Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ռահվիրայությունը ամրացնում է մեր ու Աստծու փոխհարաբերությունը

Ռահվիրայությունը ամրացնում է մեր ու Աստծու փոխհարաբերությունը

«Մեր Աստծուն սաղմոս երգելը բարի է» (ՍԱՂ. 147։1

1, 2. ա) Ի՞նչ է լինում, երբ մտածում ու խոսում ենք սիրելի անձնավորություն մասին (տե՛ս այս էջի նկարը)։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ՍԻՐԵԼԻ մարդու մասին մտածելը և խոսելը կարող է ամրացնել կապը նրա հետ։ Նույնը ճշմարիտ է նաև Եհովա Աստծու դեպքում։ Դավիթը, երբ հովիվ էր, շատ գիշերներ անցկացրեց՝ զմայլվելով աստղազարդ երկնքով ու խորհրդածելով դրա անզուգական Արարչի մասին։ Նա գրեց. «Երբ նայում եմ քո երկնքին, քո մատների գործին, լուսնին ու աստղերին, որոնց դու ստեղծել ես, ի՞նչ է մահկանացու մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ հոգ ես տանում նրա մասին» (Սաղ. 8։3, 4)։ Իսկ Պողոս առաքյալը, երբ խորհրդածեց, թե Եհովան ինչ հրաշալի ձևով է իրագործում հոգևոր Իսրայելի հետ կապված իր նպատակը, ասաց. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները» (Հռոմ. 11։17–26, 33

2 Քարոզչական ծառայության ժամանակ մենք մտածում և խոսում ենք Եհովայի մասին։ Դա դրական արդյունքներ է բերում։ Օրինակ՝ շատ ռահվիրաներ զգացել են, որ Թագավորության գործին ավելի շատ մասնակցելը խորացրել է իրենց սերը Աստծու հանդեպ։ Անկախ նրանից՝ ռահվիրա ես, թե ձգտում ես դառնալ ռահվիրա, մտածիր հետևյալ հարցի շուրջ. «Ինչպե՞ս կարող է լիաժամ ծառայությունը ամրացնել իմ ու Եհովայի փոխհարաբերությունը»։ Եթե ռահվիրա ես, ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչը կօգնի ինձ շարունակելու այս հրաշալի ծառայությունը»։ Իսկ եթե ձգտում ես դառնալ ռահվիրա, մտածիր. «Ի՞նչ փոփոխություններ կարող եմ անել, որ լիաժամ ծառայություն սկսեմ»։ Եկեք քննենք, թե ռահվիրայությունն ինչպես կարող է ամրացնել մեր փոխհարաբերությունը Աստծու հետ։

ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

3. Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ ծառայության ժամանակ խոսելով Թագավորության ապագա օրհնությունների մասին։

3 Թագավորության ապագա օրհնությունների մասին խոսելը մտերմացնում է մեզ Եհովայի հետ։ Սուրբգրային  ո՞ր համարն ես սիրում կարդալ տնետուն ծառայության ժամանակ։ Գուցե քո սիրած համարներն են Սաղմոս 37։10, 11-ը, Դանիել 2։44-ը, Հովհաննես 5։28, 29-ը կամ Հայտնություն 21։3, 4-ը։ Ամեն անգամ, երբ մարդկանց հետ խոսում ենք այս համարներում գրված խոստումների մասին, ինքներս մեզ հիշեցնում ենք, որ մեր առատաձեռն Աստվածը իսկապես «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» տվողն է։ Սա մտերմացնում է մեզ նրա հետ (Հակ. 1։17

4. Ինչո՞ւ ենք ավելի շատ գնահատում Աստծու բարությունը, երբ ծառայության ժամանակ տեսնում ենք մարդկանց հոգևոր թշվառ վիճակը։

4 Երբ ծառայության ժամանակ տեսնում ենք մարդկանց հոգևոր թշվառ վիճակը, ճշմարտության հանդեպ մեր գնահատանքը մեծանում է։ Աշխարհում մարդիկ չունեն հուսալի առաջնորդություն, որպեսզի հասնեն հաջողության ու երջանկության։ Մեծամասնությունը անհանգստանում է ապագայի մասին և չունի որևէ հույս։ Նրանք փնտրում են կյանքի իմաստը։ Նույնիսկ աստվածապաշտ մարդկանց մեծ մասը սուրբգրային շատ քիչ գիտելիք ունի։ Նրանք շատ նման են հին Նինվեի բնակիչներին (կարդա՛ Հովնան 4։11)։ Երբ ավելացնում ենք ծառայությունը, ավելի հստակ ենք տեսնում Եհովայի ծառաների հոգևոր վիճակի և մյուս մարդկանց հոգևոր վիճակի տարբերությունը (Ես. 65։13)։ Մենք տեսնում ենք, որ Եհովան ավելին է անում, քան պարզապես հոգում է մեր հոգևոր կարիքները։ Նա բոլորին է հնարավորություն տալիս ստանալու հոգևոր թարմություն և իրական հույս։ Սա մեզ հիշեցնում է, թե որքան բարի է Եհովան (Հայտն. 22։17

5. Ինչպե՞ս է ուրիշներին հոգևորապես օգնելը փոխում մեր վերաբերմունքը մեր խնդիրների հանդեպ։

5 Երբ ուրիշներին հոգևորապես օգնում ենք, մեզ համար ավելի հեշտ է լինում չտարվել անձնական խնդիրներով։ Տրիշա անունով մի ռահվիրա հասկացավ այս խոսքերի ճշմարտացիությունը, երբ իր ծնողները ամուսնալուծվեցին։ Նա պատմում է. «Դա իմ կյանքի ամենածանր հարվածներից մեկն էր»։ Մի օր Տրիշան շատ տխուր էր և չէր ուզում տնից դուրս գալ, բայց, այնուամենայնիվ, գնաց Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու երեք երեխաների հետ, որոնք շատ ծանր վիճակում էին. նրանց հայրը լքել էր ընտանիքը, իսկ մեծ եղբայրը նրանց շատ վատ էր վերաբերվում։ Տրիշան ասում է. «Ցանկացած դժվարություն, որ ես դիմագրավում եմ, ոչինչ է նրանց խնդիրների հետ համեմատած»։ Ուսումնասիրության ընթացքում երեխաների փոքրիկ աչքերը սկսում էին հրճվանքից բոցկլտալ։ Այս երեխաները նվեր էին Եհովայից և հատկապես այդ օրը շատ թանկ էին ինձ համար»։

6, 7. ա) Ինչպե՞ս է մեր հավատը զորանում, երբ սովորեցնում ենք աստվածաշնչյան ճշմարտությունները։ բ) Ինչպե՞ս ենք վերաբերվում Աստծու իմաստությանը, երբ տեսնում ենք, թե ինչպես են Աստվածաշունչ ուսումնասիրողները, աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով, բարելավում իրենց կյանքը։

6 Աստվածաշնչյան ճշմարտությունները սովորեցնելը ամրացնում է մեր հավատը։ Պողոս առաքյալը իր օրերի այն հրեաների մասին, ովքեր չէին ապրում իրենց քարոզածի համաձայն, գրեց. «Դու, որ, սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում» (Հռոմ. 2։21)։ Ռահվիրաները շատ են տարբերվում այդ հրեաներից։ Նրանք սովորաբար բազմաթիվ հնարավորություններ են ունենում պատմելու ճշմարտությունը մարդկանց, պատասխանելու նրանց հարցերին և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու։ Դա արդյունավետորեն անելու համար ռահվիրաները փնտրտուքներ են անում և յուրաքանչյուր ուսումնասիրության պատրաստվում են։ Ջանին անունով մի ռահվիրա քույր ասում է. «Ամեն անգամ, երբ ճշմարտությունը սովորեցնում եմ մարդկանց, զգում եմ, որ այդ ճշմարտությունները ավելի խորն են տպավորվում իմ մտքում ու սրտում։ Արդյունքում հավատս տեղում չի դոփում, այլ շարունակում է առաջ գնալ»։

7 Երբ տեսնում ենք, թե ինչպես են Աստվածաշունչ ուսումնասիրողները, կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները, բարելավում իրենց կյանքը, ավելի շատ ենք գնահատում Աստծու իմաստությունը (Ես. 48։17, 18)։ Այդ գնահատանքն օգնում է մեզ ավելի վճռականորեն կիրառելու այդ սկզբունքները մեր կյանքում։ Ադրիանա անունով մի ռահվիրա քույր ասում է. «Երբ մարդիկ ապավինում են իրենց իմաստությանը, նրանց կյանքում կարող է քաոս տիրել,  բայց երբ նրանք սկսում են վստահել Եհովայի իմաստությանը, անմիջապես օգուտներ են ստանում»։ Իսկ Ֆիլն ասում է. «Դու տեսնում ես, թե Եհովան ինչպես է փոխում այն մարդկանց, ովքեր սեփական ուժերով չեն կարողանում փոխվել»։

8. Ի՞նչ ազդեցություն է թողնում մեզ վրա հավատակիցների հետ ծառայելը։

8 Մենք հոգևորապես կերտվում ենք, երբ ծառայության մեջ համագործակցում ենք մեր քույրերի ու եղբայրների հետ (Առակ. 13։20)։ Ռահվիրաների մեծ մասը ծառայության մեջ զգալի ժամանակ է անցկացնում հավատակիցների հետ, ինչը ավելի շատ հնարավորություն է ստեղծում «փոխադարձ քաջալերության» համար (Հռոմ. 1։12; կարդա՛ Առակներ 27։17)։ Լիզա անունով մի ռահվիրա ասում է. «Աշխատավայրում մրցակցության ոգի է տիրում, շատերը նախանձում են իրար։ Ամեն օր բամբասում են, գռեհիկ խոսքեր ասում։ Ամեն գնով փորձում են գերազանցել մեկը մյուսին։ Երբեմն էլ քեզ ծաղրում են քրիստոնեական վարքի համար։ Բայց երբ հավատակիցներիդ հետ ծառայում ես, դա կերտիչ ազդեցություն է թողնում, և երբ օրվա վերջում տուն ես գալիս, որքան էլ հոգնած լինես, թարմացած ես զգում»։

9. Երբ կողակիցները ռահվիրա են ծառայում, ինչպե՞ս է դա ազդում Եհովայի հետ ու միմյանց հետ ունեցած նրանց փոխհարաբերությունների վրա։

9 Երբ կողակիցները ռահվիրա են ծառայում, «երեքտակ պարանն» ավելի է ամրանում (Ժող. 4։12)։ Մադլենն ու նրա ամուսինը ռահվիրա են ծառայում։ Նա ասում է. «Ես ու ամուսինս զրուցում ենք ծառայության մեջ անցկացրած մեր օրվա մասին կամ էլ Աստվածաշնչի մեր ընթերցանությունից այնպիսի մտքեր ենք փոխանակում, որոնք կարող ենք կիրառել ծառայության մեջ։ Ծառայելով ռահվիրա՝ մենք տարեցտարի ավելի ենք մտերմանում»։ Իսկ Տրիշան ասում է. «Ես ու ամուսինս վճռել ենք պարտքեր չանել, ուստի փողի հետ կապված չենք վիճում։ Քանի որ երկուսիս ծառայության գրաֆիկը նույնն է, հաճախ միասին ենք վերայցելություն անում և Աստվածաշնչի  ուսումնասիրություն անցկացնում։ Սա օգնում է մեզ, որ էմոցիոնալ և հոգևոր առումով նույն հարթության վրա լինենք»։

Երբ լիաժամ ես ծառայում, բավարարված կյանքով ես ապրում (տե՛ս պարբերություն 9)

10. Ի՞նչ է լինում, երբ Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում ենք դնում և երբ զգում ենք Եհովայի աջակցությունը։

10 Երբ Թագավորության շահերը առաջին տեղում ենք դնում և երբ տեսնում ենք, որ Եհովան աջակցում է մեզ ու պատասխանում է մեր աղոթքներին, մեր վստահությունը նրա հանդեպ մեծանում է։ Բոլոր հավատարիմ քրիստոնյաները զգացել են դա իրենց կյանքում։ Ռահվիրաները գիտեն, որ միայն Եհովային վստահելով կկարողանան շարունակել իրենց լիաժամ ծառայությունը (կարդա՛ Մատթեոս 6։30–34)։ Կուրտը ռահվիրա է ու շրջանային վերակացուի փոխարինող։ Նա համաձայնվեց իր կնոջ հետ, որը նույնպես ռահվիրա է, այցելել մի ժողով, ուր հասնելու համար հարկավոր էր ավտոմեքենայով երկուսուկես ժամ ճանապարհ գնալ։ Սակայն նրանք ունեին այնքան վառելիք, որ կբավականացներ միայն այդ ժողով հասնելու համար։ Կուրտը իր աշխատավարձը ստանալու էր մեկ շաբաթից։ Եղբայրն ասում է. «Ես սկսեցի կասկածել. «Արդյոք ճի՞շտ եմ վարվել, որ համաձայնվել եմ»»։ Աղոթելուց հետո Կուրտն ու իր կինը որոշեցին ապավինել Եհովային և գնալ այդ ժողով։ Երբ արդեն պատրաստվում էին մեկնելու, մի քույր զանգահարեց ու ասաց, որ նվեր ունի իրենց համար։ Քույրը նվիրեց այնքան գումար, որքան անհրաժեշտ էր հետդարձի համար։ Կուրտն ասում է. «Երբ ժամանակ առ ժամանակ քեզ հետ նման բաներ են պատահում, շատ ավելի լավ ես տեսնում Եհովայի ձեռքը»։

11. Ի՞նչ օրհնություններ են ստանում ռահվիրաները։

11 Այո՛, ռահվիրաները, որոնք իրենց անձը տալիս են սուրբ ծառայությանը և ջանում են մտերիմ լինել Եհովայի հետ, հաճախ են տեսնում, թե ինչպես են նրա բազմաթիվ օրհնությունները «գալիս ու հասնում» իրենց (2 Օրենք 28։2)։ Այդուհանդերձ, ռահվիրայությունն իր դժվարություններն ունի։ Աստծու ոչ մի ծառա պաշտպանված չէ Ադամի ապստամբության պատճառով առաջ եկած խնդիրներից։ Որոշ ռահվիրաներ այդ խնդիրների պատճառով գուցե մտածեն մի որոշ ժամանակով իրենց ծառայությունը դադարեցնելու մասին։ Բայց խնդիրները շատ դեպքերում կարելի է հաղթահարել կամ դրանցից խուսափել։ Ի՞նչը կարող է օգնել ռահվիրաներին շարունակելու վայելել իրենց առանձնաշնորհումը։

ԻՆՉՊԵՍ ՄՆԱԼ ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

12, 13. ա) Ի՞նչ պետք է անի ռահվիրան, եթե չի հասցնում ժամերը։ բ) Ինչո՞ւ է կարևոր գրաֆիկում ունենալ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանություն, անձնական ուսումնասիրություն և խորհրդածություն։

12 Ռահվիրաների մեծամասնությունը խիստ հագեցած գրաֆիկ ունի։ Ամեն բան հասցնելը կարող է շատ դժվար լինել, ուստի շատ կարևոր է ինքնակարգապահ լինել (1 Կորնթ. 14։33, 40)։ Եթե ռահվիրան ժամերից հետ է ընկնում, նա գուցե հարկ համարի ստուգել, թե ինչպես է իր ժամանակն օգտագործում (Եփես. 5։15, 16)։ Նա կարող է ինքն իրեն հարցնել. «Փաստացի որքա՞ն ժամանակ եմ տրամադրում ժամանցին ու զվարճությանը։ Կարիք ունե՞մ ավելի շատ ինքնակարգապահության։ Կարո՞ղ եմ փոխել աշխատանքային գրաֆիկս»։ Յուրաքանչյուր քրիստոնյա կհամաձայնվի, որ այլ բաներ հեշտությամբ կարող են տեղ գրավել իր գրաֆիկում։ Ուստի ռահվիրաները գուցե կարիք ունենան կանոնավորաբար վերանայելու իրենց գրաֆիկը և անհրաժեշտության դեպքում փոփոխություն անելու։

13 Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը, անձնական ուսումնասիրությունը և խորհրդածությունը պետք է տեղ զբաղեցնեն ռահվիրայի գրաֆիկում։ Ուստի անհրաժեշտ է, որ ռահվիրան ինքնակարգապահ լինի, որպեսզի պակաս կարևոր բաները չխլեն այս կարևոր բաների համար նախատեսված ժամանակը (Փիլիպ. 1։10)։ Պատկերացնենք հետևյալ օրինակը։ Ռահվիրան երկար ծառայությունից հետո տուն է գալիս։ Նա որոշել է երեկոյան պատրաստվել ժողովի հանդիպմանը։ Սկզբում նա կարդում է իր փոստը, հետո նստում է համակարգչի առաջ ու կարդում իր էլեկտրոնային նամակները և պատասխանում դրանց։ Քանի որ արդեն ինտերնետ է մտել, ուզում է տեսնել, թե արդյոք չի էժանացել այն ապրանքը, որն ուզում է գնել։ Եվ ահա նկատում է, որ գրեթե երկու ժամ է, ինչ այդ գործերով է զբաղված և  դեռ չի սկսել անել այն, ինչ նախատեսել էր։ Կարող ենք ասել, որ այս ռահվիրան խնդիր ունի։ Պրոֆեսիոնալ մարզիկները, եթե ուզում են երկար կարիերա ունենալ, հետևում են իրենց առողջությանը։ Նմանապես ռահվիրաները, որպեսզի հոգևորապես առողջ մնան և շարունակեն իրենց ծառայությունը, պետք է անձնական ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենան (1 Տիմոթ. 4։16

14, 15. ա) Ռահվիրաներն ինչո՞ւ պետք է պարզ կյանքով ապրեն։ բ) Երբ ռահվիրան դժվարություններ է ունենում, ի՞նչ պետք է անի։

14 Որպեսզի ռահվիրան կարողանա շարունակել իր լիաժամ ծառայությունը, պետք է ձգտի ապրել պարզ կյանքով։ Հիսուսն իր աշակերտներին հորդորեց պարզ աչք ունենալ (Մատթ. 6։22)։ Նա ինքը պարզ կյանքով էր ապրում, որպեսզի կարողանա առանց շեղումների ծառայել։ Ուստի կարող էր ասել. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» (Մատթ. 8։20)։ Լավ կլինի, որ այն ռահվիրաները, ովքեր ուզում են ընդօրինակել Հիսուսին, հիշեն, որ ինչքան շատ նյութական իրեր ունենան, այնքան ավելի շատ բաների մասին պետք է հոգ տանեն։

15 Ռահվիրաները հասկանում են, որ իրենք ոչնչով առավել չեն մյուսներից, որ ունեն ռահվիրա ծառայելու առանձնաշնորհումը։ Նրանք գիտեն, որ ցանկացած առանձնաշնորհում Եհովայի անզուգական բարության շնորհիվ է տրվում։ Ուստի յուրաքանչյուր ռահվիրա պետք է ապավինի Եհովային, որպեսզի կարողանա շարունակել իր ծառայությունը (Փիլիպ. 4։13)։ Դժվարություններ ու խնդիրներ, ինչ խոսք, կլինեն (Սաղ. 34։19)։ Նման դեպքերում ռահվիրան ոչ թե պետք է շտապի մտածել իր առանձնաշնորհումը թողնելու մասին, այլ պետք է խնդրի Եհովային, որ իրեն առաջնորդի, և նրան հնարավորություն տա իրեն օգնելու (կարդա՛ Սաղմոս 37։5)։ Երբ նա տեսնի Եհովայի սիրառատ աջակցությունը, ավելի կմտերմանա իր հոգատար երկնային Հոր հետ (Ես. 41։10

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ՄԻԱՆԱԼ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԻՆ

16. Եթե ուզում ես ռահվիրա դառնալ, ի՞նչ պետք է անես։

16 Եթե ուզում ես դառնալ ռահվիրա և վայելել այն օրհնությունները, որ ունեն ռահվիրաները, քո այդ ցանկության մասին հայտնիր Եհովային (1 Հովհ. 5։14, 15)։ Զրուցիր նրանց հետ, ովքեր այժմ ռահվիրա են։ Քո առջև դիր միջանկյալ նպատակներ, որոնք կօգնեն քեզ դառնալու ռահվիրա։ Քիտն ու Էրիկան հենց այդպես արեցին։ Նրանք ունեին ամբողջ օրով աշխատանք և, իրենց տարիքի շատ ամուսնական զույգերի պես, ամուսնությունից կարճ ժամանակ անց գնեցին տուն և նոր մեքենա։ «Մենք կարծում էինք, որ այս ամենը մեզ լիարժեք բավականություն կպատճառի,— ասում են նրանք։— Բայց նման բան չեղավ»։ Երբ Քիտին աշխատանքից ազատեցին, նա սկսեց ենթառահվիրա ծառայել։ Նա պատմում է. «Ենթառահվիրայությունը ինձ հիշեցրեց, թե որքան մեծ ուրախություն է բերում ծառայությունը»։ Քիտն ու Էրիկան ընկերացան ռահվիրա մի ամուսնական զույգի հետ, որն օգնեց նրանց տեսնելու, թե որքան մեծ ուրախություն է բերում պարզ կյանքով ապրելը և ռահվիրա ծառայելը։ Ի՞նչ արեցին Քիտն ու Էրիկան։ Նրանք պատմում են. «Մենք հոգևոր նպատակների մի ցուցակ կազմեցինք և փակցրինք սառնարանին։ Ամեն անգամ մի նպատակի հասնելիս ցուցակում նշում էինք անում»։ Ժամանակի ընթացքում նրանք դարձան ընդհանուր ռահվիրա։

17. Ինչո՞ւ իմաստուն վարված կլինես, եթե վերանայես քո գրաֆիկն ու ապրելակերպը, որպեսզի ծառայես ռահվիրա։

17 Կարո՞ղ ես միանալ ռահվիրաներին։ Եթե հիմա չես պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր, ամեն բան արա, որ լիարժեքորեն մասնակցես ծառայությանը և մտերմանաս Եհովայի հետ։ Աղոթքով խորհրդածելուց հետո գուցե տեսնես, որ քո գրաֆիկում կամ ապրելակերպում որոշ փոփոխություններ անելով՝ կարող ես ծառայել ռահվիրա։ Այն ուրախությունը, որ կստանաս այդ ծառայությունից, կգերազանցի քո կատարած ցանկացած զոհողության։ Դու ավելի մեծ բավականություն կստանաս Թագավորության շահերը քո շահերից վեր դասելուց (Մատթ. 6։33)։ Ավելի մեծ ուրախություն կստանաս տալուց։ Բացի այդ, ավելի շատ հնարավորություն կունենաս մտածելու և խոսելու Եհովայի մասին, ինչը կխորացնի քո սերը նրա հանդեպ և մեծ հաճույք կպատճառի նրան։