ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 2017
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Բրիտանիայում Վկաների նոր մասնաճյուղը BREEAM-ի կողմից բարձր գնահատականի է արժանանում էկոդիզայնի համար
ԼՈՆԴՈՆ։ Եհովայի վկաները նոր վարչական համալիր են կառուցում Բրիտանիայում, և նրանց նախագծման ու շինարարական մեթոդները արժանացել են միջազգային BREEAM (շինարարական հետազոտությունների բնապահպանական գնահատման հաստատության մեթոդ) վարկանիշային առաջատար համակարգի հավաստագրի՝ գնահատվելով շենքերի էկոլոգիական արդյունավետության ամենաբարձր՝ «գերազանց» մակարդակով։ Վկաների համալիրը գտնվում է Լոնդոնից մոտ 70 կիլոմետր (43 մղոն) դեպի արևելք՝ Չելմսֆորդում (Էսսեքս), և երկրորդ նախագիծն է, որը «BREEAM Communities»-ի կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականի։
BREEAM-ը, որը հիմնել է հայտնի BRE (շինարարական հետազոտությունների հաստատություն) շինարարական գիտական կենտրոնը, գնահատում է շինարարական նախագծերի էկոարդյունավետությունը, ենթակառուցվածքները և հաշվի է առնում այնպիսի հիմնական չափորոշիչներ, ինչպիսիք են շենքի նախագծման ու շահագործման ընթացքում էներգաարդյունավետությունը, առողջության վրա ազդեցությունը, նորարարությունները, շենքերի կառավարման համակարգը, միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությունը, տրանսպորտի ազդեցությունը, ջրամատակարարման ենթակառուցվածքները, շինանյութերը, ինչպես նաև հողօգտագործման և թափոնների վերաօգտագործման հարցերը։ Այնուհետև նախագծերին տրվում է «բավարար», «լավ», «շատ լավ», «արտակարգ» կամ «գերազանց» գնահատականը։ Վկաների նոր համալիրի նախագիծը հավանության արժանացնելու համար Չելմսֆորդի քաղաքային խորհուրդը պահանջեց, որ այն համապատասխանի էկոդիզայնի պահանջներին, որոնցից մեկը BREEAM-ի կողմից առնվազն «շատ լավ» գնահատականի արժանանալն էր։ Չելմսֆորդի քաղաքային խորհրդի էկոարդյունավետ համայնքների գլխավոր նախագծող Նեյլ Ջորդանը Վկաների նախագծի վերաբերյալ հետևյալն է ասում. «Հաճելի է, որ Եհովայի վկաները լիարժեքորեն հետևել են այս նախագծի համար դրված պահանջներին և նույնիսկ գերազանցել են քաղաքային խորհրդի ակնկալած չափանիշները»։ Նա ավելացնում է, որ այդ նախագիծը «այժմ իրավամբ կարող է մեր քաղաքի հպարտությունը համարվել և շրջակա միջավայրի պահպանման ամենաբարձր չափանիշներին հասնելու գերազանց օրինակ լինել»։
Արժե նշել, որ բացի որպես «գերազանց» հավաստագրվելուց՝ էկոլոգիապես մաքուր այս նախագիծը ճանաչում է ստացել նաև նորարարությունների համար։ Վկաները կարողացել են 2250 տոննայով (2480 ամերիկյան տոննա) կրճատել ածխածնի արտազատումը՝ աշխատողներին բնակեցնելով շինհրապարակում և նրանց տեղափոխելով մինի ավտոբուսներով ու տրանսպորտի այնպիսի միջոցներով, որոնք անվնաս են շրջակա միջավայրի համար։ Վկաների այդ նորարարությունը գնահատանքի է արժանացել «BREEAM Communities»-ի կողմից, որը նախադեպ է դարձել։ Պրն Ջորդանը բացատրում է, որ այդ նախագիծը «մեծ դեր ունեցավ ածխածնի հետքերը կրճատելու համար նոր միջոցներ գտնելու հարցում։ Արդյունքում՝ հավատարմագիր տրվեց այնպիսի հատուկ ոլորտների համար, որոնց համար «BREEAM Communities»-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի շրջանակներում նախկինում երբեք չէր տրվել»։
Պրն Փալաբ Չատերջին՝ BREEAM-ի փորձագետներից մեկը, պատմում է Վկաների հետ աշխատելու իր փորձի և ավելի մեծ համայնքի հետ նրանց համագործակցության մասին՝ ասելով. «Ինձ դուր էր գալիս շինհրապարակում տիրող դրական և ընկերական մթնոլորտը, ինչը շատ հազվադեպ բան է։ Վկաները ձգտում էին իրենց նախագծի մեջ կիրառել BREEAM-ի հնարավորինս շատ էկոարդյունավետ միջոցներ։ Նրանց նպատակը ոչ թե BREEAM-ի կողմից [պարզապես] լավ վարկանիշ ստանալն էր, այլ հնարավորինս էներգաարդյունավետ լինելն ու շրջակա միջավայրին վնաս չհասցնելը։ Ինձ տպավորեց այն, թե որքան շատ էին նրանք խորհրդակցում տեղի համայնքների ու ապագա բնակիչների հետ։ Սա իմ ամենասիրելի նախագծերից մեկն է եղել»։
Բրիտանիայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Էնդրյու Շոֆիլդը ասում է. «Գրեթե 60 տարի Բրիտանիայում մեր գործունեությունը կոորդինացվել է Լոնդոնից։ Սակայն աստվածաշնչյան գրականության և այլ նյութերի մեծացող պահանջի պատճառով ավելի մեծ շինությունների կարիք առաջացավ։ Մենք շինհրապարակի նախապատրաստման գործերը սկսել ենք 34 հեկտար (մոտ 85 ակր) տարածքի վրա 2015թ. ապրիլին և ակնկալում ենք 2019թ. վերջին ավարտել շինարարությունը»։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Միացյալ Թագավորություն: Էնդրյու Շոֆիլդ, +44-20-8906-2211