ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Կողոսացիներ 3։23. «Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք»
«Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք, ինչպես Եհովայի համար և ոչ թե մարդկանց» (Կողոսացիներ 3։23, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց» (Կողոսացիներ 3։23, «Արարատ» թարգմանություն)։
Կողոսացիներ 3։23-ի նշանակությունը
Քրիստոնյան պետք է ձգտի ջանասեր աշխատող լինել, քանի որ աշխատանքի հանդեպ նրա վերաբերմունքը կապված է Եհովա Աստծուն մատուցվող նրա երկրպագության հետ։
«Ինչ որ անում եք»։ Նրանք, ովքեր ցանկանում են երկրպագել Եհովային, ձգտում են իրենց բոլոր գործերում կիրառել այն, ինչ Աստվածաշունչն է ասում։ Նրանք ջանում են լինել աշխատասեր, ազնիվ և վստահելի կյանքի յուրաքանչյուր ոլորտում՝ լինեն տանը, դպրոցում թե աշխատավայրում (Առակներ 11։13; Հռոմեացիներ 12։11; Եբրայեցիներ 13։18)։
«Ամբողջ հոգով արեք»։ «Ամբողջ հոգով» արտահայտությունը թարգմանված է հունարեն մի արտահայտությունից, որը «բնութագրում է անհատի վճռականությունը՝ կատարելու Աստծու կամքը՝ ներդնելով ողջ էներգիան»։ a
Ուստի նման աշխատողը օգտագործում է իր ֆիզիկական և մտային ողջ կարողությունները, որպեսզի լավագույն ձևով կատարի իրեն վստահված հանձնարարությունը։ Աստվածաշնչի այլ թարգմանություններում այս արտահայտության մեջ օգտագործվում է «սրտանց» բառը (տես « Կողոսացիներ 3։23-ը այլ թարգմանություններում» ենթավերնագիրը)։
«Ինչպես Եհովայի համար և ոչ թե մարդկանց»։ Անկախ նրանից՝ քրիստոնյաները ինչ աշխատանք են կատարում՝ նրանք լրջորեն են վերաբերվում դրան, քանի որ գիտակցում են, որ դա ազդում է Եհովա Աստծու հետ իրենց ունեցած փոխհարաբերությունների վրա։ Նրանց գլխավորապես հետաքրքրում է Աստծուն հաճեցնելը, ոչ թե գործատիրոջը կամ մեկ այլ մարդու։ Ջանասիրաբար կատարելով աշխատանքային պարտականությունները և դրական տրամադրվածություն դրսևորելով՝ քրիստոնյան ոչ միայն արժանանում է մյուսների բարեհաճությանը, այլև բարձր է պահում այն Աստծու անունը, ում պաշտում է։ Այդպիսով քրիստոնյան անում է իր ձեռքից եկածը, «որ Աստծու անունը.... չչարախոսվի» (1 Տիմոթեոս 6։1; Կողոսացիներ 3։22)։
Կողոսացիներ 3։23-ի համատեքստը
Աստվածաշնչի «Կողոսացիներ» գիրքը գրել է Պողոս առաքյալը պատմական Կողոսա քաղաքի քրիստոնյաների համար։ b Հավանաբար նա գրի է առել այն Հռոմում իր առաջին բանտարկության վերջում՝ մ. թ. մոտ 60-61 թթ.-ին։
«Կողոսացիներ» գրքում արձանագրված խորհուրդները օգնում են տարբեր ծագում և հանգամանքներ ունեցող քրիստոնյաներին միասնաբար պաշտել Աստծուն (Կողոսացիներ 3։11)։ Նրանց խրախուսվում է ընդօրինակել Աստծու հատկությունները, ինչպես օրինակ՝ սերը, բարությունը և ներողամտությունը (Կողոսացիներ 3։12-14)։ Նաև ընդգծվում է, թե Աստծուն մատուցվող երկրպագությունը ինչպես պետք է ազդի անհատի կյանքի յուրաքանչյուր բնագավառի վրա (Կողոսացիներ 3։18-4։1)։
Կողոսացիներ 3։23-ը այլ թարգմանություններում
«Ինչ որ կ’ընէք՝ սրտանց ըրէք, որպէս թէ Տէրոջը ու ոչ թէ մարդոց» (Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
«Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար» («Էջմիածին» թարգմանություն)։
Դիտիր «Կողոսացիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։