանելով չարանենգ հարձակումներին՝ նա ընդամենը առիթ կտա շարունակելու լեզվակռիվը։ Եվ գուցե հարց առաջանա, թե արդյոք ինքը չէ ուրիշների վրա հարձակվողը։ Սա հաշվի առնելով՝ կարող ենք հետևություն անել, որ երբեմն լավագույն պատասխանը պատասխան չտալն է։ Այդ մարտավարության շնորհիվ ձեր երեխան զինաթափ կանի իրեն ծաղրի ենթարկողին և իրավիճակն իր ձեռքը կվերցնի։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Փայտ չլինելիս կրակը հանգչում է» (Առակներ 26։20

  •   Որոշ դեպքերում երեխան կարող է խուսափել խուլիգաններից կամ այնպիսի վայրեր գնալուց, որտեղ, հնարավոր է, հանդիպի նրանց։ Օրինակ՝ եթե նա գիտի, թե որտեղ կարող է հանդիպել նման մարդու կամ մի խումբ խուլիգանների, թող շրջանցի այդ վայրը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

Թերևս կարիք լինի զրուցել երեխայի ուսուցչի կամ մյուս երեխայի ծնողների հետ

 ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Երեխայի հետ մտածեք, թե ստեղծված իրավիճակում նա ինչպես կարող է լավագույնս վարվել, և ծանրութեթև արեք դրական ու բացասական կողմերը։ Օրինակ՝

  •  ի՞նչ կլինի, եթե նա ուղղակի ուշադրություն չդարձնի իրեն բուլիինգի ենթարկողին,

  •  իսկ գուցե իրեն նեղացնողին վստահորեն ասի՞, որ դադարի այդպես վարվելուց,

  •  գուցե հարկավոր է բուլիինգի մասին հայտնե՞լ ուսուցիչներին կամ դպրոցի տնօրինությանը,

  •  կարո՞ղ է խուլիգանին «զինաթափ անել» բարյացակամությամբ կամ հումորի միջոցով։

 Անկախ նրանից՝ բուլիինգը դեմ առ դեմ է, թե առցանց՝ յուրաքանչյուր իրավիճակ եզակի է։ Ուստի երեխայի հետ փորձեք գործնական լուծում գտնել և թև ու թիկունք եղեք նրան այդ դժվար պահերին։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

a Թեև այս հոդվածում երեխայի մասին խոսվում է արական սեռով, սակայն սկզբունքները վերաբերում են նաև աղջիկներին։