Անցնել բովանդակությանը

Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար

Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար

Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար

ՊԱՏՄՈՒՄ Է ԻԼԵՆ ԲՐԱՄԲԱՆ

ՄԵԾԱՑԵԼ ԵՄ Գերմանական հին բապտիստական եղբայրության անդամների ընտանիքում։ Այս կրոնական ուղղությունը մոտ է ամիշների և մենոնիտների կրոնական ուղղություններին։ Բապտիստական այս շարժումը սկսվել է 1708 թ.-ին Գերմանիայում և եղել է պիետիզմ կոչվող հոգևոր զարթոնքի մի մաս։ «Կրոնի հանրագիտարանում» ասվում է, որ պիետիզմը առաջնորդվում էր հետևյալ գաղափարով՝ «մարդկությունը Քրիստոսի ավետարանի կարիքն ունի» (Encyclopedia of Religion)։ Այս գաղափարը նպաստեց, որ տարբեր երկրներում այդ կրոնական շարժումը հաջողությամբ միսիոներական գործունեություն ծավալի։

1719 թ.-ին Ալեքսանդր Մակի գլխավորությամբ մի փոքր խումբ եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ներկայիս Փենսիլվանիայի տարածք։ Դրանից հետո առանձին խմբեր ձևավորվեցին, որոնցից յուրաքանչյուրը Ալեքսանդր Մակի ուսմունքները յուրովի էր մեկնաբանում։ Մեր փոքր եկեղեցին մոտ 50 անդամ ուներ։ Մեծ շեշտ էր դրվում Աստվածաշունչը կարդալու և եկեղեցու անդամների պաշտոնական որոշումներին ճշգրտությամբ հետևելու վրա։

Արդեն առնվազն երեք սերունդ էր, ինչ իմ ընտանիքը այդ հավատն ու ապրելակերպն ուներ։ Ես միացա եկեղեցուն և 13 տարեկանում մկրտվեցի։ Ինձ փոքրուց սովորեցրել էին, որ մեքենա, տրակտոր, հեռախոս, ռադիո և էլեկտրականությամբ աշխատող որևէ այլ սարքավորում ունենալը կամ դրանից օգտվելը սխալ է։ Մեր եկեղեցու կանայք պարզ ու հասարակ հագուստ էին կրում, չէին կտրում մազերը և գլուխները միշտ ծածկում էին, իսկ տղամարդիկ մորուք էին պահում։ Մեր հասկացողությամբ՝ աշխարհի մի մասը չլինել նշանակում էր չկրել զարդեր ու ժամանակակից հագուստ և չօգտագործել կոսմետիկա։ Մենք մտածում էինք, որ դրանք մեղսածին հպարտության դրսևորումներ էին։

Մեզ սովորեցրել էին խորապես հարգել Աստվածաշունչը, որը մեր հոգևոր սնունդն էր։ Ամեն առավոտ՝ նախաճաշից առաջ, բոլորս հավաքվում էինք հյուրասենյակում։ Հայրս Աստվածաշնչից մի գլուխ էր կարդում և մեկնաբանում կարդացածը, ապա բոլորս ծնկի էինք իջնում, ու նա աղոթում էր։ Իսկ հետո մայրս կրկնում էր «Հայր մեր» աղոթքը։ Ես միշտ անհամբերությամբ էի սպասում առավոտվա մեր երկրպագությանը, քանի որ այդ ժամանակ մենք ամբողջ ընտանիքով հոգևոր բաների մասին էինք խորհում։

Մենք ապրում էինք Դելֆի քաղաքի (Ինդիանա) մոտ գտնվող մի ֆերմայում։ Այնտեղ տարբեր տեսակի բանջարեղեն էինք մշակում։ Սայլին լծված ձիով մթերքը քաղաք էինք տանում ու վաճառում փողոցներում կամ տնից տուն։ Մտածում էինք, որ այդ ծանր աշխատանքը Աստծուն մատուցվող ծառայության մի մասն է։ Ուստի միայն կիրակի օրերը չէինք աշխատում, երբ չէր կարելի «ծանր գործ» անել։ Սակայն երբեմն մեր ընտանիքն այնքան զբաղված էր լինում ֆերմայի աշխատանքով, որ դժվարանում էր կենտրոնացած մնալ հոգևորի վրա։

Ամուսնություն և ընտանեկան կյանք

1963 թ.-ին՝ 17 տարեկանում, ամուսնացա մեր եկեղեցու անդամներից մեկի՝ Ջեյմսի հետ։ Նրա ընտանիքը հին բապտիստական եկեղեցու հետևորդ էր արդեն մի քանի սերունդ։ Երկուսս էլ Աստծուն ծառայելու ուժգին ցանկություն ունեինք ու վստահ էինք, որ միակ ճշմարիտ կրոնը մերն է։

1975-ին արդեն վեց երեխա ունեինք, իսկ 1983-ին ծնվեց ամենափոքրը։ Մեր միակ աղջիկը Ռեբեկան էր՝ երեխաներից երկրորդը։ Մենք տքնաջան աշխատում էինք, ծախսում էինք որքան հնարավոր է քիչ ու ապրում համեստ կյանքով։ Փորձում էինք երեխաների մեջ արմատավորել աստվածաշնչյան այն նույն սկզբունքները, որ մեզ սովորեցրել էին մեր ծնողներն ու եկեղեցու մյուս անդամները։

Հին բապտիստական կրոնում արտաքին տեսքին մեծ կարևորություն էր տրվում։ Կարծում էինք՝ քանի որ ոչ ոք սրտեր չի կարող կարդալ, մարդու հագուկապն է բացահայտում նրա ներքին էությունը։ Ուստի, եթե մեր եկեղեցու կանանցից մեկը չափից շատ էր արձակում մազերը, դա համարվում էր հպարտության դրսևորում։ Եթե հագուստի նախշերը շատ մեծ էին, դա նույնպես հպարտության նշան էր։ Երբեմն մանրուքներին այդքան կարևորություն տալը ստվեր էր գցում Սուրբ Գրքի վրա։

Բանտարկություն

1960-ականների վերջում ամուսնուս փոքր եղբորը՝ Ջեսեին, բանտարկեցին զինծառայությունից հրաժարվելու համար։ Նա էլ էր դաստիարակվել հին բապտիստական եկեղեցու գաղափարներով։ Բանտում նա հանդիպեց մի քանի Եհովայի վկաների, որոնք նույնպես կարծում էին, որ պատերազմի մասնակցելը հակասում է աստվածաշնչյան սկզբունքներին (Եսայիա 2։4; Մատթեոս 26։52)։ Ջեսեն Վկաների հետ հետաքրքիր զրույցներ ունեցավ ու անձամբ տեսավ, թե ինչպիսի մարդիկ են նրանք։ Որոշ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո նա մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Դա մեզ դուր չեկավ։

Ջեսեն իր սովորածի մասին պատմում էր ամուսնուս։ Նա հոգ տարավ, որ Ջեյմսը կանոնավոր ստանա «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Դրանք կարդալու շնորհիվ Ջեյմսի հետաքրքրությունը Աստվածաշնչի հանդեպ ավելացավ։ Նա միշտ ուզում էր ծառայել Աստծուն, բայց հաճախ զգում էր, որ հեռու է նրանից։ Ուստի նրան հետաքրքրում էր ցանկացած բան, ինչը կօգներ մտերմանալ Աստծու հետ։

Մեր եկեղեցու երեցները հորդորում էին, որ կարդայինք ամիշների, մենոնիտների և հին բապտիստական այլ ուղղությունների կրոնական գրականությունը, թեպետ նրանց համարում էինք աշխարհի մի մասը։ Հայրս խիստ նախապաշարումներ ուներ Վկաների հանդեպ։ Նա կարծում էր, որ ոչ մի դեպքում չպետք է կարդանք «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Ուստի երբ տեսնում էի, որ Ջեյմսը կարդում է դրանք, մտահոգվում էի։ Վախենում էի, որ նա կընկնի կեղծ ուսմունքների թակարդը։

Ջեյմսն արդեն երկար ժամանակ կասկածներ ուներ հին բապտիստական եկեղեցու որոշ ուսմունքների վերաբերյալ։ Նա կարծում էր, որ դրանք հակասում են Աստվածաշնչին։ Օրինակ՝ այն, որ կիրակի օրով «ծանր գործ» անելը մեղք է։ Մեզ սովորեցնում էին, որ կիրակի օրը կարելի է ջուր տալ կենդանիներին, բայց քաղհան անել չի կարելի։ Եկեղեցու երեցները այս կանոնի հետ կապված չէին կարողանում աստվածաշնչյան հիմք բերել։ Աստիճանաբար իմ մեջ էլ սկսեցին կասկածներ ծնվել նման ուսմունքների վերաբերյալ։

Մեզ համար շատ դժվար էր թողնել եկեղեցին, քանի որ միշտ մտածում էինք, որ մերն է միակ ճշմարիտ կրոնը, ու պատկերացնում էինք, թե որքան ծանր կլինի, եթե հեռանանք։ Սակայն մեր խիղճը թույլ չէր տալիս մնալ մի կրոնի մեջ, որը, ինչպես տեսնում էինք, Աստվածաշնչին ամբողջությամբ չի հետևում։ Ուստի 1983-ին մի նամակ գրեցինք, որտեղ նշել էինք մեր գնալու պատճառները, ու խնդրեցինք, որ այն կարդացվի բոլորի առաջ։ Մեզ հեռացրին եկեղեցուց։

Ճշմարիտ կրոնի որոնման ճանապարհին

Մեր կյանքում սկսվեց մի նոր փուլ. ցանկանում էինք գտնել ճշմարիտ կրոնը։ Մեզ համար կարևոր էր, որ այդ կրոնի հետևորդները իրենց սովորեցրածի համաձայն ապրեին։ Առաջին հերթին բացառեցինք բոլոր այն կրոնները, որոնց անդամները մասնակցում էին պատերազմներին։ Մենք դեռ կարծում էինք, որ ճշմարիտ կրոնը պետք է «պարզ» լինի, քանի որ մտածում էինք՝ հասարակ հագուստն ու ապրելակերպը հստակ ցույց են տալիս, որ կրոնը աշխարհի մի մասը չէ։ 1983–1985 թթ.-ին մենք ճամփորդում էինք երկրով մեկ ու հերթով ուսումնասիրում տարբեր կրոնական ուղղություններ՝ մենոնիտներինը, քվակերներինը և ուրիշ «պարզ» խմբերինը։

Այդ ընթացքում Եհովայի վկաները եկան մեր ֆերմա (Քամդեն քաղաքի մոտ, Ինդիանա)։ Մենք խնդրեցինք, որ օգտագործեն միայն Աստվածաշնչի՝ «Ջեյմս թագավորի թարգմանությունը», և ուշադիր լսեցինք նրանց։ Ես հարգում էի Վկաներին պատերազմի չմասնակցելու նրանց դիրքորոշման համար։ Սակայն չէի կարողանում լիարժեքորեն համաձայնվել նրանց հետ. մտածում էի, որ եթե աշխարհից առանձնանալու համար պարզ ու հասարակ հագուստ կրելու կարիք չեն տեսնում, ուրեմն նրանց կրոնը չի կարող ճշմարիտը լինել։ Համոզված էի, որ հպարտության պատճառով էին մարդիկ մեր հագուստից տարբերվող հագուստ կրում, որ նյութական բաները և ունեցվածքը մարդուն հպարտ են դարձնում։

Ջեյմսը սկսեց հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին և իր հետ տանել մեր տղաներից մի քանիսին։ Դա, անկեղծ ասած, անհանգստացնում էր ինձ։ Ամուսինս առաջարկում էր միանալ իրենց, բայց ես մերժում էի։ Հետո մի օր նա ասաց. «Անգամ եթե համաձայն չես նրանց բոլոր ուսմունքների հետ, ընդամենը մեկ անգամ արի ու ինքդ տես, թե ինչպես են վերաբերվում մեկը մյուսին»։ Դա նրան շատ էր տպավորել։

Ի վերջո որոշեցի գնալ Թագավորության սրահ, բայց շատ զգույշ լինել։ Ես պարզ ու հասարակ զգեստ և շորագլխարկ էի կրում։ Մեր տղաներից մի քանիսը ոտաբոբիկ էին ու հասարակ հագուստով։ Ու չնայած դրան՝ Վկաները ջերմորեն ընդունեցին մեզ։ Այդ պահին մտածեցի. «Մենք տարբերվում ենք նրանցից, բայց դա չի խանգարում, որ շփվեն մեզ հետ»։

Ինձ շատ տպավորեց նրանց սերն ու ջերմությունը, սակայն ի սկզբանե որոշել էի պարզապես դիտորդ լինել։ Ես չկանգնեցի ու չերգեցի նրանց երգերը։ Հանդիպումից հետո հարցերով հեղեղեցի նրանց. հարցնում էի այն բաների մասին, որ իմ կարծիքով՝ նրանք սխալ էին անում։ Ես նաև խնդրում էի, որ աստվածաշնչյան որոշ համարներ բացատրեն։ Թեև այդքան էլ նրբանկատ չէի, բայց բոլորն էլ ուշադիր էին իմ հանդեպ։ Ինձ նաև տպավորեց այն, որ երբ տարբեր մարդկանց նույն բանն էի հարցնում, նրանք միանման պատասխաններ էին տալիս։ Նրանցից ոմանք գրում էին պատասխանը, և դա շատ օգտակար էր, քանի որ հետո կարող էի ինքնուրույն փնտրտուք անել։

1985-ի ամռանը, պարզապես հետաքրքրությունից մղված, ընտանիքով ներկա եղանք Մեմֆիսում (Թենեսի) անցկացվող Եհովայի վկաների համաժողովին։ Այդ ժամանակ Ջեյմսը դեռ մորուք ուներ, իսկ մենք մեր պարզ հագուստներով էինք։ Ընդմիջումների ընթացքում մեկ րոպե անգամ մենակ չէինք մնում։ Խորապես զգացված էինք Վկաների վերաբերմունքից. նրանց սերն ու ջերմությունը պարուրել էին մեզ։ Տպավորիչ էր նաև Վկաների միասնությունը. ուր էլ որ գնում էինք, նրանց հանդիպումներին նույն բանն էին սովորեցնում։

Վկաների անկեղծ հետաքրքրությունը Ջեյմսին մղեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա ամենայն մանրամասնությամբ քննում էր ամեն հարց՝ համոզված լինելու համար, որ իր սովորածը ճիշտ է (Գործեր 17։11; 1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։ Ժամանակի ընթացքում ամուսինս հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։ Բայց ես դեռ երկմտում էի։ Ուզում էի ճիշտն անել, բայց չէի ցանկանում լինել «ժամանակակից» ու դառնալ աշխարհի մի մասը։ Երբ առաջին անգամ մասնակցեցի Աստվածաշնչի ուսումնասիրությանը, մի ծնկիս դրել էի «Ջեյմս թագավորի թարգմանությունը», իսկ մյուսին՝ «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Ամեն մի համար երկու թարգմանություններում էլ ստուգում էի, որ վստահ լինեի՝ ինձ չեն մոլորեցնում։

Ինչպես կասկածներս փարատվեցին

Ուսումնասիրության ընթացքում սովորեցինք, որ մեր երկնային Հայրը մեկ Աստված է, ոչ թե երեք աստված մեկում, և որ մենք չունենք անմահ հոգի, այլ ինքներս ենք հոգիներ (Ծննդոց 2։7; 2 Օրենք 6։4; Եզեկիել 18։4; 1 Կորնթացիներ 8։5, 6)։ Նաև իմացանք, որ դժոխքը ոչ թե կրակոտ տանջանքների վայր է, այլ ողջ մարդկության համընդհանուր գերեզմանը (Հոբ 14։13; Սաղմոս 16։10; Ժողովող 9։5, 10; Գործեր 2։31)։ Դժոխքի մասին ճշմարտությունն իմանալը շրջադարձային եղավ մեզ համար, քանի որ հին բապտիստական եկեղեցում այդ ուսմունքի մասին բոլորովին այլ բան էին սովորեցնում։

Սակայն զարմանում էի, թե Վկաների կրոնը ինչպես կարող է ճշմարիտը լինել, եթե իմ տեսանկյունից՝ նրանք դեռ աշխարհի մի մասն էին։ Նրանք «պարզ» ապրելակերպ չէին վարում, ինչն, ըստ իս, շատ կարևոր էր։ Բայց միևնույն ժամանակ գիտակցում էի, որ Վկաները կատարում են Հիսուսի պատվերը՝ բոլոր մարդկանց քարոզում են Թագավորության բարի լուրը։ Ես շփոթության մեջ էի (Մատթեոս 24։14; 28։19, 20

Այդ դժվար պահին Վկաների սերը օգնեց, որ շարունակեմ փնտրել ինձ տանջող հարցերի պատասխանները։ Ողջ ժողովը շատ ուշադիր էր մեր ընտանիքի հանդեպ։ Շատերն էին գալիս մեր տուն, երբեմն՝ մեզնից կաթ ու ձու գնելու պատրվակով։ Դա օգնեց տեսնել, որ Վկաները իսկապես լավ մարդիկ են։ Այն, որ մեզ հետ ուսումնասիրում էր Վկաներից մեկը, մյուսներին չէր խանգարում այցելել մեզ։ Երբ ժողովից ինչ-որ մեկը մեր տան մոտակայքում էր լինում, անպայման հյուր էր գալիս։ Դա Վկաներին ավելի լավ ճանաչելու հնարավորություն էր, ինչի կարիքը շատ ունեինք։ Ժամանակի ընթացքում սկսեցինք գնահատել նրանց սերն ու անկեղծ հետաքրքրվածությունը։

Մեզնով հետաքրքրվում էին ոչ միայն մոտակա տարածքների, այլև ուրիշ ժողովների Վկաները։ Հագուստի ու հարդարանքի վերաբերյալ իմ ներքին պայքարը դեռ շարունակվում էր։ Այդ ժամանակ հարևան ժողովից մի Վկա՝ Քեյ Բրիգզը, ով նախընտրում էր պարզ հագուստ կրել և չօգտագործել կոսմետիկա, եկավ մեր տուն։ Նրա հետ ինձ շատ հանգիստ էի զգում և անկաշկանդ արտահայտվում էի։ Մեկ ուրիշ անգամ ինձ այցելեց Լուիս Ֆլորը, ով նույնպես փոքրուց դաստիարակվել էր «պարզ» ապրելակերպ քարոզող կրոնի գաղափարներով։ Նա հասկացավ, թե ինչ խառնաշփոթ է գլխումս։ Կասկածներս փարատելու համար տասը էջանոց մի նամակ ուղարկեց։ Լուիսի բարությունը մինչև սրտիս խորքը հուզեց ինձ, արցունքն աչքերիս մի քանի անգամ կարդացի նամակը։

Մի անգամ շրջանային վերակացու՝ եղբայր Օ’Դելին, խնդրեցի բացատրել Եսայիա 3։18–23-ը և 1 Պետրոս 3։3, 4-ը։ Ես հարցրի. «Մի՞թե այս համարները ցույց չեն տալիս, որ Աստծուն հաճեցնելու համար պարզ հագուստ է անհրաժեշտ կրել»։ Նա ասաց. «Ի՞նչ ես կարծում, սխալ բան կա՞ գլխակապ կրելու մեջ։ Մազեր հյուսելը սխա՞լ է»։ Հին բապտիստական եկեղեցում ընդունված էր հյուսել փոքր աղջիկների մազերը, իսկ կանայք գլխակապ կամ շորագլխարկ էին կրում։ Ես կարողացա տեսնել հակասությունը։ Ինձ շատ տպավորեց շրջանային վերակացուի համբերատարությունն ու բարությունը։

Աստիճանաբար ավելի ու ավելի էի համոզվում, որ գտել եմ ճշմարտությունը։ Սակայն դեռ մի հարց տանջում էր ինձ՝ «կանայք կարո՞ղ են կտրել իրենց մազերը»։ Երեցները օգնեցին ինձ տրամաբանել. որոշ կանանց մազեր շարունակ երկարում են, իսկ մյուսներինը՝ որոշակի չափի հասնելուց հետո դադարում են երկարել։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ոմանց մազերն ավելի լավն են, քան մյուսներինը։ Նրանք նաև օգնեցին ինձ հասկանալ, թե հագուստի ու հարդարանքի հարցում ինչ դեր ունի խիղճը։ Բացի այդ՝ դրա վերաբերյալ կարդալու նյութ տվեցին։

Վարվում ենք մեր սովորածի համաձայն

Մենք ճշմարիտ կրոնին բնորոշ պտուղ էինք փնտրում։ Հիսուսն ասել է. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35)։ Մենք համոզվել էինք, որ Եհովայի վկաներն են իսկական սեր դրսևորում։ Բայց մեր երկու ավագ երեխաները՝ Նաթանն ու Ռեբեկան, շփոթմունքի մեջ էին, քանի որ նրանք մկրտվել էին որպես բապտիստական եկեղեցու անդամ։ Սակայն աստվածաշնչյան ճշմարտությունները, որոնց շուրջ միասին խոսում էինք, ի վերջո հասան նրանց սրտին։ Մեր երեխաներին օգնեց նաև Վկաների դրսևորած սերը։

Ռեբեկան միշտ ցանկանում էր ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Նա սկսեց անկաշկանդ աղոթել, երբ իմացավ, որ Աստված չի կանխորոշում մարդու քայլերն ու ապագան։ Մեր աղջիկը կարողացավ մտերմանալ Աստծու հետ, երբ սովորեց, որ Նա ոչ թե խորհրդավոր Երրորդության մի մաս է, այլ իրական անձնավորություն, ում կարող է ընդօրինակել (Եփեսացիներ 5։1)։ Ռեբեկան անչափ ուրախ էր, որ Եհովայի հետ խոսելիս կարող է չօգտագործել «Ջեյմս թագավորի թարգմանության» հնացած լեզվի դիմելաձևը։ Նա նաև սովորեց աղոթքի վերաբերյալ Աստծու պահանջների մասին ու իմացավ, որ նա երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար է տվել մարդկանց։ Դա է՛լ ավելի մտերմացրեց նրան Արարչի հետ (Սաղմոս 37։29; Հայտնություն 21։3, 4

Մեր ընտանիքը օրհնվում է

1987 թ. ամռանը ես, Ջեյմսը ու մեր հինգ ավագ երեխաները՝ Նաթանը, Ռեբեկան, Ջորջը, Դենիելը ու Ջոնը, մկրտվեցինք ու դարձանք Եհովայի վկաներ։ Հարլին մկրտվեց 1989-ին, իսկ Սայմոնը՝ 1994-ին։ Մենք ողջ ընտանիքով անձնվիրաբար կատարում ենք Հիսուս Քրիստոսի հանձնարարած գործը՝ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելը։

Մեր հինգ որդիները՝ Նաթանը, Դենիելը, Ջոնը ու Հարլին, ինչպես նաև մեր դուստրը՝ Ռեբեկան, ծառայել են Եհովայի վկաների՝ Միացյալ Նահանգների մասնաճյուղում։ Ջորջը արդեն 14 տարի է, ինչ ծառայում է այնտեղ։ Իսկ մեր կրտսեր որդին՝ Սայմոնը, դպրոցն ավարտեց 2001-ին ու որոշ ժամանակ անց նույնպես դարձավ Բեթելի ընտանիքի անդամ։ Մեր տղաները Եհովայի վկաների ժողովներում ծառայում են կա՛մ որպես երեց, կա՛մ որպես ծառայող օգնական։ Իսկ ամուսինս ծառայում է որպես երեց Թայեր քաղաքի ժողովում (Միսուրի)։ Ես էլ ակտիվորեն մասնակցում եմ քարոզչական գործին։

Այժմ մենք երեք թոռնիկ ունենք՝ Ջեսիկան, Լաթիշան և Քեյլեբը։ Շատ երջանիկ ենք տեսնել, թե մեր զավակները ինչպես են Եհովայի հանդեպ սեր սերմանում իրենց երեխաների մատղաշ սրտերում։ Անչափ շնորհակալ ենք Եհովային, որ մեր ընտանիքին ձգեց դեպի իրեն և օգնեց՝ բնորոշենք իր ծառաներին նրանց դրսևորած իսկական սիրով։

Մենք շատ լավ հասկանում ենք այն մարդկանց, որոնք Աստծուն հաճեցնելու ուժգին ցանկություն ունեն, բայց նրանց խիղճը դաստիարակվել է շրջապատի ու հանգամանքների ազդեցությամբ, ոչ թե Աստվածաշնչով։ Հույս ունենք, որ մի օր նրանք էլ կզգան այն ուրախությունը, որ մենք ենք ստանում, երբ տնետուն այցելում ենք մարդկանց՝ ոչ թե մթերք վաճառելու, այլ Աստծու Թագավորության և նրա գալիք օրհնությունների մասին պատմելու համար։ Աչքերս երախտագիտության արցունքով են լցվում, երբ մտածում եմ, թե մեր հանդեպ ինչպիսի համբերատարություն ու սեր է դրսևորել Եհովայի անունը կրող ժողովուրդը։