Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Վերաբերմունքը շատ բան է փոխում

Վերաբերմունքը շատ բան է փոխում

Ինչի՞ց է մեծ մասամբ կախված քո ուրախությունը՝

  • հանգամանքներից,

  • գեներից,

  • վերաբերմունքից։

ՈՄԱՆՔ գուցե նշեն հանգամանքները՝ ասելով. «Ես ուրախ կլինեի, եթե...

  • ավելի շատ փող ունենայի»,

  • ավելի լավ կողակից ունենայի»,

  • լավ առողջություն ունենայի»։

Իրականում, սակայն, վերաբերմունքը ավելի վճռորոշ դեր ունի ուրախ կամ երջանիկ զգալու հարցում, քան հանգամանքները կամ գեները։ Ու դա լավ է։ Ինչո՞ւ։ Քանի որ հակառակ հանգամանքներին ու գեներին, որոնց վրա մենք գրեթե կամ բոլորովին իշխանություն չունենք, մեր վերաբերմունքը լիովին մեզնից է կախված։

ԲՈՒԺԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17:22)։ Այլ խոսքով՝ քո վերաբերմունքը շատ բան է փոխում։ Դրանից է կախված՝ նպատակիդ կհասնես, թե կհանձնվես, կամ օրինակ՝ դժբախտ պատահարի պատճառով կչարանաս, թե քո մեջ եղած լավ հատկությունները ավելի ակնհայտ կդառնան։

Ոմանք գուցե չհամաձայնեն այս խոսքերին՝ տրամաբանելով այսպես.

  • «Ինչո՞ւ իմ մտահոգությունը թաքցնեմ լավատեսության դիմակի տակ»։

  • «Որքան էլ դրական մտածեմ, դա չի փոխի իմ հանգամանքները»։

  • «Ավելի լավ է լինեմ իրատես, քան խաբկանքներով տարվեմ»։

Այս մտքերը գուցեև տրամաբանական են։ Այդուհանդերձ, դրական վերաբերմունքը օգուտներ կբերի։ Նկատի առնենք, օրինակ, հետևյալ պայմանական իրադրությունները։

Աշխատավայրում Ալեքսը և Բրայենը առանձին աշխատում են տարբեր նախագծերի վրա։ Նրանց կատարած աշխատանքը ստուգելուց հետո տնօրենը յուրաքանչյուրի համար նշում է մի քանի լուրջ սխալ։

  • Ալեքս— «Ես այնքան շատ ժամանակ ու ջանքեր ներդրեցի այս նախագծում, բայց միևնույն է, այն թերի էր։ Այս գործը լավ չեմ անում, ինչքան էլ որ ջանք եմ թափում։ Մեկ է, չի ստացվի, էլ ինչո՞ւ այդքան աշխատեմ»։

  • Բրայեն— «Տնօրենը ընդգծեց կատարածս աշխատանքի լավ կողմերը, բայց մի քանի լուրջ սխալ էի թույլ տվել։ Կարևոր բաներ սովորեցի։ Դա ինձ կօգնի, որ հաջորդ անգամ ավելի լավ անեմ գործս»։

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

  • Դրանից կես տարի անց ո՞վ ավելի փորձառու ու բանիմաց աշխատող կդառնա՝ Ալե՞քսը, թե՞ Բրայենը։

  • Եթե դու լինեիր գործատեր, այս երկուսից ո՞ւմ կուզեիր, որ աշխատեր քեզ մոտ։

  • Երբ դու ես հիասթափություն ապրում, այս երկուսից ո՞ր մեկի պես ես արձագանքում։

Անդրեային և Բրիտնիին երբեմն տանջում է միայնության զգացումը։ Նրանք տարբեր կերպ են վարվում այդ ժամանակ։

  • Անդրեան մեծ մասամբ կենտրոնանում է իր վրա։ Նա ոչինչ չի անում ուրիշների համար, քանի դեռ նրանք իր համար որևէ բան չեն արել։ Նա մտածում է այսպես. «Ինչո՞ւ իմ ժամանակը ծախսեմ այն մարդկանց վրա, ովքեր ոչինչ չեն անում ինձ համար»։

  • Բրիտնին նպատակային ջանքեր է ներդնում, որ մարդկանց հանդեպ բարյացակամ և ուշադիր լինի, ինչպես նաև նրանց համար լավ բաներ անի՝ անկախ այն բանից, գնահատում են դա, թե ոչ։ Նա առաջնորդվում է Ոսկե կանոնով՝ վարվել ուրիշների հետ այնպես, ինչպես կուզեր՝ իր հետ վարվեն (Ղուկաս 6:31)։ Բրիտնիի համար լավություն անելը ինքնին վարձատրություն է՝ անկախ մարդկանց արձագանքից։

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

  • Նրանցից որի՞ հետ կուզեիր ընկերություն անել։

  • Մարդկանց հետ շփումը ո՞ւմ ավելի շատ ուրախություն կպատճառի։

  • Եթե միայնության զգացումը քեզ էլ է երբեմն տանջում, ո՞ւմ նման ես վարվում՝ Անդրեայի՞, թե՞ Բրիտնիի։

Հավանաբար ծանոթ ես Բրայենի և Բրիտնիի պես մարդկանց։ Գուցե դու էլ ես նրանց նման։ Այդ դեպքում անկասկած տեսնում ես, որ վերաբերմունքը շատ բան է փոխում կյանքում։ Կամ էլ գուցե ավելի նման ես Ալեքսին և Անդրեային։ Նկատի առնենք երեք քայլ, որ առաջարկում է Աստվածաշունչը՝ օգնելու համար քեզ, որ ավելի դրական նայես կյանքի դժվարություններին։

1 ՁԵՐԲԱԶԱՏՎԻՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՏԱՎԻՃԱԿԻՑ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24:10

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Բացասական մտավիճակը կսպառի ուժերդ, որոնք պետք են դժվարությունից դուրս գալու կամ լուծում գտնելու համար։

ՕՐԻՆԱԿ։ Ջուլիզան մռայլ մանկություն է ունեցել։ Հայրը հարբեցող էր, իսկ ընտանիքը՝ աղքատ։ Նրանք մշտական կացարան չունեին։ Սկզբում Ջուլիզան սև ակնոցով էր նայում իր կյանքին։ Բայց դա փոխվեց։ Ի՞նչն օգնեց նրան։ «Թեև ծնողներս դեռ չէին հաղթահարել իրենց խնդիրները,— ասում է Ջուլիզան,— բայց Աստվածաշնչի շնորհիվ փոխեցի մտավիճակս։ Առայսօր աստվածաշնչյան խոսքերը օգնում են, որ միտքս բացասական բաների վրա չկենտրոնացնեմ։ Ու երբ մարդիկ այնպիսի բան են անում, որ ինձ դուր չի գալիս, փորձում եմ հասկանալ, թե ինչու են այդպես վարվում»։

Աստվածաշունչը ողջամիտ սկզբունքներ պարունակող գիրք է, ինչպես որ համոզվեց Ջուլիզան։ Այնտեղ գրված խորհուրդները կարող են օգնել, որ ձերբազատվես բացասական մտավիճակից, որի պատճառը գուցե հանգամանքներն են։ Օրինակ՝ Եփեսացիներ 4:23-ում ասվում է. «Նորոգեք ձեր միտքը խթանող ուժը»։

Ինչպես երևում է այս խոսքից, մտավիճակը քարացած բան չէ։ Դու կարող ես «նորոգել» քո մտածելակերպը։ Աստվածաշնչի բնագիր տեքստում «նորոգեք» թարգմանված հունարեն բայը դրված է ներկա ժամանակով, և արտահայտում է շարունակական գործողություն, ինչն էլ ցույց է տալիս, որ սա շարունակական պրոցես է։

2 ԿԵՆՏՐՈՆԱՑԻՐ ԴՐԱԿԱՆԻ ՎՐԱ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Հարստահարվածի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15:15

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Եթե ամեն ինչին բացասական տեսանկյունից նայես, դու քեզ հարստահարված ու թշվառ կզգաս, իսկ ամեն օրդ վատ ու մռայլ կանցնի։ Սակայն եթե կենտրոնանաս դրական բաների վրա, սիրտդ ուրախ կլինի ինչպես խնջույքի մեջ։ Ուրեմն ընտրությունը քոնն է։

ՕՐԻՆԱԿ։ Յանկոն մի քանի վիրահատություն է տարել գլխուղեղի ուռուցքը հեռացնելու համար, ինչը ազդել է նրա շարժվելու և խոսելու ունակության վրա։ Յանկոն տարիներ շարունակ խոր հուսահատության մեջ է եղել, քանի որ հասկացել է, որ առողջական վիճակի պատճառով չի կարող հասնել իր նպատակներին։ Սակայն նա դուրս եկավ ընկճված վիճակից։ Ինչպե՞ս։ Նա ասում է. «Սահմանափակ կարողություններիս վրա կենտրոնանալու փոխարեն՝ սովորեցի միտքս զբաղեցնել ոգևորիչ բաներով»։

Յանկոն այդպես է անում, օրինակ, կարդալով Աստվածաշնչից մի հատված։ «Դա օգնում է ինձ դրական մտավիճակ պահպանելու,— ասում է նա։— Ես լիովին չեմ հրաժարվել իմ հեռակա նպատակներից։ Հիմա իմ առաջ փոքր նպատակներ եմ դնում, որոնց կարող եմ հասնել։ Ու երբ հուսահատեցնող մտքեր եմ ունենում, փորձում եմ դրանք վանել՝ խորհրդածելով այն բանի շուրջ, թե երջանիկ լինելու որքան շատ պատճառներ ունեմ»։

Յանկոյի պես դու էլ կարող ես ջնջել բացասական մտքերը՝ դրանց փոխարեն դրականի շուրջ մտածելով։ Եթե հանգամանքներդ հուսադրող չեն, օրինակ, գուցե Յանկոյի նման առողջական խնդիր ունես, հարցրու ինքդ քեզ. «Մի՞թե իրավիճակս անհույս է։ Մի՞թե սա վերջն է, թե՞ ժամանակավոր սահմանափակում է»։ Սովորիր վանել բացասական մտքերը՝ կենտրոնանալով դրական ու ոգևորիչ բաների վրա։

3 ԼԱՎ ԲԱՆ ԱՐԱ ՈՒՐԻՇԻ ՀԱՄԱՐ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20:35

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Սրտանց ուրիշի համար որևէ լավ բան անելը բավարարվածության խոր զգացում է պարգևում տվողին։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք ստեղծված չենք այնպես, որ միայն մեր մասին մտածենք (Փիլիպպեցիներ 2:3, 4; 1 Հովհաննես 4:11)։ Երբ զգում ես տալու բերկրանքը, դա շատ է օգնում, որ հաղթահարես քո կյանքի դառը հանգամանքները։

ՕՐԻՆԱԿ։ Ժոզուեն ողնաշարի ճեղքվածք ունի, ինչը ողնաշարային շատ լուրջ արատ է։ Նա հաճախ տանջվում է սուր ցավերից։ Սակայն Ժոզուեն կարողանում է ուրախություն ստանալ՝ օգնելով ուրիշներին։ Նա բացատրում է. ««Չեմ կարող դա անել» ասելու փոխարեն՝ ես մտածում եմ այն բաների մասին, ինչ կարող եմ անել մարդկանց առօրյա գործերում օգնելու համար։ Այդպես ես ուրիշների համար լավ բաներ անելու կերպեր եմ գտնում և լցնում եմ կյանքս փոքրիկ ուրախություններով»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Անձնազոհություն դրսևորելու առիթներ փնտրիր։ Օրինակ՝ կարո՞ղ ես համեղ բան պատրաստել քո հիվանդ հարևանի համար։ Կարո՞ղ ես օգնել քեզ ծանոթ տարեցներից մեկին տնային գործերում։

Ուշադրությամբ հետևիր քո վերաբերմունքին այնպես, ինչպես հոգ կտանեիր գեղեցիկ պարտեզի մասին։ Արմատախիլ արա հոռետեսության ու բացասական մտքերի թունավոր մոլախոտերը։ Տնկիր իսկական լավատեսության սերմեր և պարարտացրու կյանքդ դրական զգացողություն պատճառող գործերով։ Ու կհնձես այնպիսի պտուղներ, որոնք գոհունակությամբ կլցնեն կյանքդ։ Դու կհամոզվես, որ վերաբերմունքը շատ բան է փոխում։

Իրենց առողջության համար ոմանք սովորել են հրաժարվել սննդամթերքի որոշ տեսակներից. նույնը կարելի է անել բացասական մտքերի հետ